Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցնում

Մայիս 22,2001 00:00

«ԷՍ Ի՞ՆՉ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՌԵԱԿՑԻԱ Է» Հարցնում է Վլադիմիր Նազարյանը Հայաստանի Ժողովրդական կուսակցության եւ «Հայաստան» պատգամավորական խմբի համատեղ հայտարարության արդյունքում երկրի եղած ու չեղած քաղաքական դաշտը հերթական անգամ բաժանվեց երկու մասի։ Հայտարարության մեջ առաջարկ է արվել ՀՀ ԱԺ-ին ՀՀ Սահմանադրության 73 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ դատաքննության ընթացքում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած օրինականության հնարավոր խախտումների մասին ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար։ Իրավագետ Վլ. Նազարյանի հետ զրույցը նպատակ ունի պարզել՝ որքանո՞վ է իրավաբանության նորմերին համապատասխանում հայտարարությունը։ Պրն Նազարյանի բացատրությամբ՝ կան նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են նախնական կալանքի կամ դատաքննության մեջ գտնվող կալանավորների, տվյալ պարագայում՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով գլխավոր ամբաստանյալի պահպանության կանոնները։ Մանրակրկիտ սահմանված են ապրելակերպի կարգը, պայմանները, փոխադրման ձեւերը եւ այլն։ Ստեղծվելիք հանձնաժողովն առաջին հերթին պետք է ուսումնասիրի՝ կատարվո՞ւմ են այդ նորմատիվային ակտերը, այսինքն՝ իրավական պետությո՞ւն ենք, թե՞ ոչ։ Հանձնաժողովը պետք է նաեւ տեղեկատվություն հավաքի հերթապահած խմբերից, պաշտոնատար անձանցից այն մասին, թե արդյոք պահպանվո՞ւմ են կանոնները։ Բայց ի՞նչ երաշխիք, որ կասվի ճիշտը։ Վլ. Նազարյանը հարցը հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չեն գտնվի մարդիկ, որոնք ուղղակի կասեն խախտումների մասին, եթե եղել են։ Որտեղի՞ց է գալիս «բոլոր մարդիկ ավազակ են» կանխավարկածը։ Ինչո՞ւ չմտածենք, որ կլինեն մարդիկ, որոնք դժգոհ են «դրան» ցույց տված օգնությունից, այսինքն՝ ապօրինությունից, մանավանդ գիտենք, որ հասարակ ժողովուրդն ատելով ատում է այդ ճիվաղին»։ Պրն Նազարյանը գտնում է, որ հանձնաժողովի խնդիրներից մեկն էլ այն է լինելու, որպեսզի ուսումնասիրի եւ պարզի, թե ի՞նչ հանգամանքներում է մահացել «27»-ի գործով կալանավորներից մեկը, ի՞նչ ուսումնասիրություն է կատարված այս ուղղությամբ։ Մյուս խնդիրը վերաբերում է գլխավոր ամբաստանյալի՝ ԱԱ մեկուսարանում գտնվելուն. «Գուցե ԱԱ նախարարությանն էլ է ձեռնտու, որպեսզի գլխավոր ամբաստանյալը իր մեկուսարանում չլինի, որպեսզի եղած կասկածները փարատվեն։ Իսկ վերջին հաշվով, դա մի տեսակ արտոնյալ վիճակ է՝ ստեղծված նրա համար։ Ինչո՞ւ, ինչո՞ւ նրան չվերաբերվել որպես սովորական հանցագործի»։ Վլ. Նազարյանի պնդմամբ, բոլոր նրանք, ովքեր կիրակի օրվա «Օրակարգ» ծրագրում խոսում են ապօրինի իրավական օգնություն ցույց տալ-չտալու մասին, սխալվում են. «Բայց ինչո՞ւ, չէ՞ որ նրանք ունեն հայտարարության տեքստը, որում ոչ մի իրավական օգնության մասին խոսք չի գնում։ Մենք ասում ենք հետեւյալը. «Այս օրերին դա (ահաբեկիչներին հովանավորելու արտառոց մթնոլորտ- Մ. Ե.) դրսեւորվում է ահաբեկիչներին, հատկապես՝ դրանց պարագլխին, դատաքննության ընդմիջումների ժամանակ ցույց տրվող ապօրինի, հակաիրավական աջակցության մեջ, որի արդյունքում Ն. Հունանյանն ընդմիջումներից հետո դատական նիստի է գալիս հոգեբանորեն առույգ եւ նոր լիցքով շտկումներ է կատարում իր արդեն իսկ տված ցուցմունքներում։ Այստեղ «ապօրինի աջակցություն» բառերը ո՞նց են դարձնում «իրավաբանական օգնություն», եւ հետո էլ հարգարժան Ռուբեն Սահակյանն ինչ-որ առաջարկներ է անում զուգարան տանելու մասին։ Ի՞նչ է պատահել՝ հիմա էլ իրար հետ մրցում ենք նման կարգի անտակտ դրսեւորումների մեջ, հա՞։ Ինձ զարմանք է պատճառում այն եռանդը, այն ավյունը, որ դրսեւորվում է, իմ կարծիքով, չտուժած մարդկանց կողմից։ Էն հանգամանքը, որ ՀԺԿ-ն, որի առաջնորդը սպանվել է, որը 4 զոհ է տվել, մի պահ ենթադրենք՝ զգացմունքային հայտարարություն է անում, հասկանալի պետք է լինի։ Բայց ինձ զարմանք է պատճառում զուտ զգացումային հակահայտարարությունները մարդկանց, որոնք (ասեմ՝ ցավոք, զոհ են ունեցել, չի լինի չէ՞, չարամտություն կլինի) համենայդեպս՝ մեղմ ասած, առնչություն չունեն։ Այն տպավորությունն եմ ստացել, որ էդ բոլորն արվում է նրա համար, որ հանկարծ Նաիրի Հունանյանը իրենցից չնեղանա»։ Իրավագետի մեկնաբանությամբ, կարելի է վիճել ցանկացած օրենքի եւ օրինագծի շուրջ կամ ուրիշ-ուրիշ հարցերի շուրջ, բայց այս պարագայում, երբ տուժված կուսակցությունը տառապալից է, դրանից բխող կասկածներ ունի եւ ուզում է փարատել այդ կասկածները, մի՞թե այդպիսի արձագանք պետք է տրվի. «Էս ի՞նչ խուճապահար ռեակցիա է»։ Վլ. Նազարյանի կարծիքով, այս պարագայում իրավաբանական անտեղյակությունը անցել է բոլոր սահմանները. «Այդ աստիճանի անտեղյակությո՞ւն, եւ արտակարգ սուբյեկտիվ բնույթի։ Մեր ասածն ի՞նչ է՝ տուժողների հարազատները մեզ ասում են, որ կան հիմնավոր տեղեկություններ, որ դա ընդմիջումներից հետո կերպարանափոխված է ներկայանում եւ հիմնավոր կասկած է առաջացել, որ դրան աջակցություն է ցույց տրվում։ Չենք ասում՝ իրավաբանական, ասում ենք՝ աջակցություն»։ Հանձնաժողովը պետք է այս կասկածները փարատի կամ հաստատի. «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ոմանք իրար անցել։ Ես չէի ուզի, որ այդ իրար անցնողների հետ պատահեր, բայց թող մի պահ պատկերացնեն, թե իրենց ծնողների հետ է եղել նման ողբերգություն կամ իրենց եղբոր հետ։ Թող մի պահ պատկերացնեն եւ ավելի զուսպ լինեն իրենց դրսեւորումների մեջ»։ Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի առաջարկն է՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Ի՞նչ վճիռ կկայացնի երկրի օրենսդիր մարմինը։ Ըստ պրն Նազարյանի, եթե պատգամավորները բոլոր դեպքերում տուժածներ են, ապա պետք է համաձայն լինեն ՀԺԿ-ի եւ «Հայաստանի» հարցադրումներին եւ հնարավորություն ընձեռեն, որպեսզի, իրոք տեղեկատվություն ներկայացվի ԱԺ, հնարավոր խախտումների եւ անօրինականության վերաբերյալ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել