ՀՐԱՎԵՐ ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ Մայիսի 3-ին «Առավոտին» տված հարցազրույցի պատճառով զինդատախազությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին։ Այս առիթով պրն Դալլաքյանն ասաց. «Առաջարկ եղավ նաեւ, որ հարցաքննությունը կարող է կատարվել նաեւ ԱԺ-ում, բայց, քանի որ ես օրինապահ մարդ եմ, ինքս այցելեցի զինվորական դատախազություն եւ տվեցի երկու պարզաբանում։ Առաջինը՝ Սահմանադրության 24 հոդվածի համապատասխան, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու եւ պնդելու իրավունք, եւ ես օգտվել եմ սահմանադրական այդ իրավունքից։ Եվ երկրորդ՝ իմ դիտարկումները, կապված Նաիրի Հունանյանի վարքագծի եւ գործողությունների հետ հիմնվում են իմ անձնական դիտարկումների վրա եւ նրա վրա, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի դահլիճում ես մեկուկես ժամ զրուցել եմ ահաբեկիչներից մեկի՝ Վռամ Գալստյանի հետ։ Նրա պատմածները եւ դատավարության դահլիճ իմ բազմաթիվ այցելությունները հիմք տալիս են «Առավոտ» թերթում հրապարակված ենթադրությունների համար»։ Հարցաքննությունը տեւել է 15-20 րոպե։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ հարցազրույցում պարոն Դալլաքյանը կարծիք էր հայտնել Նաիրի Հունանյանի հնարավոր «ուսուցիչների» եւ խորհրդատուների մասին։