Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ ստուգող կազմակերպությունները ոչ միայն անթերի չեն, այլեւ առանձին դեպքերում նրանց գործո

Մայիս 22,2001 00:00

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՍՏՈՒԳԵԼ Պարզվում է, որ ստուգող կազմակերպությունները ոչ միայն անթերի չեն, այլեւ առանձին դեպքերում նրանց գործունեությունը նույնիսկ հանցավորության է հասնում։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ գործադիր իշխանության տարբեր գերատեսչությունների տեսչական, հսկողական եւ ստուգման գործառույթներով օժտված կազմակերպությունների աշխատանքում առկա են մի շարք խախտումներ, բացթողումներ ու թերություններ։ Այսպիսով ստուգողների աշխատանքի ստուգումը թեեւ ոչ անսպասելի, բայց բավականին հետաքրքիր արդյունքներ է արձանագրել։ Չնայած գյուղնախարարի հերքումներին, դատախազությունը պարզել է, որ, այնուամենայնիվ, խախտումներ ու բացթողումներ են թույլ տրվել մարդասիրական օգնությունների բաշխման ընթացքում։ Երաշտի հետեւանքների վերացման եւ կարտոֆիլի տնկանյութ մատակարարելու նպատակով 10 հազար տոննա ցորենը եւ 500 տոննա կարտոֆիլը չնայած Սիրիայի կողմից Հայաստանին է տրամադրվել որպես օգնություն, եւ մեր կառավարության կողմից էլ որակվել է որպես բարեգործական, բայց առանց չարաշահումների գործը գլուխ չի եկել։ 450 տոննա կարտոֆիլը բաշխվել է մարզպետարաններին՝ հանձնաժողովների միջոցով համայնքներին հատկացնելու համար։ Սակայն դրա փոխարեն հատկացվել է տասնմեկ անհատ ձեռներեցների, որոնցից ընդամենը երկուսն են ունեցել սերմարտադրության լիցենզիա։ Մնացած 50 տոննան հատկացվել է Փոթիից Այրում փոխադրելու ծախսերը փոխհատուցելու համար։ Նույնպիսի վիճակ է նաեւ գյուղնախարարության կողմից ներկրված եւ համայնքներին հատկացված ազոտական պարարտանյութերի փոխադրման նպատակային իրացման եւ օգտագործման հարցում։ Շիրակի մարզի Բավրա գյուղում պարարտանյութը համայնք չի տեղափոխվել ու չի բաշխվել, Թորոս գյուղում ընդամենը 5 բնակչի է բաշխվել, ընդ որում, 8 տոննայից 5172ը՝ 1 բնակչի եւ այլն։ Իսկ մի շարք համայնքներում մասնավոր անձինք թունաքիմիկատներ եւ հանքային պարարտանյութեր են վաճառում առանց համապատասխան թույլտվության ու փաստաթղթերի։ Վարչության արձանագրմամբ, «այս խախտումների վերաբերյալ արձանագրություններն իրավապահ մարմիններին չեն ուղարկվել, համարժեք ներգործության միջոցներ չեն ձեռնարկվել, ըստ էության, չի լուծվել պետությանը պատճառված վնասի վերականգնման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը»։ Մեզ թույլ տանք ենթադրել, որ այնքան էլ անմեղ պատճառներ չեն սրանց տակ թաքնված եւ կարծես թե «փող աշխատելու» փորձեր են «երեւում տողատակերում»։ Խախտումներով է ներկայացվում անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը։ Գյուղի բնակիչները սոցիալական նպաստ ստանալու նպատակով անասնագլխաքանակի վերաբերյալ գյուղապետերից կեղծ տեղեկանքներ են վերցնում՝ սոցապ ծառայություններին ներկայացնելու նպատակով։ Բնականաբար, նույն կեղծ տեղեկանքների հիման վրա է հաշվարկվում նաեւ հանրապետության անասնագլխաքանակը, սրա հիման վրա էլ՝ պետպատվերի շրջանակներում տարբեր հիվանդությունների (դաբաղ եւ այլն) դեմ կատարվելիք պատվաստումների քանակը։ Բացի այն, որ վտանգվում է անասունների հիվանդությունների կանխարգելման գործընթացը, դատախազության գնահատմամբ, նաեւ զգալի վնաս է պատճառվում պետությանը։ Հիշատակված առումներով դրականորեն աչքի չեն ընկնում նաեւ պետեկամուտների, բնապահպանության գերատեսչությունները, որոնց վերաբերյալ առանձին հրապարակումներ կլինեն։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել