Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հերթական անգամ համոզվեցինք, որ հակառակ որոշ պնդումների, իրականում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյան

Մայիս 22,2001 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ «Հերթական անգամ համոզվեցինք, որ հակառակ որոշ պնդումների, իրականում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ոչ մի հակասություն էլ չկա»,- եւս մեկ անգամ պնդեց Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում պաշտպանության նախարարի այն խոստովանությանը, թե Հայաստանն, այո, տարածքներ է գրավել, բայց դրանից չպետք է ամաչել։ Ա.Մանուչարյանը շեշտեց, թե, ըստ էության, Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը նույն մոտեցումն ունեն նաեւ այդ հարցում, բայց մեկը դրա մասին խոսում է անգլերեն, քանի որ անգլերեն է սովորում, մյուսը՝ այդ պնդումը մեկնաբանում է հայերենով, բայց ղարաբաղյան առոգանությամբ։ Ըստ էության՝ «Երկուսն էլ սպասարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման Արեւմուտքի գիծը»։ Անդրադառնալով «օկուպացված տարածքների» արդեն քննարկման առարկա դարձած հիմնախնդրին, պարոն Մանուչարյանն առանց պատմական էքսկուրսներ կատարելու, հիշեցրեց, որ ազատագրված տարածքներում, օրինակ՝ Զանգելանում, այսօր հայեր են ապրում, որոնք մազապուրծ փախել են ադրբեջանցիների կողմից գրավված տարածքներից՝ Բաքվից, Սումգայիթից եւ այլն։ «Ու հիմա ի՞նչ է առաջարկվում նրանց, ո՞ւր գնալ՝ Բաքո՞ւ», առավել եւս, որ հակամարտության կարգավորման բանակցություններում «փախստականների վերադարձ» ձեւակերպման ենթատեքստում երբեք չի խոսվել հայ փախստականների վերադարձի մասին։ Հայտնի չէ նաեւ, թե Արեւմուտքն ի՞նչ է նախատեսում, ասենք, Բաքվից, Սումգայիթից եւ դաշտային Ղարաբաղից բռնագաղթած հայերի վերադարձի մասին։ Անդրադառնալով եռանախագահողների աղետի գոտի կատարած այցելությանը, որի ժամանակ վերջիններս մարդկանց խոստանում էին օգնել վերականգնելու աղետի գոտին՝ միայն թե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Ա.Մանուչարյանը նկատեց, թե դա խիստ կարիքի մեջ գտնվող աղետյալ ժողովրդին արված՝ լավ ապրելու դիմաց, հայրենիքը վաճառելու անբարոյական առաջարկ է։ «Դա կոչվում է ամերիկյան դեմոկրատիա եւ դրա կրողը Հայաստանում Քոչարյանն է»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել