Լրահոս
Օրվա լրահոսը

Սրա

Մայիս 24,2001 00:00

«ՓԱԹԵԹԱՅԻՆԻՆ» ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՔՆՆԱՐԿԵԼ ՆԱԵՎ «ՓՈՒԼԱՅԻՆԸ» Սրա անհրաժեշտության մասին պնդում է «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը։ Որքան հասկացանք, միջազգային հանրությունը հանգել է այն տեսակետին, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում մարդիկ դրան պատրաստ չեն։ Նրանք կարծում են, թե իրենցից մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Ասել է թե, հայերի եւ ադրբեջանցիների գիտակցության մեջ այս իմաստով դեռ պետք է արմատական փոփոխություններ լինեն, բայց կլինե՞ն եւ, ընդհանրապես, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։ Իհարկե, իրականում խնդրի լուծման խոչընդոտը ժողովուրդները չեն, որոնք, հաստատ, ավելի խաղաղասեր են, քան իրենց երկրների նախագահները՝ առավել եւս, որ լուծման տարբերակների մանրամասներին էլ տեղյակ չեն։ Լուծմանը, մեր կարծիքով, պատրաստ չեն հենց երկու՝ իսկ ավելի շատ Հայաստանի, նախագահները։ Աջ ազատական ուժերի ներկայացուցիչների, կամ, այսպես կոչված, «նախկինների» տեսանկյունից հարցի լուծման հերթական հետաձգումը վտանգավոր է նախեւառաջ Հայաստանի համար։ Նրանց տեսակետն այս իմաստով մնում է նույնը՝ լուծման ձգձգման դեպքում ժամանակն աշխատելու է ի վնաս Հայաստանի։ ԼՂ կարգավորման հնարավոր տարբերակներն ու ստեղծված իրավիճակը դարձյալ քննարկման առարկա դարձան Աջ ուժերի միությունում։ «Փուլային» տարբերակի ջատագովները շարունակում են մնալ այն կարծիքին, որ հարցի «Փաթեթային» տարբերակի քննարկմանը զուգահեռ հարկավոր է սկսել «Փուլայինի» քննարկումը, եւ, որ ոչ պակաս կարեւոր է, ԼՂՀ-ին ներգրավել բանակցային գործընթացի մեջ։ «Անցյալ երեք տարվա փորձը ցույց տվեց, որ դրանից լավ տարբերակ չկա»։ Դրան վերադառնալու անհրաժեշտությունը բացատրվեց նաեւ այսօր բանակցությունների սեղանին դրված տարբերակի սնանկությամբ եւ Հայաստանի ինքնիշխանությունն իր իսկ տարածքների նկատմամբ սահմանափակելու վերահաս վտանգը չեզոքացնելով։ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ խնդրի «Փաթեթային» լուծումն, իհարկե, իդեալական տարբերակ է, բայց դրա իրագործումը գործնականում գրեթե անհնար է։ Ըստ նրա, «Փաթեթային» տարբերակը որքան անիրագործելի, նույնքան հղի է հարցը չլուծելու, ուստի եւ պատերազմի վերսկսման վտանգով։ «Այդ դեպքում Հայաստանին իրադարձությունների զարգացման երկու հնարավոր հեռանկար է սպասվում՝ պատերազմը կնախորդի՞, թե՞ կհաջորդի համաձայնագրի կնքմանը։ «Փաթեթային» լուծում, նշանակում է հարցը կարգավորել Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարթությունում, ինչը հղի է նաեւ Հայաստանին ագրեսոր ճանաչելու հեռանկարով»։ Դ.Շահնազարյանը կոչ արեց իր համախոհներին միասնական ճակատով ակտիվ գործունեություն ծավալել եւ հրապարակայնորեն հայտարարել ու պաշտպանել սեփական տեսակետը։ Արա Սահակյանն էլ ընդգծեց, թե 98-ի փետրվարից հետո Հայաստանը շեղվել է ԼՂ ինքնորոշման իրավունքը ապահովողի եւ պաշտպանողի ուղեգծից, որին անհրաժեշտ է վերադառնալ ավելի մեծ կորուստներ չունենալու եւ ավելի վատթար զիջումների չգնալու համար։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր կատարել՝ նախ պետք է նոր եւ լեգիտիմ իշխանություններ ընտրել։ Երկրորդ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ներդաշնակորեն նվազեցնեն իրենց ռազմական պոտենցիալը՝ նոր պատերազմը բացառելու համար։ Երրորդ, հաշտությանն ուղղված քայլերը պետք է աստիճանաբար լինեն, իսկ խնդրի կարգավորմանը՝ մասնակից լինեն տարածաշրջանի եւ շահագրգիռ բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանն ու Ռուսաստանը։ Իբրեւ կարգավորման պարտադիր երաշխիք, պարոն Սահակյանը նշեց նաեւ միջնորդ երկրների միջեւ տարաձայնությունների հաղթահարումը։ Նա նշեց եւս մեկ պայման, որը հակամարտության լուծման երկարատեւության երաշխիք կլինի. բանակցություններում ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի՝ իբրեւ առանձին քաղաքական միավորի, դերը։ Ընդհանուր առմամբ աջերի տրամադրվածությունն այսպիսին էր. ներկայիս իշխանությունները 98-ին Ղարաբաղի հարցի լուծման պատրվակով եւ «Փուլային» տարբերակի մերժմամբ իշխանության գալով, ըստ էության, ոչ միայն հարցը չեն լուծել եւ չեն ուզում լուծել, այլեւ ի վիճակի չեն իրենց սխալն ընդունել եւ շտկել, որովհետեւ վերադառնալ խնդրի լուծման միակ ճիշտ եւ իրագործելի տարբերակին՝ «Փուլայինին», նրանց համար նույն է, թե ինքնասպան լինել։ Ու քանի որ այլ լուծում այսօր չկա, նրանք փորձում են հետաձգել հարցի քննարկումն ու երկարաձգել իրենց իշխանությունը։ Դ.Շահնազարյանը եւս մեկ անգամ ընդգծեց, թե Ռ.Քոչարյանի հույսը Ալիեւի տարիքն ու առողջությունն է, որը կարող է Ադրբեջանում արտահերթ ընտրությունների՝ հետեւաբար նաեւ հարցի երկարաժամկետ հետաձգման պատճառ դառնալ։ Ինչ վերաբերում է Արեւմուտքի ծրագրերին, ապա, ըստ պարոն Շահնազարյանի, միջնորդ երկրների միջեւ տարաձայնությունների առկայությունն ակնհայտ է եւ դա է Ժնեւի հետաձգման հիմնական պատճառը։ Սա նշանակում է, որ ղարաբաղյան կնճռի կարգավորմանն ու դրա շուրջ բանակցություններին հնարավոր կլինի անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ միջնորդ երկրները կամ այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ռուսաստանը կհստակեցնեն իրենց դերի ու տեղի մասնաբաժինը մեր տարածաշրջանում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել