Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԷՐ

Մայիս 23,2001 00:00

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԷՐ Երեկ Խանջյանի անվան դպրոցում սկսվեցին մասնավոր բուհերի ավարտական քննությունները։ Քննություն էին հանձնում «Հրաչյա Աճառյան» եւ «Գլաձոր» համալսարանների ուսանողները։ Առաջինները քննություն էին հանձնում լրագրություն, լոգոպեդիա եւ մանկավարժություն առարկաներից, իսկ «Գլաձորի» ուսանողները դիպլոմի պաշտպանության էին ներկայացել։ Քննությունները սկսվեցին կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի բարեմաղթանքներից հետո։ Դիտորդի կարգավիճակով մասնակցեցինք լրագրության քննությանը։ Ուսանողներին նախապատրաստվելու համար տրվեց ժամանակ, այնուհետեւ, քանի որ նրանք պատասխանելուն պատրաստ չէին, լրացուցիչ ժամանակ տրվեց։ Սկզբից ստեղծվեց այնպիսի կարծիք, որ շրջանավարտները պատրաստ չէին պետական քննությանը։ Սակայն, ինչպես հետո պարզվեց, խնդիրն այլ էր։ Ուսանողներից մեկն ասաց, որ կարող է պատասխանել տոմսի 3 հարցերից միայն մեկին, քանի որ մյուս երկու հարցերը իրենց հարցաշարերից չեն։ Քննող հանձնաժողովը ստուգեց տոմսերը եւ պարզվեց, որ հարցաշարի կեսը փոխված է։ Ինչպես հետո պարզվեց, հարցաշարը փոխել էին քննությունից երկու օր առաջ եւ դրա մասին իբր թե հասցրել էին տեղեկացնել բուհերի մի մասին։ Արդյո՞ք տեղեկացված բուհերը երկու օրվա ընթացքում կհասցնեին հարմարվել ԿԳ նախարարության սարքած շիլաշփոթին։ Ի դեպ, նոր հարցերը, ինչպես նշեց «Հ. Աճառյան» համալսարանի լրագրության ֆակուլտետի դեկանը, ոչ մի կապ չունեին լրագրության հետ։ Դրանք ավելի շուտ պատմությանն էին առնչվում։ Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Երիցյանը ասաց, որ հարցերը իրենք կազմել էին բուհերի հետ համատեղ։ Սակայն Ս. Երիցյանը չկարողացավ պատասխանել, թե ինչո՞ւ է հարցաշարը փոխվել եւ ինչո՞ւ են իրենք ներառել պատմությանն առնչվող հարցեր։ Ս. Երիցյանի առաջարկությամբ քննությունը պետք է ընթանար հետեւյալ կերպ. ուսանողին նախորդ հարցաշարի հարցերով էին քննելու։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել