ՕՐԵՆՔԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 61-ամյա Արամայիս Մանասյանը հիվանդ կնոջ կյանքը փրկելու համար (որի համար գումար է պետք) ցանկանում էր բնակարանը վաճառել, բայց դա, ինչպես պարզվում է, այնքան էլ հեշտ բան չէ։ Ա. Մանասյանի կինը՝ Քրիստ Հայրապետյանը, շուրջ 10 տարի է տառապում է շաքարախտով։ «Վերջին տարին կինս սրսկվում է երկու տեսակի ինսուլին։ Օրը 4 անգամ։ Ամիսը՝ 120 ասեղ։ Դեղորայքի արժեքը կազմում է 15 հազար դրամ, որից միայն ինսուլինի էժան տեսակն է անվճար։ Կինս թոշակառու է՝ ստանում է 4200 դրամ։ Ես 61 տարեկան եմ եւ գործազուրկ»,- այսպես սկսեց իր պատմությունը պրն Մանասյանը, իր հոգսն ավելի պատկերավոր դարձնելու եւ վիճակի ծանրությունն ընդգծելու համար։ Կնոջը բուժելու համար, երբ քաղաքացի Մանասյանը ցանկացել է բնակարանը վաճառել, դեմ է առել մի մեծ արգելքի՝ պարզվել է, որ ինքը չի կարող վաճառել, քանի դեռ աղջիկը (որը 6 տարի է ամուսնացած է Գերմանիայում) համաձայնագիր չի ուղարկել տան գրանցումից դուրս գալու համար։ Ըստ Ա. Մանասյանի, այդ համաձայնագիրը մեծ գումարների հետ է կապված, որի հնարավորությունն այսօր աղջիկը չունի։ «Գրանցումից դուրս գալու համար նա պետք է թարգմանի եւ նոտարական գրասենյակում հաստատի, որը կազմում է 250 գերմանական մարկ, իսկ հետո պետք է գնա Բեռլինի հայկական դեսպանատուն (որը 800 կմ հեռավորության վրա է իր բնակավայրից) եւ վավերացնի այն։ Եվ այդ ամբողջ ծախսը 700 մարկից ավելի է»,- ասաց պրն Մանասյանը։ Վերջինս հուսահատված է եւ զարմանում է այդ երկրի նոտարական գրասենյակում տիրող օրենքի վրա, ինչը, նրա կարծիքով, իրեն զրկել է երեք իրավունքներից՝ կնոջը բուժելու, բնակարանը՝ որպես սեփականատեր, վաճառելու եւ ապրելու։ Ա. Մանասյանն այս հարցով դիմել է նաեւ Պարույր Հայրիկյանին՝ ակնկալելով որեւէ օգնություն։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ