Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԸ՝ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մայիս 22,2001 00:00

ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԸ՝ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ում ամփոփվեցին այս տարվա հանրապետական օլիմպիադայի արդյունքները։ Հայաստանում սա արդեն 35-րդ հանրապետական օլիմպիադան էր։ Օլիմպիադաները անցկացվում են 4 փուլով, որից երեքը՝ տեղական մարմինների, իսկ վերջին փուլը՝ պետական ֆինանսավորմամբ։ Հաղթողները հետագայում միջազգային օլիմպիադաների են մեկնում պետության ֆինանսավորմամբ։ Դպրոցական, տարածքային, հանրապետական եւ մարզային փուլերով ընթացող օլիմպիադաներին մասնակցել են մեծ թվով աշակերտներ, որից 200-ը դիպլոմակիրներ են դարձել, շատերը արժանացել են գովասանագրերի։ Իսկ յուրաքանչյուր առարկայից լավագույն արդյունք ցուցաբերած երեքական աշակերտ եւ նրանց ուսուցիչները պարգեւատրվեցին դրամական պարգեւներով եւ մեդալներով։ Նշենք, որ օլիմպիադայում հանրակրթական թվով 14 առարկայից քննություն է անցկացվել, իսկ սահմանադրություն եւ իրավունք առարկան դարձել է 15-րդը։ Բացի դպրոցներից, արդեն որերորդ տարին է՝ օլիմպիադային մասնակցում են նաեւ մասնավոր դպրոցներ։ Հատկապես առանձնացան Երեւանի «Քվանտ» վարժարանի աշակերտները։ Նրանք 10 առարկայից 36 դիպլոմ ստացան։ Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել վարժարանի 8-րդ դասարանի մի աշակերտ, որը միանգամից 5 դիպլոմ է ստացել՝ հինգ տարբեր առարկաներից։ Իսկ «Քվանտ» վարժարանը իր բացարձակ հաջողությունների եւ տարվա լավագույն արդյունքների համար եւս երկու դիպլոմ ստացավ՝ մեկը ԿԳՆ-ից, մյուսը՝ վարչապետից։ ԿԳՆ փոխնախարար Աիդա Թոփուզյանը նկատեց, որ տարեցտարի օլիմպիադաները ավելի մասսայական են դառնում։ Նա նշեց նաեւ, որ ԿԳՆ-ն հատկապես կարեւորում է դպրոցական փուլը, քանզի «չնայած դեռ չի հաջողվել բոլոր դպրոցներին ներգրավել օլիմպիադայի մեջ, սակայն մասնակից դպրոցներից ընդգրկվում են տվյալ դպրոցի բոլոր շնորհաշատ երեխաները»։ Տիկին Թոփուզյանը հույս հայտնեց, որ օլիմպիադաները կդառնան ավանդույթ, քանզի «նման օլիմպիադաները պետք է լինեն երեխաների գիտելիքների հաշվետվություն»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել