ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՎՈՐ ՆՅՈՒԹԸ «ՍԱՂԱՑՐԵՑ» ԻԲՐԵՎ ՑՈՒՑՄՈՒՆՔ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի վերլուծություններով, նախաքննական ցուցմունքներում (իր եւ մյուսների) առկա հակասությունների պարզաբանմամբ։ Ամբաստանյալն անդրադարձավ իր նկատմամբ կիրառված բռնություններին, ասելով, որ այդ բռնությունները սկսվել են 1999-ի նոյեմբերին, երբ նշանակվել է նոր վարչապետ։ Ամբաստանյալը այս դեպքում նույնպես չասաց, թե որտեղից իրեն տեղեկատվություն կամ ինքը որտեղից գիտի, որ նոյեմբերին նշանակվել է նոր վարչապետ։ Կրկին հիշեցնեմ դատաքննության անդրանիկ նիստը, երբ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցին, թե որեւէ տեղեկատվական աղբյուրից օգտվե՞լ եք եւ մինչեւ ե՞րբ, ամբաստանյալը պատասխանել էր, թե մինչեւ 2000թ. հուլիսը ինքը որեւէ տեղեկատվական միջոցից չի օգտվել։ Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքները բաժանեց երեք մասի. սկզբնական (1-ին օրերի), միջին եւ վերջին։ «Ճշմարտությանը եւ իրականությանը համապատասխանում է առաջին եւ վերջին ցուցմունքը»,- ասաց նա եւ ապա հայտնեց, որ 2000թ. մայիսի 23-24-ին ինքը կամովի հրաժարվել է «կոնկրետ անձանց վերաբերյալ ցուցմունքներ տալուց», նշելով, որ դրանք «պարտադրանքի արդյունք են»։ Նա ներկայացրեց իր եւ Ալիկ Հարությունյանի առերես հարցաքննությունը, մինչ այդ Ալիկի դեմ տրված ցուցմունքները, հայտնելով, որ դեռ 1999թ. նոյեմբերի 26-ին ինքը զինդատախազությանը եւ քննչական խմբին բացարկ է հայտնել։ Դա եղել է ժամը 10։35-ին ԱԱՆ մեկուսարանում, ուր իրեն եկել էր հարցաքննելու քննիչ Հրաչյա Այվազյանը։ Ամբաստանյալը տեղեկացրեց նաեւ, որ 10-15 րոպե է տեւել իր պաշտպան Պահլավունու հետ տեսակցելը։ «Պաշտպանն իր զբաղվածության պատճառով հեռացել է» եւ այդ ամբողջն, ըստ ամբաստանյալի, տեւել է 20-25 րոպե, այսինքն՝ ժամը 10։35- 10։55։ «Ալիկ Հարությունյանի մասին գրված ցուցմունքներից պարզ է դառնում, որ, իբր թե ես ցուցմունք եմ տվել 11։10-ին, բացարկից 10 րոպե անց՝ մոռանալով, որ բացարկ եմ հայտնել, դիմում գրել եւ ուղարկել, ցուցմունք տվել, ինչն ուղղակի անհնար էր»։ Ամբաստանյալն ասաց նաեւ, որ զինդատախազությունից հրավիրվել է Արտակ Հարությունյանը՝ քննիչի կողմից։ Ա. Հարությունյանն իր հետ բերում է փորձաքննության մի եզրակացություն, որն, ամբաստանյալի կարծիքով, ժամկետների խախտումով էր։ Այդ բացարկի հետ կապված, քննիչն ասում է, որ ամբաստանյալը գրի «բռնություն գործադրողների» անունները, որոնց մեջ երեկ ամբաստանյալը նշեց Հրաչ Այվազյանի, Սամվել Հովհաննիսյանի, Նարեկ Ամբարյանի, Խաչիկ Ղալթախչյանի անունները եւ 4-5 հոգու՝ օպերատիվ խմբի անդամների, որոնց ճանաչում է դեմքով։ Նա ասաց, որ իր եւ Ալիկի առերես հարցաքննությունը կատարվել է նոյեմբերի 26-ի լույս 27-ի ողջ գիշերը։ Իսկ ընդհանրապես, մի ուշագրավ դրվագ ներկայացրեց ամբաստանյալը, իբրեւ ինքը իր բացարկի դիմումի (կիսատ կորած) պատառիկը փոքրիկ գնդիկ էր արել եւ հասցրել պահել սենյակում, մետաղյա պահարանի ոտքի տակ, հետագայում՝ 2000թ. մայիսի 23-ին Ալիկ Հարությունյանի հետ առերես հարցաքննության օրը նրան փոխանցելու համար… Իր ասելով ցույց է տվել, որ կերել է, սակայն չի կերել, թաքցրել է (չասաց՝ եթե ցույց է տվել ինչ-որ մեկին, ապա սենյակում միայնակ չի եղել, իսկ եթե մենակ է եղել, ապա ինչպե՞ս- Ռ. Մ.)։ Խոսելով բռնությունների մասին, շեշտեց, որ բռնության են ենթարկվել Էդիկը, Կարենը, Վռամը, Դերենիկը, Աշոտը, Համլետը, ինչպես նաեւ այդ ժամանակ կալանքի տակ պահվող Ալիկ Հարությունյանը, Հարութ Հարությունյանը, Մուշեղ Մովսիսյանը, Նաիրի Բադալյանը։ Տեղեկատվական աղբյուրն այս անգամ այլ էր. թիվ 1 մեկուսարանի օպերատիվ աշխատողներ, քննիչներ։ Նա դժգոհեց, որ իր տված ցուցմունքները չեն ստուգվել, չեն համադրվել «բռնության ենթարկված այլ անձանց ցուցմունքների հետ»։ Նա վկայակոչեց Ալիկ Հարությունյանի այն ցուցմունքը, ըստ որի, իր հետ առերես հարցաքննության ժամանակ Ալիկը տեսել է իրեն՝ բռնության ակնհայտ հետքերով։ Ամբաստանյալը պնդեց բռնությունների վերաբերյալ իր նախաքննական ցուցմունքները եւ ժ. 16.55-ին հայտարարեց, որ ավարտեց իր ցուցմունքները։ Նա դատարանին տեղյակ պահեց, որ ունի «250 էջանոց փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից կատարած կոնկրետ խախտումներին եւ վտանգներին»։ Մեղադրող Արմեն Հարությունյանն առարկեց գրավոր այս փաստաթղթի հրապարակմանը՝ հարցը դնելով այսպես. որ հրապարակվել է դատաքննության ընթացքում ամբաստանյալի «ազատ շարադրանքը» (200 էջից բաղկացած) եւ, որ դրա որոշ մտքեր կրկնվեցին նաեւ ցուցմունքների ժամանակ։ «Եթե տարբերություն կա, թող այդ տարբերությունը ներկայացնի»։ Ամբաստանյալն ասաց. «Այստեղ բացակայում է այն, ինչ կար այնտեղ»։ Վ. Սարգսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը գտնում էր, որ պետք է հետաձգել միջնորդությունը, քանի որ իրենք չեն հասել գրավոր նյութերն ընդունելու, քննության առնելու փուլին։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ուզում էր, որ ամբաստանյալը հստակեցնի իր ասածը. ցուցմունքների մասով ասի, այն ավարտել է, թե ոչ, ի դեպ, նկատելով նաեւ, որ ցանկացած գրավոր նյութ որակելով «ցուցմունք»՝ ստիպված են իրենք լսել։ Միայն Ստեփան Զորյան արձակագիրը չէր խառնված «Հոկտեմբերի 27»-ի գործին, նրան էլ խառնեցին, երբ փաստաբան Ա. Սարգսյանն ասաց. «Պապ թագավորն» էլ եթե ամբաստանյալը ներկայացնի, որպես ցուցմունք, պիտի լսենք»։ Կարճ ընդմիջում տրվեց։ Սակայն հասկանալի եղավ մի բան, որ այդ 250 էջանոց գրավոր նյութը ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին ուղղված ամբաստանյալի նամակն է, որը «սաղացվեց» որպես ցուցմունք։ Եվ դա եթե ցուցմունք է եղել, ըստ էության, ապա տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ենք ունեցել մի 3-րդ նախաքննական մարմնի գործունեության հետ, որին ցուցմունք է տվել ամբաստանյալը։ Եվ այդ մարմինը նախագահին առընթեր է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ