Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթ՝

Մայիս 22,2001 00:00

«ԳԱՐՈՒՆ» է ԲԱՑՎԵԼ «ԳՐՈՂԻ ԾՈՑՈՒՄ» Շաբաթ՝ մայիսի 19-ի երեկոյան ժամը 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Գրողների միության նախագահ է ընտրվել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Լեւոն Անանյանը։ Իրենց ընտրությամբ մեր գրողներն ա պացուցեցին, որ դեռ ամեն ինչ չի կորել եւ, որ մեղադրանքները (որոնք հնչեցրել է նաեւ «Առավոտը»), թե՝ այս մարդիկ պատրաստ են իրենց խիղճն ու սկզբունքայնությունը ծախել ակնկալվող նյութական շահի համար, մի փոքր խիստ էին ու հապճեպ։ Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ ամեն ինչ այդքան տխուր ու ճղճիմ չի եւ որ ընդամենը թերագնահատել էինք մեր մտավորականներին։ Կեցցե՛ն այն 131 գրողներն, ում համար արդարությունը վեր էր Ծաղկաձորում 24 օր հանգստանալու քաղցր ակնկալիքից, ում համար գրականությունն ու գրական միջավայրը «նամշահոտությունից» ազատելն առավել կարեւոր էր Սեւանի հանգստյան տան պատերի նամշահոտությունը վերացնելուց։ Կեցցե՛ն նրանք, ովքեր չցանկացան գտնվել մի թիմում՝ Ռաֆիկ Նահապետյանի, Գուրգեն Խանջյանի, Անահիտ Պարսամյանի, Գարուն Աղաջանյանի, Աննա Պետրոսյանի, մանրումեծ «նորդարականների» ու նրանց առաջնորդ Աբգար Ափինյանի կողքին։ Սակայն մինչեւ նոր նախագահի ընտրությունը, ԳՄ-ում նախորդ 2 օրերի պես կրքերը կրկին բորբոքվեցին, մթնոլորտը կրկին շիկացավ, ափինյանականները կրկին առիթ ունեցան իրենց ցուցադրելու։ Դեռ նիստը չսկսված, պրն Ափինյանը պահանջեց, որ լրագրողները լքեն դահլիճը, քանի որ «միայն խուժան բաներ են գրում, լրիվ ցեխ են շպրտում մեզ վրա»։ Բնականաբար, լրագրողները, շատ լավ գիտենալով իրենց իրավունքները եւ պրն Ափինյանին ապացուցելով, որ ցեխը գրողներն իրենք են իրար վրա շպրտում, իսկ լրագրողներն ընդամենը պատմում են այդ մասին, չհամաձայնեցին դահլիճից դուրս գալ։ Ու թեեւ պրն Ափինյանը սպառնաց, թե՝ մինչեւ դուրս չգաք, նիստը չենք սկսի, իսկ նրա կողմնակիցները փորձեցին ուժով մեզ դուրս հանել, այնուամենայնիվ, Էդուարդ Միլիտոնյանի, Աղվան Վարդանյանի եւ լրագրողների իրավունքներին ու մամուլի օրենքին քաջածանոթ մյուս գրողների միջամտությամբ, առանց դահլիճը լրագրողներից ազատելու, նիստը սկսվեց։ Մինչ այդ, պրն Ափինյանը, որը կորցրել էր նախորդ օրվա ինքնավստահ կեցվածքը ու չափից դուրս նյարդային էր, սկսեց բղավել Հրանտ Մաթեւոսյանի վրա. «Սրանք քո՛ լրագրողներն են, տես, ինչ են անում»՝ մատնացույց անելով «Առավոտի» ու «Հայկական ժամանակի» թղթակիցներին։ Անկեղծորեն խոստովանում եմ՝ ոչ մի վատ բան չէինք անում, ընդամենը ձայնագրում էինք Ափինյանի մտքի գոհարները։ Անսպասելի «նվերից» տարակուսած Հրանտ Մաթեւոսյանը այս անգամ էլ մեծահոգաբար լռեց։ Բայց Ափինյանը չէր հանդարտվում ու բեմից իջավ ցած։ Ինչպես քիչ ավելի ուշ պարզվեց, նա միջանցքում կտրել էր Լ. Անանյանի ճամփան ու նրան մեղադրել իր ծրագրերը կիսատ թողնելու մեջ. «Դու ինչո՞ւ դրեցիր քո թեկնածությունը։ Ինչի՞ չես թողնում ես իմ գործը անեմ։ Պատմությունը քեզ չի ների»։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ դարակազմիկ ու պատմության էջերում մնայուն անելիք ուներ Աբգար Ափինյանը, որ մնաց կիսատ։ Հա՜, երեւի Սեւանի հանգստյան տան «ռեմոնտը» կիսատ մնաց կամ, գուցե, հերթական «սպոնսորը» փող էր խոսք տվել, ու էդ փողը ճամփին մնաց։ Ո՞վ իմանա։ Քիչ հետո նա դահլիճում հայտարարեց, թե իբր Լեւոն Անանյանը եւ իր կողմնակիցները փորձել էին ծեծել Գուրգեն Խանջյանին։ Գուրգեն Խանջյանին եւ Լեւոն Անանյանին ճանաչողների համար ակնհայտ էր, որ այս հայտարարությունը «Ոզնիում» տպելու արժանի անեկդոտ է, ու բոլորը սկսեցին միահամուռ ծիծաղել, հիշելով, թե ինչպես էր նույն այդ Գուրգեն Խանջյանը նախորդ օրը քաշքշում երիտասարդ լրագրողուհուն, փորձում հարվածել նրան։ Հրանտ Մաթեւոսյանն առաջարկեց նախագահության թեկնածուներին՝ առաջադրել երկուական թեկնածուներ՝ հաշվիչ հանձնաժողովում ընդգրկելու համար։ Եվ այդ ժամանակ Ռուբեն Հովսեփյանը հնչեցրեց ԳՄ համագումարի թերեւս ամենալավ ելույթը. «ԳՄ նախագահի համար թեկնածությունս առաջադրելիս ես շատ հստակ գիտեի, թե ի՞նչ երեւույթների դեմ եւ հանուն ինչի՞ էի պայքարելու։ Ես հիմա էլ դա գիտեմ։ Բայց այդ իրոք դաժան պայքարը չէ՛ր պսակվելու ու չի՛ պսակվելու հաղթանակով, եթե չկայանա գրողական ընտանիքի համերաշխությունն ու ստեղծագործական մթնոլորտի մաքրագրումը։ Գրողական տուն մտնելիս շեմին պետք է հանել արտագրողական կրկնակոշիկները։ Նախագահի խորհրդական կլինես, նախարար, ԱԺ պատգամավոր, կուսակցական գործիչ, թե՝ բիզնեսմեն՝ միեւնույն է։ Առանց այն էլ շատ աղբ է կուտակվել մեզանում։ Ես վախ ունեմ, որ ասածս համերաշխությունը եւ մաքրագրումը չի կայանա, եթե գոնե ինձ համար սիրելի ու կարեւոր մարդիկ չմիավորվեն, սեղմված բռունցք չդառնան ընդդեմ այն մորեխամպի, որ ամպհովանու պատրանք ստեղծելով խժռեցին բարոյականության խեղճացած արտը։ Ցավոք, ինձ համար կարեւոր ու սիրելի մարդիկ մինչ այս պահն էլ բաժանված են՝ ի տարբերություն մորեխամպի, եւ այդպես բաժանված էլ շարժելու են իրենց գրիչը քվեաթերթիկի վրա։ Ես իմ պարտքն եմ համարում մի վերջին անգամ նրանց միավորվելու կոչ անել։ Նույնը կարող էր անել Լեւոն Անանյանը, բայց, հավանաբար, տարիքի ու փորձի բերումով ես ավելի սուր եմ զգում հնարավոր կորստի ցավը, ես ավելի եմ կարեւորում այս միության նշանակությունը, ավելի եմ ցանկանում միությունը տեսնել նաեւ ապագայի մեջ, ուստի, ինձ եմ վերապահում այդ քայլի իրավունքը եւ պատասխանատվությունը։ Կարծում եմ, իմ կողմնակիցները կհասկանան, կներեն ինձ եւ իրենց ձայնը կտան Լ. Անանյանին»։ Ի տարբերություն բավական մեծ թվով կողմնակիցներ ունեցող Ռ. Հովսեփյանի, Արեւշատ Ավագյանն այդպես էլ չհանեց իր թեկնածությունը, որպեսզի վերջում պարզեր, որ իրեն ձայն է տվել ընդամենը… 3 հոգի։ Երբ Ափինյանին առաջարկվեց տալ իր առաջադրած թեկնածուների անունները, նա առիթը չկորցրեց հերթական անգամ շանտաժ անելու. «Այն, ինչ տեղի ունեցավ քիչ առաջ, վայել չի՛ Գրողների միությանը, չի՛ եղել Գրողների միության մեջ։ Ընտրապայքարը դարձրին թշնամանքի բորբոքման առիթ՝ ծեծելով մի քանի գրողի։ Դուք տեսա՛ք, թե ո՛ր թեկնածուի կողմնակիցները հարձակվեցին եւ ո՛ւմ ծեծեցին։ 2 օր է, լրագրողները հայհոյում են՝ Միության հեղինակությունը վարկաբեկելու համար։ Հատկապես գալիս են այստեղ՝ փնտրելու այն, ինչ իրենց մեջ է, եւ տեսեք, թե այդ վարկաբեկող լրագրողները ո՞ր թեկնածուի շուրջ են համախմբված, ո՞ւմ հետ են խոսում, եւ ապա նոր ընտրեք»։ Ու, ըստ երեւույթին, հաստատ վստահ լինելով սեփական հաղթանակի մեջ, շարունակեց. «ԳՄ նախագահը բոլորիս նախագահն է լինելու։ Հաշտության, սիրո մթնոլորտում պիտի այդ մարդը համակարգի Գրողների միությունը։ Այստեղ փլավ չեն բաժանում։ Սա շատ ծանր բնագավառ է։ Ես նորից եմ խնդրում, այնպես պիտի անենք, որ այսօրվա օրը ծանր բիծ չդառնա, նոր նախագահին ընդունելու ենք բոլորս, ընդունելու ենք սիրով»։ Ի վերջո, ընտրվեց հաշվիչ հանձնաժողովը՝ Վազգեն Գաբրիելյան, Հովիկ Հովեյան, Վարուժան Այվազյան, Իգնատ Մամյան, Խաչատուր Ավագյան, Սեյրան Հովակիմյան, Հռիփսիմէ։ Ապա գործողությունների թատերաբեմը տեղափոխվեց կլոր դահլիճ, որտեղ պիտի կայանար վարչության կազմի եւ նախագահի քվեարկությունը։ Ահա այստեղ էլ Աբգար Ափինյանի նյարդերը վերջնականապես տեղի տվեցին։ «Հայկական ժամանակի» լրագրողուհին փորձել էր լուսանկարել պարոն «թիվ 1 բիզնեսմենին», վերջինս վրդովվել էր, ու երբ լրագրողը պնդեց լուսանկարելու իր ցանկությունը, պարոն Ափինյանն, իրեն լրիվ կորցրած, բառացիորեն խլեց լուսանկարչական թանկարժեք թվային ապարատն ու նետեց մի քանի մետր այն կողմ։ Արդյունքում լուսանկարչական խցիկը կոտրվեց, լրագրողուհին սթրեսի մեջ ընկավ ու մի քանի րոպե չէր հանգստանում, ողջ մարմնով դողում էր, իսկ պարոն Ափինյանն այդ «հերոսությունից» հետո այլեւս չերեւաց առաջին պլանում։ Առանց նրա «թանկ» ներկայության էլ քվեարկությունը կայացավ։ Քվեարկեց ԳՄ 250 անդամ։ 111-ն իր ձայնը տվել էր Աբգար Ափինյանին՝ «Նոր Դարում» տպվելու եւ Ծաղկաձորում հանգստանալու հույսով, 131-ը՝ ԳՄ թունավոր ու գաղջ մթնոլորտից ազատվելու ցանկությամբ ընտրել էր Լեւոն Անանյանին, 2 մարդ Արեւշատ Ավագյանին ամոթով չթողնելու համար ձայն էր տվել նրան (+1՝ իր իսկ ձայնը), 5 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ Երիցս իրավացի էր Հրանտ Մաթեւոսյանը, երբ ասում էր, թե «ով էլ ընտրվի, ծանր հոգս է վերցնելու իր վրա»։ Լեւոն Անանյանի դեպքում այդ հոգսն առավել ծանր է։ Այս ձեւով, այս դժվարությամբ ընտրվելով, այսքան մարդու միակ հույսը լինելով, Լեւոն Անանյանը ոչ միայն հնարավոր ամեն ինչը պիտի անի ԳՄ լա՛վ նախագահ դառնալու համար, այլեւ՝ անհնարինը։ Դա պետք է հուսախաբ չանելու համար նրանց, ովքեր գիտակցորեն ու բացահայտ պայքարում էին Լեւոն Անանյանին նախագահ տեսնելու համար։ Դա պետք է նրանց, ովքեր կամուկացի մեջ էին՝ Լեւո՞նը, թե՞ Աբգարը, ու ընտրեցին Լեւոնին՝ Աբգարի թիմում չհայտնվելու համար, ապացուցելու համար, որ իրենց ընտրությունը ճիշտ էր։ Եվ ի վերջո դա պետք է ափինյանականներին որեւէ անգամ չարախնդալու առիթ չտալու համար։ Այնպես որ, Լեւոն Անանյանի համար ամենադժվար շրջանը նոր-նոր է սկսվում, եւ ինքը գիտի դա. «Անսահման հուզված եմ, շատ դժվար ու ծանր օրեր անցկացրինք միասին, շատ դժվար հաղթանակ էր։ Սա ոչ միայն իմ, այլեւ այն բոլոր գրողների հաղթանակն է, ովքեր ինձ հետ որոշակի հույսեր են կապել։ Վիթխարի պրոբլեմներ կան կանգնած մեր առջեւ, ու մենք պիտի քայլ առ քայլ լուծենք դրանք»։ Լեւոն Անանյանին սրտանց շնորհավորեց ՀԳՄ արդեն նախկին նախագահ Հրանտ Մաթեւոսյանը, իսկ նա, ով մինչ այդ «համերաշխություն ու սեր» էր երգում, ով պնդում էր, թե՝ «նոր նախագահին ընդունելու ենք բոլորս, ընդունելու ենք սիրով», չբարեհաճեց անգամ ցած իջնել եւ կեսբերան շնորհավորել նրան։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել