Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի համատեղ հայտարարությունը եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծ

Մայիս 24,2001 00:00

Ինչո՞ւ էին աղմկում, եթե կողմ էին քվեարկելու ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի համատեղ հայտարարությունը եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին վերջիններիս առաջարկը որոշ քաղաքական ուժերի կողմից սվիններով ընդունվեց։ Բայց որքան էլ տարօրինակ է, այդ նույն քաղաքական ուժերն ԱԺ արտահերթ նիստում ընդունեցին առաջարկը, եւ խորհրդարանը 89 կողմով որոշում կայացրեց «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ապա նաեւ՝ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Այսպիսի որոշմանը կողմ քվեարկողներից յուրաքանչյուրն իր հաշվարկներն ունի, յուրաքանչյուրն իր խաղն է խաղում, կամ՝ ուրիշի սրինգի տակ է պարում։ Եթե ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի պարագայում հարցն ավելի քան հասկանալի է, եւ այս ուժերը չէ, որ պետք է «Հոկտեմբերի 27»-ի հաշվին դիվիդենտ շահեն, ապա մյուս քաղաքական ուժերի պարագան մի փոքր այլ է։ Հանձնաժողովի կազմում 12 պատգամավոր պետք է ընդգրկված լինի, որոշման համաձայն՝ երեք պատգամավոր պետք է առաջարկի «Միասնությունը» եւ մեկական՝ մյուս խմբերը, խմբակցությունները եւ անկախ պատգամավորները։ Վերջիններիցս ընտրվեց Գագիկ Կոստանդյանը՝ էլեկտրոնային քվեարկության արդյունքում։ Ըստ էության, հանձնաժողով ստեղծել-չստեղծելու շուրջ աղմուկն այլեւս երկրորդական է։ Ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք՝ ովքեր կընդգրկվեն հանձնաժողովի կազմում։ Անդամների կազմից պարզ կլինի՝ հանձնաժողովը կաշխատի՞ ինչպես որ հարկն է, կիրականացնի՞ այն նպատակները, որի համար ստեղծվել է, թե՞ կվարկաբեկվի։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, թե ո՞վ է լինելու հանձնաժողովի նախագահը։ Առայժմ անուններ չտանք, բայց ընդունենք՝ հանձնաժողովի անդամ է դառնում մեկը, որը հենց միայն իր ներկայությամբ «կփչացնի» հանձնաժողովը։ Վաղաժամ ենթադրություններ չանենք, կապրենք մինչեւ երեքշաբթի։ Ըստ ամենայնի, հանձնաժողովի անդամների կազմն այդ օրը հայտնի կդառնա։ Առայժմ, ըստ չճշտված աղբյուրների՝ պարզ է, որ ՀՅԴ-ն առաջադրելու է Կիմ Բալայանի թեկնածությունը։ Ի դեպ, բառացիորեն մեկ օր առաջ Կիմ Բալայանը մամուլում հանդես էր եկել հարցազրույցով, որում առանձնապես չէր ողջունում հանձնաժողովի ստեղծման գաղափարը։ Պրն Բալայանը չի թաքցնում, որ իր համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է հանձնաժողովն աշխատելու։ Նա նույնիսկ հարցնում է՝ «Ի՞նչ է, ենթադրությունների հիման վրա հանձնաժողո՞վ ենք ստեղծում»։ Ուրեմն, եթե մեր տեղեկությունը ճիշտ է, ինչպե՞ս է Կիմ Բալայանն աշխատելու մի հանձնաժողովում, որի ստեղծմանն ինքը դեմ է։ Ընդհանրապես, մեր խորհրդարանի համար էկզոտիկ երեւույթները բացառություն չեն, բայց կան մի քանի հատուկ անուններ, որոնց դեպքում էկզոտիկ բնորոշումը շատ մեղմ է հնչում։ Բայցեւայնպես, ընդունենք, ասենք «Կայունությունից» կամ «Ժողովրդական պատգամավոր» խմբից հանձնաժողովի անդամ են դառնում մարդիկ, ովքեր դեռեւս նույնիսկ պատգամավոր չեն դարձել։ Ի՞նչ է լինելու հանձնաժողովի վերջը։ Ամփոփելով, ասենք, որ երեկ շատ հետաքրքիր ներկայացում տեղի ունեցավ։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները միաձայն պնդեցին, թե կողմ են հանձնաժողովի ստեղծմանը, հարցին փորձ արեցին մոտենալ իրավական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ ներկա էինք հոկտեմբերի 27-ին սկսված եւ դեռեւս չավարտված մի խաղի, որի ավարտը դժվար է գուշակել։ Որքան էլ ոմանք պնդում էին, թե ինչպես Ղարաբաղի հարցում խորհրդարանը միասնական գտնվեց, այնպես էլ միասնական պիտի գտնվի «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման հարցում, այնուամենայնիվ, չէին համոզում։ Հանձնաժողովի ստեղծումը դեռ սկիզբը չէ, սկիզբը կլինի այն ժամանակ, երբ ստեղծվի ոչ թե խամաճիկների, այլ՝ լուրջ եւ ինքնուրույն հանձնաժողով։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել