Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Մայիս 23,2001 00:00

ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ Ո՞Վ Է ԳԼԽԱՎՈՐ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ «Հոկտեմբերի 27» քրգործի մայիսի 21-ի դատաքննության ավարտին մենք դիմեցինք Վ. Սարգսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանին, թե արդյոք ամբաստանյալը չի՞ շեղվում (կամ շեղում) իր ցուցմունքներից, տալով վերլուծություններ, պաշտպանական ճառին համարժեք որակումներ։ – Ինձ համար հետաքրքրություն ներկայացրեց ամբաստանյալի ցուցմունքներ «կառուցելը» եւ ոչ թե, ասենք, կառուցելուց հետո դրանք հերքելը։ Կառուցեց, բայց հերքելը չստացվեց։ – Կարո՞ղ էր, պրն Ջանոյան, դատական նիստ նախագահողը ընդմիջել ամբաստանյալին, քանի որ որոշ ցուցմունքներ կրկնվում էին եւ որ տպավորություն է ինձ մոտ, թե նա անցել է պաշտպանական ճառին։ – Ճիշտն ասած, ամբաստանյալի ցուցմունքներն իրենց բովանդակությամբ տարբերվում են մյուս դատավարության մասնակիցների, տուժող-վկա ցուցմունքներից։ Ամբաստանյալի ցուցմունքների սպեկտորը ավելի լայն է։ Նա կարող է վերլուծական բնույթի դատողություններ անել գործի հանգամանքների շրջանակներում, անձանց մասին բնութագրերով հանդես գալ, խոսել իր եւ գործով անցնող անձերի փոխհարաբերությունների, նրանց վաղեմության, որակի մասին… Սրանք բոլորը ցուցմունքներ են եւ հնարավոր չէ կանխել, եւ դատարանը, եթե գնա կանխելու, դա կդիտվի նրա իրավունքների սահմանափակում։ Կանխել եւ ասել. այդ մասին դու չպետք է խոսես։ Ես կարծում եմ, որ ամբաստանյալի պաշտպանողական մոտեցման մեջ դա մենք կարող ենք առանձնացնել։ Ես դրանում վտանգ չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք վտանգ են տեսնում։ Ընդհակառակը, բոլոր այն հանգամանքները, անձինք, որոնց ինքն ակնհայտ վերցնում է պաշտպանության տակ, ուրեմն նրանք այսօր դրա կարիքն ունեն։ Ամբաստանյալը պաշտպանության տակ վերցրեց ընդհուպ նախագահին եւ Սերժ Սարգսյանին։ Ավելին, որոշ տրամաբանական հիմնավորումներ բերեց, թե ո՞վ է վերջին հաշվով Ալիկ Հարությունյանը, որի վրա այդքան սեւեռվել են։ Ալիկ Հարությունյանն առնվազն որոշ ուժերի կամ լծակներ ունեցող անձանց ներկայացուցիչ կարող է լինել, այսինքն, խիստ եւ հստակ դատողություն է անում, իսկ ամբողջ նախաքննությունը եկել-զարգացել եւ Ալիկ Հարությունյանին դարձրել էր ստրատեգիական ինչ-որ մի պատնեշ, որը մի պահ գրավեց, հետո հանձնեց։ Նա պատնեշ չի եւ չի էլ լինի։ Այ, իր վերլուծության մեջ ինձ համար սա էր կարեւորը։ Որ իր բերանով ասվեր (ոչ թե մենք չգիտեինք), որ նա՝ Ալիկը ստրատեգիական խնդիր չէր։ Օրվա առաջին կեսի ցուցմունքները շատ էին արժեքավոր, ավելի արժեքավոր, քան մինչ այդ տված ցուցմունքները։ – Արդյոք «ճկ» չէ՞ր այն պահը, երբ ամբաստանյալը հայտնեց, թե ուզում է «կուլիսային խոսակցությունները» բացել, որը խանգարվեց դահլիճի կողմից։ – Չեմ հասկանում, երբ ինձ դահլիճից մարդիկ են մոտենում եւ ասում են. հերիք չի՞, մենք հոգնել ենք։ Ով չի ուզում՝ թող գնա։ Ես չեմ հոգնել։ Ես պիտի լսեմ, հասկանամ։ Կամ ի՞նչ վերաբերմունք է, երբ հնչում է՝ «հերիք է, դրա բերանը փակեք»։ Չէ, ինքը դեռ պիտի խոսի։ Վերջին հաշվով ո՞ւր է շտապում էդ ասողը, ի՞նչ է ուզում կոծկի, ծածկի: Այդպիսի մոտեցումները շատ են։ Ես կարծում եմ, որ մենք շտապելու ոչինչ չունենք։ Եթե շտապենք, ուրեմն ոչինչ չի լինելու։ Մենք պետք է հնարավորություն տանք մաքսիմում ինչ ասելիք ունի՝ տասն անգամ էլ ներկայացնի։ Դրանք հետո զենքեր են մեր ձեռքին դառնալու։ Վաղուց հասունացել է այն պահը նաեւ, որ մենք կարող ենք ակնհայտ կասկածի տակ առնել հատկապես որոշ լրատվամիջոցների կողմից Հունանյանին «գլխավոր ամբաստանյալ» ֆիքսելը։ Այդպիսի դատավարական տերմին գոյություն չունի եւ բոլոր ամբաստանյալները «հավասար ամբաստանյալներ» են։ «Գլխավոր» բառի մեջ հատուկ իմաստ է դրվում եւ հակված չեմ ճանաչել, որ Նաիրին այս գործի գլխավոր ամբաստանյալն է։ Մենք դեռ չգիտենք, թե ո՞վ է այս գործի գլխավոր ամբաստանյալը կամ գլխավոր մեղադրյալը։ Չի բացառվում, որ ամբաստանյալների մեջ արհեստականորեն ինչ-որ մի տասներորդական պլան մղված մեկը լինի, գոնե կատարողների մեջ, առաջին ջութակը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել