Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բաժնետեր դարձած 150 հազար քաղաքացի կա։ Այդ «զանգվածը» բացարձակապես անպաշտպան էր, որեւէ տ

Մայիս 24,2001 00:00

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ Հայաստանում բաժնետեր դարձած 150 հազար քաղաքացի կա։ Այդ «զանգվածը» բացարձակապես անպաշտպան էր, որեւէ տեղեկատվություն չէր ստանում իր ընկերության մասին, չէր մասնակցում անգամ խոշոր գործարքներին։ Այս տեղեկությունները երեկվա իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը։ Իսկ բաժնետիրական ընկերությունները, չնայած բողոքում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքից, նշելով, թե հայկական իրականության մեջ այն չի կարող գործել ու կապիտալի շուկայի զարգացման հիմք դառնալ, այնուամենայնիվ, մոռանում են, որ օրենսդրական մի շարք պահանջներ, որոնք այդքան սահուն կերպով խախտվում են իրենց կողմից, ոչ միայն այս օրենքի դրույթներն են։ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Տիգրան Կարապետյանի տեղեկություններով, հայաստանյան 1350 ԲԲԸ-ների 49,3%-ն իր բաժնետերերին որեւէ ինֆորմացիա չի տրամադրել, 84%-ը աուդիտ չի անցկացրել իր ընկերությունում, 82%-ը չի հրապարակել ֆինանսական հաշվետվությունները («մնացած 18%-ն էլ երեւի բանկերն են»,- նկատեց Էդ. Մուրադյանը), 30%-ում ընդհանրապես ժողովներ չեն անցկացվել եւ այլն։ Այնինչ, սրանց կատարումը նախատեսված է նախ եւ առաջ «Բաժնետիրական ընկեությունների մասին» օրենքով։ Իսկ ԲԲԸ-ների դժգոհության առիթն, իհարկե, գործունեության հրապարակային եւ թափանցիկ լինելու վերաբերյալ պահանջն է։ Թե չէ՝ Հայաստանում միայն մեկ ԲԲԸ կա, որ իր բաժնետերերին դիվիդենտ է վճարում։ Բայց ասուլիսի թեման հանձնաժողովի 2000թ. տարեկան հաշվետվությունն էր։ Արժեթղթերի հանձնաժողովն անցած տարի, ինչպես հայտնի է, գործել է ընդամենը 4 ամիս՝ օգոստոսից, որի ընթացքում լուծել է մի շարք կազմակերպչական խնդիրներ, բացել ինտերնետային էջ, որի միջոցով, ըստ Էդ. Մուրադյանի, բազմակողմանիորեն լուսաբանվելու է հանձնաժողովի աշխատանքը, մշակել-ընդունել է մի շարք նորմատիվային ակտեր եւ աշխատել Արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ։ Սա ենթադրում է ԲԲԸ-ների ներգրավումը կապիտալի շուկա, ինչին ընդդիմանում են ընկերությունները՝ օրենքը քննադատելով կամ հանձնաժողովի ու բորսայի պատասխանատուներից դժգոհելով, երբեմն, անգամ պատգամավորների միջոցով (չմոռանանք, որ նրանցից շատերը գործարարներ են- Ա. Ֆ.)։ Բայց՝ «մեռնեմ օրենքին»… ու արդեն ընթանում է 160 ընկերությունների գրանցումը։ Ընտրվել են այն ԲԲԸ-ները, որոնց ակտիվները 50 մլն դրամից ավելին են (տվյալները վերցվել են նաեւ ՊԵՆ-ից) եւ որտեղ առավել մեծ է բաժնետերերի թիվը։ «160-ի նկատմամբ բացատրական աշխատանքն ավարտվել է, անցնում ենք վարչական փուլին. հայտարարագիր չներկայացրած ընկերություններին նախազգուշացնում ենք (լսումների արդյունքում նրանց եւս 30 օր ժամանակ տրամադրվեց), որից հետո տուգանքներ կկիրառենք»,- ասաց պարոն Մուրադյանն, ավելացնելով, որ դրանք բավականին բարձր են։ Ֆոնդային բորսա գրանցման հայտարարագիր է ներկայացրել շուրջ 30 ընկերություն, հանձնաժողով՝ 20։ Իսկ հարցին, թե «արդյո՞ք տույժ ու տուգանքներից բացի, այլ լծակներ չկան ընկերությունների ներգրավման հարցում», Էդվարդ Մուրադյանը պատասխանեց, որ «օրենքը խնդիր չի դնում դաժանությամբ զբաղվել, այլ ձեւավորել կապիտալի շուկան»։ Դառնալով շուկայի անցած տարվա վիճակին, հանձնաժողովի նախագահը նկատեց, որ «թվերը բավականին փոքր են թե՛ գործարքների թվի, թե՛ ծավալի առումով, ինչը վկայում է, որ մեր շուկայում իրացվելիությունը դեռեւս խնդիր է. ուղղակի եղել են առանձին, լոկալ գործարքներ»։ Կապիտալի շուկայի զարգացման դանդաղ տեմպերը Էդ. Մուրադյանը բացատրում է տնտեսական իրավիճակով, իսկ Արժեթղթերի տեսչությունը բավարար լծակներ չի ունեցել ներդրողների շահերը պաշտպանելու համար։ Չնայած կապիտալի շուկայի համար տարեկան 3,7 մլրդ դրամի գործարքի չափը չնչին է, բայց նախորդ՝ 1999թ. համեմատ այն աճել է։ Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչին է վերագրվում աճը, Տիգրան Կարապետյանը նշեց, որ դա պայմանավորված է մի քանի խոշոր գործարքներով։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Էդ. Մուրադյանը նշեց, որ Հայաստանին նվիրված Նյու Յորքի գործարար համաժողովի ընթացքում սփյուռքահայերը շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի արժեթղթերի շուկայի նկատմամբ. «Նրանք ուզում են իմանալ, թե արդյոք կարո՞ղ են ներդրում անել, չգտնվելով Հայաստանում։ Այլ հարց է, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանի արժեթղթերի շուկան»։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել