Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ

Մայիս 22,2001 00:00

Զագսավորվում են հղի վիճակում Ըստ վիճակագրական տվյալների, Երեւանում նախորդ տարիների համեմատությամբ ավելացել է ամսունալուծությունների թիվը, իսկ դրան զուգահեռ՝ նվազել ամուսնությունները։ Ինչպես Երեւանի համայնքներում գործող զագսերի (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին) վարիչներն ասացին, դրանց (ամուսնալուծություններին եւ ամուսնություններին) նպաստում են առկա սոցիալական ծանր վիճակն ու վատ ապրելակերպը։ Ամուսնացած կինը կամ տղամարդը, տեսնելով որ չի կարող եւ ավելին, իր ուժերից վեր է ընտանիք պահելը, բաժանվում է կնոջից (կամ ամուսնուց) մեկնում ինչ-որ երկիր՝ բախտ որոնելու։ Եվ քանի որ զագսավորումը ամուսինների առաջ որոշ պարտավորություններ է կայացնում, ուստի շատ կանայք (նաեւ տղամարդիկ) խուսափում են զագսավորվել, միայն նրա համար, որպեսզի հետագայում ամուսնալուծվելիս բարդություններ չունենան։ Ամուսինները զագսավորվելու կամ ամուսնանալու համար նախօրոք հերթագրվում են իրենց տարածքային զագսում, ապա դիմում գրում, զագսավորման օր է նշանակվում, եւ հետո նոր նրանք գրանցվում են։ Մեկ ամուսնության գրանցումը 1000 դրամ է, իսկ ծնունդինը՝ 100 դրամ։ Արաբկիր համայնքի զագսի վարիչ Կարինե Շահբազյանի տվյալներով, ամուսնությունները նախորդ տարիների համեմատ շատացել են։ 2001-ի մայիսի դրությամբ զագսում այս տարի գրանցվել է 286 ամուսնություն, 64 ամուսնալուծություն։ «Հիմնականում հղի վիճակում են գալիս զագսավորվելու։ Դրանք նրանք են, որոնք մեկ շաբաթից կամ մի քանի օրից պետք է ծննդաբերեն։ Փաստորեն, նրանք այդ քայլին դիմում են ստիպված՝ միայնակ չկոչվելու մտավախությունից։ Հայրը ինքն էլ է հասկանում, որ չզագսավորվելու դեպքում հայրությունը չի կարող ճանաչել»,- ասաց տիկին Շահբազյանը։ Ըստ նրա, եթե զագսավորված չեն, բայց ամուսնությունն օրինականացված է, ապա երեխան իրավունք ունի հոր ազգանունը կրել, եթե, իհարկե, երկու ծնողների համաձայնությունը կա։ Չի բացառվում նաեւ անօրինական զագսավորումը։ Դա, ըստ Կ. Շահբազյանի, հիմնականում արվում է գործարքների համար (ԱՄՆ մեկնելու համար, դեսպանատներում հարցազրույցը անցնելու եւ այլն)։ Ճիշտ է, զագսավորողները դա զգում են, բայց հո չե՞ն կարող չթույլատրել, դա նրանց իրավունքը չէ։ Էրեբունու տարածքային զագսում այլ է վիճակը։ Վարիչ Անուշ Մկրտչյանի տվյալներով, նվազել են ամուսնությունները եւ շատացել ամուսնալուծությունները։ Վերջինս այդ հանգամանքը կապեց վատ ապրելակերպի հետ։ Եվ քանի զագսավորված լինելով ամուսինը (կամ կինը) չի կարող հրաժարվել իր պարտականություններից, ուստի ամուսնալուծվում է։ Տիկին Մկրտչյանը դեմ չէ նաեւ այն կարծիքին, որ զագսավորվելը չի պարտավորեցնում մարդուն, մանավանդ այսօրվա դրությամբ. «Առաջ ավելի շատ էր պարտավորեցնում, եւ դրանից այնքան էլ շատ բան չի կախված։ Եթե ընտանիքը համերաշխ է, բայց ոչ զագսավորված, դա չի խանգարում։ Այնքան ընտանիքներ կան, որ զագսավորված են, բայց անհաշտ»։ Իսկ չզագսավորված զույգից ծնված երեխայի հարցում, ըստ Ա. Մկրտչյանի՝ «երեխան օրինական է, կարեւորը, որ ծնողը հայրությունը ճանաչում է։ Նա կարող է ստանալ նույն ծննդականը, ինչ որ մյուս՝ զագսավորված ծնողների երեխաները»։ Վերջինիս տվյալներով, 2000թ. Էրեբունու զագսում գրանցվել է 474 ամուսնություն եւ 77 ամուսնալուծություն։ 2001-ի մայիսի դրությամբ ամուսնացածների թիվը 166 է, ամուսնալուծվածներինը՝ 40։ Անցյալ տարի գրանցվել է 1514 ծնունդ, այս տարի՝ 518։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել