Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագույր

Մայիս 22,2001 00:00

«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»՝ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԴԵՄ Վարագույր «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի «ճշտումներով», որոնք վերաբերում էին իրեն առաջադրված մեղադրանքներին։ Դրսում՝ դատարանից դուրս, դարձյալ միկրո-հանրահավաք էր եւ միտինգավորները վանկարկում էին «դավաճա՛ն, դավաճա՛ն» բառերը։ Ամբաստանյալն անդրադարձավ իրեն առաջադրված՝ «հայրենիքի դավաճանություն» հոդվածին (59) եւ խիստ սիրողական պաշտպանության դիմեց, թե «Սահմանադրությամբ հայրենիքը իրավական կատեգորիա չի սահմանում» եւ «եթե դրա տակ նկատի է առնվում Հայաստանի Հանրապետությունը, իմ հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է»։ Ամբաստանյալը գտնում էր, որ ինքը «ամբողջական հայրենիքին» չի դավաճանել։ Անդրադառնալով՝ իր ողջ ծրագրին, նա ասաց, որ իմաստն այն է եղել, որ «քուչի բռնապետությանը ուժ հակադրելով ստեղծվի նպաստավոր պայմաններ» եւ, որ իրական տերը՝ ժողովուրդն էլ հավաքվի ԱԺ-ում «իրենց պատկանող իշխանության տերը» դառնալու համար։ Ամբաստանյալը իր կարգավիճակով (երեկվա) հիշեցնում էր մեկ մեղադրողի, մեկ էլ հանկարծ փոխվեց ալտերնատիվ նախաքննական մարմնի՝ հայտնի նախաքննական մարմնին հարցեր ուղղելով. «Ես ժողովուրդ եմ հավաքել, որ ժողովրդի իշխանությունը զավթե՞մ» եւ կամ. «Այդպիսի դավադրություն լինո՞ւմ է»։ Ամբաստանյալի փաստարկներում այն միտքն էր, թե իշխանափոխություն հնարավոր էր, եթե իր տրամադրության տակ լիներ «ոչ թե երեւութական-միֆական ուժեր, այլ շատ որոշակի ուժեր»։ Այդ որոշակի ուժերի տակ նա նշեց երկուսը՝ կամ սեփական զինված ուժերի առկայությունը եւ կամ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը։ Ամբաստանյալը դեռ նախորդ նիստում խոստացել էր «բաց խոսել»։ Դատական նիստի շատ կարեւոր մի պահի նա ասաց, որ ուզում է բաց խոսել «մեկուկես տարում կուլիսներում, հրապարակներում հնչածի մասին»։ Դատավոր Սամվել Ուզունյանն այս կապակցությամբ հայտնեց. «Ես կուլիսների խոսակցությունը դատարան չեմ բերի, թույլ չեմ տա խոսել այն մասին, ինչը մեղադրանքի ծավալից դուրս է»։ Ամբաստանյալը, կարծես թե, հասկացավ ասվածը։ Սակայն մեղադրող կողմն այս անգամ պահանջեց հրապարակել. «Ի՞նչ կուլիսների մասին է խոսքը, այդ ո՞ր կուլիսների ինֆորմացիան պետք է ներկայացնի ամբաստանյալը եւ ի՞նչ աղբյուրից»։ Ամբաստանյալը, գոնե ինձ այդպես թվաց, դահլիճի ռեակցիան ստուգելուց հետո ասաց. «Այս քրգործի մեջ կան նյութեր, չնայած կարճվել են, ուզում եմ անդրադառնալ այն ցուցմունքներին, թե ո՞ւր են տանում։ Ինչ վերաբերում է կուլիսներին, ապա նկատի ունեմ այն, ինչ դուք եք մտածում, այն, ինչ մտածում են ուրիշները»։ Ի դեպ, անդրադարձը հիշատակված ցուցմունքների վերաբերում էին Ալիկ Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի, Նաիրի Բադալյանի եւ Հարություն Հարությունյանի դեմ տված հայտնի ցուցմունքներին, որոնք «սրբագրվեցին» ճիշտ մեկ տարի առաջ՝ 2000 թ. մայիսի 23-ին։ Սակայն «ի՞նչ են մտածում ուրիշները»։ Ամբաստանյալն առաջարկեց իր տարբերակները՝ ձեռնպահ մնալով «հասցեատեր» նշելուց։ Այդ «տարբերակը» նախաքննական մարմնի դեմ էր ուղղված, այն վարկածին, ըստ որի՝ նախաքննական մարմինն առաջ էր քաշել եւ գտել էր, որ Հունանյանի եւ նրա խմբի անդամների գործողությունների շարժը, նրանց վարքագիծը հանցագործության կատարման փուլում ու դեպքից հետո հիմք են տվել հանգելու հետեւության, որ «չի բացառվում կատարված հանցագործությանն այլ անձանց մասնակցությունը»։ Ամբաստանյալը նշեց, «այլ անձանց» մասին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Ալեքսան Հարությունյան-դրսի ուժեր-ներսի ուժեր-ի մասին։ Նա ասաց, որ ոչ ոք չէր կարող հավատալ, թե 5 հոգով իրենք գնացել են «զավթելու» ամբողջ իշխանությունը, առանց իրենց վստահեցնելու կամ էլ «ես գործել եմ որոշակի եւ հզոր մի ուժի թելադրանքով» (այ, ապրե՛ս, հնչեց դահլիճից, ինչի արդյունքում զայրացավ դատավորը, ասելով՝ սա շոու չէ, սա պրոցես է, սա ապակողմնորոշում է, թույլ տվեք աշխատել, մի խանգարեք)։ Շեշտելով, որ Հայաստանում այդպիսի «զինական» ուժ չկա, նա բացառեց եւ արտաքին ուժերի կողմից իրեն հավաքագրելն ու օգտագործելը. «Այդ երեւութական արտաքին ուժը ի՞նչ պիտի աներ իմ կողմից ԱԺ դահլիճը գրավելուց հետո»։ Եվ հանգեց այն հետեւությանը, թե «Այդ արտաքին ուժը Հայաստանում իր տրամադրության տակ պետք է ունենար կամ հզոր զինված ուժեր կամ էլ իր սեփական զինված ուժերով պիտի գար եւ ինձ օգներ»։ Սակայն կրկին հետեւեց հարցը. «Ապա ի՞նչ տրամաբանությամբ եմ մնացել ԱԺ-ում, երբ կարող էի ազատ եւ անարգել հեռանալ»։ Ամբաստանյալը հանգեց նաեւ այս կարգի հետեւությանը, եթե հնարավոր է 5 հոգով իշխանությունը զավթել, ապա դա նշանակում է այդ իշխանությունը իրականում գոյություն չունի։ Պաշտպանության տակ առնելով Ռոբերտ Քոչարյանին («հիմնական տարբերակ» անվանեց), նա ասաց, որ «ստեղծված» իրավիճակը թույլ չէր տա նրան 2003 թ. նախագահական ընտրություններում կրկին վերընտրվելու։ Նշելով, որ չունի «այս պահի» տեղեկություններ, ամբաստանյալը շարունակեց. «ընդհանուր գծերով իմանալով Ռոբերտ Քոչարյանի հեղինակության աստիճանը, ըստ էության ետհոկտեմբերյան իրավիճակում նրա հնարավորությունները նախագահ դառնալու՝ որեւէ բանով չեն ավելացել։ Ուրեմն, ի՞նչը պիտի մղեր նրան, մտածել, ծրագրել, իրականացնել հիշատակված անձանց գործողությունները»։ Նա իր նախագահի հետ հանդիպելը բացատրեց նրանով, որ «նա էր պետության ամենաբարձրաստիճան մարդը, եւ այդ իրավիճակում չկար մեկ ուրիշը, որի հետ կարելի լիներ եւ նպատակահարմար լիներ բանակցել»։ Հետեւաբար, իր «նախաքննության» տրամաբանությամբ սա էլ չէր կարող դրվել հնարավոր ապացույցների հիմքում։ Ամբաստանյալի ցուցմունքները (ընդմիջումից հետո) կրկնվում էին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել