ՈՍԿԵՊԱՐԸ ԾԱՂԿՈՒՄ Է Ներկայացվող հրապարակումը փորձ է՝ պատասխանելու Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանին ներկայացված մեղադրանքներին։ «Առավոտի» 2001-ի մայիսի 12-ի համարում տպագրված «Ոսկեպարն ամայանում է» հոդվածը զարմացրեց բազմաթիվ նոյեմբերյանցիների. մի՞թե այդ նամակի հեղինակը այնքան կույր է, որ 1995-2001թթ. գյուղում կատարված այդքան աշխատանքներից եւ ոչ մեկը չի տեսել։ Այդ աշխատանքներին դեռ կանդրադառնանք։ Սկզբում ուզում ենք նշել, որ մինչեւ 1994-95թթ. գյուղից մեկնածների թիվը ավելի մեծ էր, քան 1995-ից մինչ օրս։ Նույնիսկ ներգաղթ է տեղի ունեցել, մեծացել է վերադարձողների թիվը եւ այժմ գյուղից բացակայողների թիվը չնչին տոկոս է կազմում։ Նամակում ակնարկված՝ տնամերձերի անարդար բաշխման կապակցությամբ տեղեկացնենք, որ հողամաս ստացել են այն երիտասարդները, որոնք 1990-1994թթ. հերոսաբար պաշտպանել են գյուղը։ Նրանցից ոմանք մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ գումար աշխատելու եւ հայրենի գյուղ վերադառնալուց հետո տուն կառուցելու նպատակով։ Մասամբ ճիշտ չէ նաեւ այն, որ «Ժամի ձոր» կոչվող թաղամասում 30 ընտանիք՝ պատերազմի պատճառով զրկված լինելով իրենց տներից, այլ տեղում հողամաս չեն ստացել։ Ոսկեպարը, որպես սահմանամերձ գյուղ, հողի հարկից ազատված է եղել 1990-94թթ., իսկ մինչ օրս գյուղը հարկատու է պետությանը։ Իսկ Կարմիր խաչի կողմից տրված օգնություն ցորենը որպես սերմացու բաշխվել է այն մարդկանց, որոնք աշնանացան են կատարել։ Իսկ պատերազմում զոհվածների ընտանիքները միշտ եղել են թե՛ կառավարության, թե՛ գյուղապետարանի ուշադրության կենտրոնում, միայն 2001-ին նրանց բաշխվել է 1 պարկ ալյուր, 200 կգ եգիպտացորեն եւ կարտոֆիլ։ Եղել են նաեւ այլ օգնություններ։ Իսկ գյուղապետարանի քարտուղար Մեխակ Ստեփանյանի նկուղում, այսպես ասած, «Նոյեմբերյանի ՆԳ բաժնի կողմից հայտնաբերված եգիպտացորենը» (ինչպես նշում է հոդվածագիրը) իրականում վերջինիս հասանելիք 2 պարկ եգիպտացորենն էր, որ նա ստացել էր իբրեւ օգնություն։ Եգիպտացորենի մեկ պարկի դիմաց 1300 դրամ վճարելն էլ օրինական եւ փաստագրված է եղել. Այրումի պահեստում 1 պարկը արժեր 1000 դրամ, իսկ 300-ը՝ Այրում-Ոսկեպար ճանապարհի համար ավտոմեքենայի վառելիքի ծախսն է։ Մինչդեռ հոդվածագիրն այս ամենը դրամաշորթություն է անվանում, ավելին, 32 մարդուց խաբեությամբ կորզել է նրանց ստորագրությունները։ Իսկ հիմա՝ այն մասին, թե 1994-ից մինչ օրս ինչ է կատարվել գյուղում։ Կառուցվել է 17 անհատական բնակարան, 7 կմ երկարությամբ Ոսկեպար-Կիրանց՝ ռազմավարական նշանակության ճանապարհը։ Հայաստանի սոցիալական ներդրումների միջոցով կառուցվել է 8 կմ երկարությամբ ջրագիծ, երկու ջրամբար՝ 300 եւ 50 տ տարողությամբ, պոմպակայան եւ էլեկտրակայան։ Գյուղի ճանապարհները խճապատված եւ ասֆալտապատված են։ Ոսկեպարում գործում է 300 համարանոց նորաստեղծ հեռախոսային ցանց, որն ապահովել է գյուղի բնակչությանը։ Գործում է նաեւ նորակառույց հեռուստաաշտարակը։ Սահմանամերձ գյուղը ամրացնելու եւ շենացնելու նպատակով՝ բոլոր նրանց, ովքեր գյուղապետարան են դիմում հողամաս ստանալու խնդրանքով, տրամադրվում են տնամերձեր։ Ոսկեպարը ոչ միայն շրջանում, այլեւ ամբողջ մարզում միակ գյուղն է, որտեղ ամսական մի քանի անգամ սանիտարական աշխատանքներ եւ աղբահանություն է կատարվում։ Իսկ այս ամենը կատարվել եւ կատարվում է գյուղապետ Հրուշ Աղբալյանի մասնակցությամբ։ Թե՛ նախորդ եւ թե՛ այս անգամ ներկայացվեց խմբագրություն եկած ոսկեպարցիների կարծիքը: Կարծում ենք, այնուամենայնիվ, Ոսկեպարի հետ կապված հիմնահարցերի, արվածի ու չարվածի ճշմարիտ գնահատականը կարող է տալ միմիայն գյուղի ամբողջ հասարակությունը: