«Իրար ծեծեք, գործ կբացվի» «Այս երկրում, եթե «վերեւներում» ծանոթ չունեցար եւ գրպանդ էլ դատարկ եղավ, մժեղի նման կտրորեն եւ կանցնեն»,- այս խոսքերով սկսեց իր բողոքը օրերս խմբագրություն եկած քաղաքացի Հասմիկ Սարգսյանը։ Երեւանի Ազատության պողոտայի 20 շենքի թիվ 11 բնակարանը պատկանում էր իր փեսային՝ Ալբերտ Այվազյանին եւ նրա անչափահաս որդուն։ Ապրուստի այլ միջոցներ չունենալու եւ իր վատառողջության պատճառով անաշխատունակ Ա. Այվազյանը իր տունը տվել էր վարձակալության Հայաստան Ստեփանյանին եւ իր տղայի հետ տեղափոխվել զոքանչի բնակարան։ Բացի նրանից, որ տան վարձակալ Հ. Ստեփանյանը երբեք պարտաճանաչ չի մուծել իր վարձը, դեռ վերջերս էլ տիկին Հասմիկը տեղեկացել է, որ նա կուտակել է 60.000 դրամ հոսանքի եւ մոտ 4000 դրամ հեռախոսի պարտք։ «Տեսնելով, որ Հայաստան Ստեփանյանը նույնիսկ մտադրություն չունի իր պարտքերը մարել, դիմեցինք Զեյթուն-Քանաքեռ ՆԳ բաժին, որտեղ էլ թաղային տեսուչ Սամվել Հովհաննիսյանին հանձնարարվեց զբաղվել այդ հարցով, իսկ հոսանքի համար ահազանգեցին տեղամասային էլցանց եւ հաջորդ օրը անջատվեց նրա հոսանքը»,- պատմում էր տիկին Սարգսյանը։ Հավատալով Հ. Ստեփանյանի լացակումած հավաստիացումներին, որ շուտով կմարի բոլոր պարտքերը, Ա. Այվազյանը տեսուչի տված պարտավորագիրը ստորագրել է, որպեսզի միացնեն տիկին Հայաստանի հեռախոսը եւ հոսանքը, պայմանով, որ նա պետք է մի քանի օրից ազատի իրենց բնակարանը։ Մի քանի օր անց տիկին Հասմիկը իմացել է, որ քաղաքացի Հ. Ստեփանյանը տեղամասային էլցանցում թողած իր փեսայի պարտավորագրի բնօրինակը վերցրել է եւ մեջը ավելացրել, որ իրեն խնդրել են տունը ազատել մայիսի 31-ին, այսինքն՝ երկու ամիս հետո։ «Ո՞վ է թույլ տվել առանց մեզ տեղյակ պահելու էլցանցից վերցնել պարտավորագիրը, պատճենահանել այն եւ թողնել այնտեղ պատճենը, այլ ոչ բնօրինակը։ (Այն մինչեւ օրս էլ գտնվում է Հ. Ստեփանյանի մոտ- Ա. Դ.)։ Իսկ իսկական դիմումի վրա ավելացնելով, որ միայն մայիսի 31-ին պետք է ազատի բնակարանը, նորից պատճենահանել եւ այն ներկայացրել է տեսուչին»։ Խաբեությունը ակնհայտ է եղել, բայց դա տեսուչին չի մտահոգել եւ նա նույնիսկ չի հարցրել, թե իրեն ինչու է պատճենը տրվում։ Տիկին Հայաստանը իր խարդախությունը չի հերքել, ասելով, որ իրեն որեւէ մեկը վնաս չի կարող պատճառել, քանզի ինքը վերեւներում ծանոթ ունի։ Մեկամսյա պայքարից հետո, ապրիլի 21-ին հայրը եւ որդին իրերը հավաքած գալիս են իրենց բնակարան եւ տեսնում, որ այն դեռ ազատված չէ։ Փեսայիս ուղեկցած տեսուչը եւ երեք միլիցիոներները տուն մտնելով եւ տեսնելով, որ այն դեռ ազատված չէ, սկսել են ծիծաղել, առաջարկելով, թե «իրար ծեծեք, գործ կբացվի, մեկիդ կբռնենք, մյուսն էլ դրանից կօգտվի»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ.Գ.- Տեղեկացնենք, որ տիկին Հասմիկի դատարան դիմելու սպառնալիքից հետո միայն Հայաստան Ստեփանյանը եւ նրա բոլոր «միջնորդները» վերջինիցս ներողություն են խնդրել եւ առաջարկել մոռանալ միջադեպը։ Իսկ վերջերս տիկին Հայաստանը ազատել է նաեւ Ալբերտ Այվազյանի բնակարանը՝ խոստանալով մարել իր բոլոր պարտքերը։