Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Մայիս 24,2001 00:00

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՍՐԲԱՆԱԼ «Հոկտեմբերի 27»-ը կրկին մտավ խորհրդարան։ Առաջին երկու դեպքում հարցը ներկայացնում էր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ի դեպ, երկրորդ անգամ՝ անհաջող, քանի որ երկրի նախագահը պարզապես արգելեց զինդատախազին՝ որեւէ բան ասել։ Երեկ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի առաջարկով տեղի ունեցավ արտահերթ նիստ եւ խորհրդարանը կրկին խոսեց «Հոկտեմբերի 27»-ի մասին։ Պարզապես անդրադառնանք հնչած որոշ ելույթների։ Գալուստ Սահակյան («Միասնություն» խմբակցության ղեկավար). «Ո՞ւմ հաշվին ենք ուզում սրբանալ մենք, կենդանիներս, ապրողներս, կիսատ-պռատ։ Չենք կարողանում էս օրերի ընթացքում մեզ համար պարզ դարձնել՝ մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք ժողովրդին ասել, որ մե՞նք էլ ինչ-որ մի բանով կարող ենք զբաղվել։ Ե՞րբ է եղել, որ հարցադրում է եղել խորհրդարանում, որ պետք է գնալ մեկուսարան, պետք է ՆԳ նախարար կանչել, ԱԱ նախարար կանչել, մի անգամ մենք գնայինք-գայինք։ Այս հարցադրումներն ինչո՞ւ չէին լինում։ Պարույր Հայրիկյանը կարողանում էր, մենք չէի՞նք կարողանում, նրան թողնում էին, մենք չէի՞նք կարողանում գնալ»։ Պրն Սահակյանը գտնում է, որ «անբարոյականությունն այն կլինի, որ մեզանից մեկը մտնի եւ Նաիրի Հունանյանի հետ խոսի անգամ եւ չսատկացնի»։ Այս միտքը հակադարձեց «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ Ղուկաս Ուլիխանյանը՝ ասելով. «Մի վախեցեք, մենք էդքան կամքի ուժ ունենք, որ չսատկացնենք»։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի ելույթում ընդհանուր գծերով զուգահեռներ անցկացվեց «Հոկտեմբերի 27»-ից հետո մեր հասարակության թույլ տված հաջորդ սխալի՝ «Մարտի 22»-ի մասին. «Հոկտեմբերի 27»-ի գործի վերահսկողությունը նախաքննության ընթացքում կասեցնելը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտում ստեղծվեց նմանատիպ մեկ այլ գործ, որի ներկայիս եւ հետագա ազդեցությունը հատկապես ղարաբաղյան խնդրի միջազգային քննարկման հարցում կարող է շատ ճակատագրական նշանակություն ունենալ։ Եվ ո՞րն է պատճառը, որ գործադիր իշխանությունը մնացել է, այո, առանց վերահսկողության ԱԺ-ի կողմից»։ Հրանտ Խաչատրյանը հանձնաժողովի ստեղծումը դիտեց որպես «ահավոր, ցավալի» այն տրամաբանության կոտրում, ըստ որի ԱԺ-ն իրավունք չունի վերահսկել նախաքննական եւ դատաքննական գործընթացները։ Պատգամավոր Համլետ Հարությունյանի հարցադրումը խիստ ազդեցիկ էր. բոլոր նրանք, ովքեր այդ օրը դահլիճում էին, եւ իրենց վրա զգացին մահվան սարսափը, բայց ողջ մնացին, ամբողջ կյանքի ընթացքում պետք է փնտրեն այն մարդուն, որը փորձ է արել սպանել իրենց. «Այսօր ողջունելի է, որ, ի վերջո, իմանանք, թե ովքեր են կրակել մեզ վրա եւ ովքեր են կանգնած եղել նրանց թիկունքում»։ Խմբակցությունների ղեկավարներից ե՛ւ Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) եւ Վազգեն Մանուկյանը (ԱԺՄ) ասացին, որ իրենք դեռեւս հոկտեմբերի 27-ից հետո էին առաջարկել ստեղծել նման հանձնաժողով։ Վազգեն Մանուկյանը մասնավորապես ասաց. «Ասվում էր մի բան, ոչ իրավական բան՝ մենք հավատում ենք Ջհանգիրյանին։ Ինչո՞ւ։ Այն, որ ես 95 թվականից հետո Ջհանգիրյանին բացարձակապես չեմ հավատում, դա իմ անձնական գործը գուցե կարող է լինել։ Բայց ո՞նց կարող է պետական գործը դրված լինել այդպիսի հարթության վրա՝ մենք այս մարդուն հավատում ենք։ Հետո էլ ասում են՝ չէ, վա՜յ, ծախվեց։ Հանձնաժողովը պետք է ստեղծվեր հենց առաջին օրվանից, մենք միշտ կողմ ենք հանձնաժողովների ստեղծմանը, որ ամեն ինչ Հայաստանում տեղի ունենա թափանցիկ, ԱԺ-ն միշտ տեղյակ լինի ամեն ինչի մասին»։ Ըստ Վազգեն Մանուկյանի, անվստահության մթնոլորտը հանրապետությունում ստեղծվում է մի քանի անբան քաղաքական գործիչների կողմից։ Վազգեն Մանուկյանի կարծիքով, հանձնաժողովը, բացի տեխնիկական երկու-երեք թերություններից, ուրիշ ոչինչ չի կարող հայտնաբերել, բայց քանի որ հարց կա, բոլորը մտահոգված են, ոմանց մոտ կասկածներ կան։ Իհարկե, պետք է հանձնաժողովը ստեղծել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը եւս վերհիշեց, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո, երբ դրվում էր խնդիրը հանձնաժողով ստեղծելու, «նույն ուժերը բոլորովին այլ երգ էին երգում»։ Այժմ ՀՅԴ-ն որեւէ խնդիր չունի. «Թեեւ գտնում է, որ այն հարցերը, որոնք դրվում են հանձնաժողովի առջեւ, դատարանում հնարավոր էր միջնորդությունների միջոցով հիմնականում լուծել։ Բայց, իսկապես կա վստահության ճգնաժամ։ Քաղաքական մեծամասնությունը եթե ունի անվստահության խնդիր, բազմաթիվ ձեւեր ունի այդ հարցերը լուծելու։ Հանձնաժողով ստեղծելով, դուք (նկատի ունի քաղաքական մեծամասնությունը- Մ. Ե.), ընտրել եք ամենամեղմ տարբերակը։ Մենք հարց չունենք, մենք կմիանանք հանձնաժողովի ստեղծմանը, կլինենք ամենաբարեխիղճ անդամներից մեկը եւ պատրաստ ենք աջակցել ամեն ինչով»։ Պրն Վարդանյանը ողբերգությունը սեփականաշնորհելն առնվազն անբարոյականություն համարեց։ Ինչի հետ իր ելույթում համաձայնեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Մյասնիկ Մալխասյանը («Հայաստան» խմբ.), հայտարարությունից հետո բարձրացված հիստերիայի մասին խոսելով, ասաց, որ այն ինքնին հաստատեց ու համոզեց, որ հայտարարությունը ճիշտ նշանակետին է հարվածել։ Պրն Մալխասյանն առաջարկեց անկեղծ լինել միմյանց նկատմամբ եւ հետամուտ լինել, որ բացահայտվի «Հոկտեմբերի 27»-ը. «Տարբեր երկրներից նամակներ ու բաներ են պատրաստում, թե իբր մահապատժի չպիտի ենթարկել։ Պիտի ենթարկվեն մահապատժի եւ հասարակության աչքի առջեւ պիտի ենթարկվեն»։ Այս ամբողջ պատմության մեջ ամենաուշագրավը ՀՀԿ-ի պահվածքն էր։ Թեեւ վարչապետը թերահավատ էր, թե ՀՀԿ-ն կկարողանա համոզել հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց եւ այնպես, կողմ քվեարկեց հանձնաժողովի ստեղծմանը։ Տիգրան Թորոսյանը կոչ արեց զերծ մնալ շահարկումներից եւ ավելորդ հուզական բառերից եւ աշխատել, որ «այն, ինչ մենք անում ենք, առավելապես օգտակար լինի գործի լիակատար բացահայտմանը եւ մեղավորների լիարժեք պատժմանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել