Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միակ բանը, որն անգամ բանակցությունների հետաձգման դեպքում ոչ մի դրական բան չի կարող ավելացնել՝ որպես

Մայիս 23,2001 00:00

«Օկուպացվածից» մինչեւ «գրավյալ» տարածքներ Միակ բանը, որն անգամ բանակցությունների հետաձգման դեպքում ոչ մի դրական բան չի կարող ավելացնել՝ որպես հայկական կողմի դիվիդենտ, եւ ինչին արդեն անդրադարձել են քաղաքական ու պետական գրեթե բոլոր գործիչները՝ «օկուպացված» կամ, ինչպես Սերժ Սարգսյանը փորձեց վերաձեւակերպել, «գրավված» տարածքների թեման է։ Այս իմաստով հատկապես իշխանություններն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները շատ ցավագին ընդունեցին պարոն Օսկանյանի հասցեին արված քննադատությունը, իսկ երբ նույնի մասին հայտարարեց արդեն պաշտպանության նախարարը՝ քաղաքական գործիչները լռեցին։ Իհարկե, պետական այս երկու այրերն էլ իրենց տեսակետները հայտնեցին, ըստ ամենայնի, միանգամայն համակարգված աշխատանքի արդյունքում, երբ արտաքին աշխարհի նուրբ ականջներին ի լուր խոստովանեցին, թե Հայաստանն ինչ-որ տարածքներ է «օկուպացրել» կամ գրավել, բայց դրանից չպետք է ամաչել։ Եթե միայն այդ հայտարարությունը շոշափեր Վ.Օսկանյանի կամ Ս.Սարգսյանի անձնական շահերը, մենք, թերեւս, դա մի կերպ տանեինք։ Բայց բանն այն է, որ, արդեն 3 տարի շարունակ, այս իշխանությունները, մեկ՝ տգիտության, մեկ՝ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ստեղծած խառնաշփոթի արդյունքում, հերթական անգամ նոր որոգայթներ են ստեղծում Հայաստանի համար։ Վ.Օսկանյանը սեթեւեթում էր, թե հերթական անգամ իրեն սխալ են հասկացել, բայց այն, ինչ հաստատեց պարոն Սարգսյանն, անշուշտ, հեռու է «տգետների» կողմից «օկուպացիա» բառի «ոչ ճիշտ» ընկալված լինելուց։ Նախագահ Քոչարյանի խոսափող ու նրա արտաքին քաղաքական ուղեգիծն իրականացնող Օսկանյանը, նաեւ պաշտպանության նախարարը պետք է որ կարողանային երեւույթներն ու արտահայտությունների արժեքը ճիշտ գնահատել եւ կանխատեսել, թե ինչպիսին կարող է լինել դրա գինը այնտեղ՝ Արեւմուտքում։ Տարիներ շարունակ Ալիեւը միջազգային ատյաններում ունեցած իր բոլոր ելույթները սկսում եւ ավարտում էր մեկ արտահայտությամբ՝ Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը։ Նույն նախանձախնդրությամբ հռոմեացիներն էին ժամանակին հայտարարում՝ Կարթագենը պետք է կործանվի։ Ալիեւն ընդամենը վերջերս հայտարարեց նաեւ, թե որքան պետք է հայերը վճարեն ադրբեջանցի փախստականներին իբրեւ փոխհատուցում՝ ուղիղ 53 մլն դոլար։ Կարծում եք՝ հիմա՞ր էր Ալիեւը։ Ամենեւին։ Բանն այն է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարների նույնաբովանդակ հայտարարությունները գրավված տարածքների մասին շատ կոնկրետ հետեւանք են նախատեսում։ Մենք չենք էլ գիտակցում, որ Ցեղասպանության համար Թուրքիայից ու արեւմտյան բանկերից փոխհատուցում պահանջող հայերս վաղը հարկադրված ենք լինելու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան փոխհատուցում տրամադրել ադրբեջանցի փախստականներին՝ նրանց տարածքն «օկուպացնելու» եւ այդ բառից ածանցվող ու միջազգային իրավունքի նորմերով դատապարտելի քայլերի համար՝ ընդհուպ մինչեւ որպես պատերազմի հանցագործ դատվելու հեռանկարը։ Սույնի մասին, ի դեպ, շատ հստակ ամրագրված է Հաագայի 1907թ. եւ Ժնեւի 1949թ բանաձեւերում, նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրության երրորդ հոդվածում։ Ընդ որում, Ժնեւի 1949թ. բանաձեւում հատուկ ընդգծված է, որ այլ պետության տարածքը զավթելու դեպքում արգելվում է տեղահանել այդ տարածքում ապրող բնակչությանը, արգելվում է այդ տարածքում ոչնչացնել մասնավոր անձանց եւ պետության սեփականությունը հանդիսացող անշարժ եւ շարժական գույքը։ 1954թ. Հաագայի բանաձեւի համաձայն զավթված տարածքներում մշակութային արժեքները ենթակա են պաշտպանության՝ անկախ նրանց պատկանելությունից։ Թե որքանով են այս պահանջները համապատասխանում «օկուպացված» տարածքներում տիրող իրականությանը, կասի, թերեւս, նախարար Սերժ Սարգսյանը։ Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրության երրորդ հոդվածում ամրագրված է, որ «օկուպացիան» ինքնին որակվում է իբրեւ ագրեսիայի ակտ։ Միջազգային իրավունքի նորմերով սահմանված «օկուպացիայի» ռեժիմի խախտումը համարվում է միջազգային հանցագործություն, որը կատարող անձինք ենթակա են պատասխանատվության՝ որպես պատերազմի հանցագործներ։ Չպետք է բացառել նաեւ, որ Ալիեւը մեր պետական կոչվող այրերի այս «ինքնախոստովանությունն» էլ կօգտագործի այս անգամ ոչ թե մեկ-երկու անձի, այլ Հայաստանին որպես ագրեսոր ճանաչել տալու հարցում, իսկ դրա հետեւանքների մասին նույնիսկ խոսել չարժե։ Չենք կարծում, թե դիվանագետի համբավ ունեցող Օսկանյանն ու տարածքներն «օկուպացրած» Սերժ Սարգսյանը միջազգային այդ նորմերին անտեղյակ են։ Մնում է ենթադրել… ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել