ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՊԵՏՔ Արդեն մոտ երեք տարի Հայաստանի պետական բուհերը ազատվել են ավելացած արժեքի հարկից, ինչի փոխարեն ռեկտորատները մասնավորապես պարտավորվել են վճարովի համակարգից ստացած հասույթի 7-8%-ը տրամադրել ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը։ Համահայկական երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) վերջերս կայացած նիստի ժամանակ նշվեց, որ մի շարք ուսհաստատություններում այս մեխանիզմը գործում է անբավարար։ Ավելի պարզ ասած՝ ուսանողների համար նախատեսված գումարները ծախսվում են շինարարական կամ այլ նպատակներով։ ՀԵՀ-ի նախագահ, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Վահրամ Բարսեղյանը նշեց, որ իրավիճակը անմխիթար է գրեթե բոլոր բուհերում՝ բացառությամբ չորս «օրինակելի» բուհերի՝ ԵՊՀ-ի, ԵՃՇՀ-ի, ԵԲՀ-ի եւ տնտեսագիտական համալսարանի։ Ըստ սահմանված կարգի՝ յուրաքանչյուր հաստատությունում գործում են սոցիալական հանձնաժողովներ, որոնք բաղկացած են բուհի ադմինիստրացիայի եւ ուսխորհրդի անդամներից։ Հենց այդ հանձնաժողովներն են որոշում՝ ուր ուղղել փողը։ Հիմնականում սոցիալական աջակցությունն իրականացվում է վճարովի համակարգում սովորող անապահով ուսանողների ուսվարձը զեղչելու միջոցով։ Այսինքն տեղի է ունենում ուսվարձի բեռի վերաբաշխում։ «Ես հասկանում եմ, որ սա իդեալական տարբերակ չէ, բայց, այնուամենայնիվ, այսպես հնարավորություն է ընձեռվում վճարովի համակարգի յուրաքանչյուր 5-րդ ուսանողին զեղչ տրամադրել»,- փաստում է պրն Բարսեղյաը։ ՀԵՀ-ի խորհուրդը սոցիալական հարցերի լուծման առումով դժգոհում է մանկավարժական, օտար լեզուների ինստիտուտներից եւ կոնսերվատորիայից։ «Ես ուզում եմ իմ քննադատությունն ուղղել հատկապես նշված բուհերի ուսանողությանը, որն իր պասիվությամբ նպաստում է, որ սոցիալական աջակցության հարցերը մղվեն հետին պլան»,- ասում է ՀԵՀ-ի նախագահը։ Ակտիվանալ իսկապես արժե, քանի որ խոսքը գնում է բավականին մեծ գումարների մասին (մոտ 100 հազար դոլարից ավելի), ինչը իսկապես կարող է նպաստել, որ համարյա ոչ մի ուսանող դուրս չմնա բուհից վարձ չվճարելու պատճառով։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ