Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի

Մայիս 22,2001 00:00

Հիշողությունը նաեւ մրցանակով Մայիսի 22-ին Հենրիկ Խաչատրյանը կդառնար 62 տարեկան։ 1998թ. օգոստոսի 6-ին նա սպանվեց ՀՀ գլխավոր դատախազի իր աշխատասենյակում։ Հենրիկ Խաչատրյանի ողբերգական մահվանից հետո նրա հարազատների, մտերիմների վերաբերմունքով իրականացան մի շարք ձեռնարկումներ, որոնցից էր նաեւ «Սահմանադրություն եւ իրավունք» աշակերտական հանրապետական օլիմպիադայի հաղթողներից մեկին շնորհվող՝ «Հենրիկ Խաչատրյան» ամենամյա մրցանակը։ Այն սահմանել է ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը՝ Սահմանադրական դատարանի առաջին կազմի անդամ, ապա ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի հիշատակին։ Այս անգամ այդ մրցանակին արժանացավ «Նոյ» թիմի ավագ, Երեւանի թիվ 117 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Տիգրան Պողոսյանը։ Ավանադաբար մրցանակը հաղթողին շնորհում է Հենրիկ Խաչատրյանի այրին՝ Աիդա Իսկոյանը։ Եթե մրցանակը շնորհելու պահին հուզմունքը մարմին առներ, անպայման այս զգացված կնոջ կերպարանքը պիտի ստանար։ Այդպես եղել է նախորդ երկու անգամներին, այդպես էր եւ այս անգամ։ Օլիմպիադայի մասնակից աշակերտներն ու ուսանողները, որոնք բավարար պատկերացում չունեն իր աշխատասենյակում հանելուկային սպանությամբ կյանքից հեռացած Հենրիկ Խաչատրյանի մասին, գուցե թե մի քիչ դժվար ըմբռնեն տիկին Աիդայի այսօրինակ հուզմունքը։ Բայց այդ հուզմունքը Խաչատրյանի այրու համար նախ իր ապրումները կիսողների, իր ամուսնու հիշատակը պահպանողների հանդեպ շնորհակալ լինողի անսքող վերաբերմունքն է, ապա եւ եկող սերնդի մեջ Խաչատրյան անունը մնայուն շարունակությամբ տեսնելու այն խորին զգացողությունը, որն իր մեջ հիշատակի եւ խոնարհումի մեծ խորհուրդն ունի։ Նաեւ այս ամենը նկատի ուներ օլիմպիադայի եւ այս մրցանակի գաղափարի հեղինակ Գագիկ Հարությունյանը, որը բոլորովին ավելորդ չհամարեց օլիմպիականների համար լրացում անել, թե ինչ խորհուրդ կա այդ մրցանակը սահմանելու մեջ։ «Սա մեզ համար շատ թանկ մրցանակ է,- ասաց նա։- Այն երեխան, որ ստանում է այս մրցանակը, մշտապես մեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Տա Աստված, որ նա հաջողությամբ ընդունվի իր նախընտրած բուհը եւ պարտավորված զգա գնալու այն ճանապարհով, որով մաքուր ու անբասիր կենսագրությամբ անցավ Հենրիկ Խաչատրյանը»։ … Հենրիկ Խաչատրյանին լավ իմացող, նրա սպանության չլուծված առեղծվածի հետ նաեւ խորին կսկիծն ապրող յուրաքանչյուր ոք ամեն անգամ այս օրը այցելում է նրան՝ անհույս փորձելով իր ներքին մտորումի բացատրությունը գտնել։ Նրա նախկին ընկերների պակասող շարքերում այսօր նրա անվան մրցանակը ստացող պատանիներն են ավելանում՝ իրենց կենսակերպին խառնած շարունակության այն բարի խորհուրդը, որը կոչվում է հիշատակի խնկարկում։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել