Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթի հայտարարությունը

Մայիս 22,2001 00:00

Նպատակը լռեցնելն է «Չորրորդ իշխանություն» թերթի հայտարարությունը 2001 թ. մարտի 28-ին ՆԳՆ մի խումբ աշխատակիցներ առգրավել են «Չորրորդ իշխանություն» թերթի (հիմնադիր եւ հրատարակիչ՝ «Օգոստոս» գործակալություն) կողմից օգտագործվող գույքը, պատճառաբանելով, որ այն գտնվում է նախարարության հաշվեկշռի վրա։ Մայիսի 10-ին «Չորրորդ իշխանություն» թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանին կանչել են զինդատախազություն եւ հարցաքննել թերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ, որոնք կոշտ քննադատություն էին պարունակում իշխանությունների հանդեպ հոկտեմբերի 27-ի դեպքերի կապակցությամբ որդեգրած քաղաքականության համար։ Հարցաքննության ընթացքում քննիչները նաեւ պահանջել են բացահայտել այդ հրապարակումների հեղինակների անունները։ Մայիսի 16-ին, ժամը 17-ին «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս» գործակալությունում հարկային տեսչությունը սկսել է ստուգումներ առանց օրենքով նախատեսված նախարարի հանձնարարականի (ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածները)։ Ապօրինի ստուգման ընթացքում հարկային տեսչության աշխատակիցների խումբը Սպանդարյանի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Յուրի Սիմոնյանի ղեկավարությամբ մինչեւ գիշերվա 1։30 ուսումնասիրել է «Օգոստոս» գործակալության գործունեությունը եւ հաշվապահական փաստաթղթերը։ Չբավարարվելով դրանով՝ տեսչության աշխատակիցները ապօրինաբար առգրավել են արտադրանքի, ապրանքների եւ դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թվով 29 գրքույկ եւ 33 ներդիր միջուկ, ինչպես նաեւ՝ գույքագրել գործակալությանը պատկանող 4 կետ։ Նրանք նաեւ ստիպել են գործակալության տնօրենին ստորագրել հայտարարություն գործակալության գործունեության մասին, որը թելադրվել է նրանց կողմից։ Առգրավված փաստաթղթերը մինչեւ օրս վերադարձված չեն։ Այս ապօրինի գործողություններին հետին թվով օրինականություն հաղորդելու նպատակով մայիսի 18-ին վերջապես ներկայացվել է ստուգման մասին պետական եկամուտների նախարարի հանձնարարականը, որը, սակայն, թույլ է տալիս սկսել ստուգումը միայն մայիսի 23-ին։ Մինչ նշված ժամկետը իրականացված ստուգումները նախարարությունը անվանել է «այցելություն»։ «Օգոստոս» գործակալության այն առարկությանը, որ օրենքի որեւէ դրույթով նախատեսված չէ «այցելություն» հասկացությունը եւ այդ անվան տակ ստուգումների իրականացումը, նախարարությունը «Առավոտ» թերթի միջոցով հայտարարել է. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե այցելություն հասկացությունն օրենքով նախատեսված չէ, ապա ինչ օրենքով արգելված չէ՝ թույլատրված է» («Առավոտ», մայիսի 19)։ Ապօրինի գործողություններն արդարացնող այս աննախադեպ հայտարարությունը ուղղակիորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, ըստ որի՝ «Պետական մարմինները եւ պաշտոնական անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»։ Ստուգման իրական նպատակների մասին լուրջ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ստուգող խմբի մեջ ընդգրկվել են 9 տեսուչներ, որն աննախադեպ քանակ է նման ձեռնարկության համար։ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի դեմ ձեռնարկած՝ իշխանությունների հակասահմանադրական եւ ապօրինի այս քայլերի շղթան, որում համաձայնեցված համագործակցում են նախագահ Քոչարյանի հսկողության տակ գտնվող տարբեր պետական մարմինները, վկայում է այն մասին, որ իշխանությունների նպատակն է լռեցնել «Չորրորդ իշխանություն» թերթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել