Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կրթական համակարգի մակարդակը բարձր է համարվում։ Այս համոզմունքը գալիս է դեռեւս խորհրդային

Մայիս 23,2001 00:00

Ուսանողները ստուգվում են ՍՊԻԴ-ի դեմ Հայաստանում կրթական համակարգի մակարդակը բարձր է համարվում։ Այս համոզմունքը գալիս է դեռեւս խորհրդային ժամանակներից։ Մեզ մոտ նաեւ, ի տարբերություն այլ երկրների, կրթության համար վճարվելիք գումարն է զգալի ցածր։ Դժվար է ասել, թե վերոթվարկածներից որն է ավելի նպաստել, որ այսօր հայաստանյան բուհերում մեծ թիվ են կազմում օտարերկրացիներն ու սփյուռքահայերը։ Նրանք բուհ ընդունվելու ժամանակ, մյուս բոլոր փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում են նաեւ արյան ախտորոշման թերթիկ, որը հաստատում է, որ տվյալ անձը վարակված չէ ՍՊԻԴ կոչվող ահավոր հիվանդությամբ։ Սա, իհարկե, միանգամայն հասկանալի, ինչպես նաեւ ընդունելի է։ Ընդունված որոշումներից մեկի համաձայն, այսուհետեւ վերոնշյալ ուսանողները պարտավոր են ՍՊԻԴ-ի դեմ ստուգվել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, այսինքն՝ ամեն կիսամյակի սկզբում, երբ ուսանողները վերադառնում են իրենց երկրներից։ Հետաքրքիր է իմանալ, թե այս որոշման մասին ինչ կարծիքի են նրանք, ում վրա այն տարածվում է։ Սիրիաբնակ մի հայուհի (ԵՊՀ-ից) դժգոհ էր. «Բացի մեզանից, Հայաստանն այսօր լեցուն է օտարերկրյա տարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդկանցով, որոնք շատ մեծ հաջողությամբ կարող են վարակված լինել ՍՊԻԴ-ով եւ նույն հաջողությամբ էլ այն տարածել։ Եվ երկրորդն էլ, եթե դա անհրաժեշտ է ղեկավարությանը (չգիտեմ, թե ղեկավարություն ասելով ո՞ւմ նկատի ուներ- Ա. Ս.), ապա ինչո՞ւ է տվյալ ծառայությունը վճարովի»։ Վճարի հարցը անհանգստացնում էր նաեւ Աբխազիայից եկած մի ուսանողուհու. «Սկզբում մի քանի ուսանող այդ ստուգումն անցել են անվճար, իսկ այժմ առաջին կուրսեցիները պարտավոր են վճարել 1500 դրամ, իսկ բարձր կուրսի ուսանողները՝ 1000։ Շատերը ի վիճակի չեն վճարել այդ գումարը»։ Իսկ լիբանանահայ երիտասարդը վրդովված էր, թե «ինչո՞ւ են միայն սփյուռքահայերին ու արտասահմանցիներին ստուգում։ Չէ՞ որ տեղացիներն էլ են արտաամուսնական սեռական կյանքով ապրում, նրանց էլ այդ վարակը կկպչի, թե՞ նրանք ապահովագրված են ՍՊԻԴ-ից, «Արմենիկում» ունեն։ Նման որոշում ընդունելու դեպքում այն պետք է տարածվի անխտիր բոլորի վրա»։ Ուսանողների հետ զրույցից հետո մի շարք անպատասխան հարցեր են առաջ գալիս. մի՞թե առաջին կուրսի ուսանողի արյունն ավելի կարմիր է, քան բարձր կուրսի ուսանողինը։ Սա էլ նո՞ր ձեւ է փող աշխատելու։ Եվ սրանցից բացի, կիսամյակն արդեն վերջանում է, բայց բուհեր են հաճախում արտերկրի հարյուրավոր չստուգված ուսանողներ։ Ստուգվելու պահանջը անտեսվում է ուսանողի՞, թե՞ տվյալ բուհի ղեկավարության կողմից։ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել