Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի շարք հարցերի նկատմամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը պարզելու նպատակով «Առավոտը» դիմեց նա

Մայիս 22,2001 00:00

«ԱՌԿԱ ԵՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ ՏՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ» Մի շարք հարցերի նկատմամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը պարզելու նպատակով «Առավոտը» դիմեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին։ – ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ու պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը բազմիցս իրենց հարցազրույցներում նշել են, որ հոկտեմբերի 27-ից հետո նախագահ Քոչարյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ հրաժարական է տալու, բայց չի կատարել խոստումը։ Նախկին վարչապետն անգամ նշել է, որ դրանում եղել է իր դերը՝ նախագահին հետ է պահել այդ մտադրությունից։ – Հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակը բազմիցս եւ հանգամանորեն վերլուծվել է մամուլում, հայտնվել են բազմաթիվ կարծիքներ, արվել զանազան դատողություններ։ Եվ ես չէի ցանկանա անդրադառնալ այդ ժամանակահատվածում տարբեր մարդկանց խաղացած դերերին, առավել եւս՝ այդ դերերի մասին նրանց իսկ պատկերացումներին։ Կարծում եմ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի եւ ցույց կտա յուրաքանչյուրի ունեցած իրական նշանակությունը, ինչը, պետք է նշեմ, շատ դեպքերում տարբեր է այն նշանակությունից, որ շատերն իրենց վերագրում են։ – Ինչպիսի՞ն է նախագահի վերաբերմունքը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության վերաբերյալ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի հայտարարության նկատմամբ։ – Այդ հայտարարությունն, անկասկած, դատավարության քաղաքականացման փորձ է՝ պայմանավորված, հավանաբար, այն փաստով, որ չեն արդարացել ոմանց ակնկալիքները. դատավարությունն ընթանում է օրենքի շրջանակներում։ Չեմ գտնում, թե տրամաբանական է կարծել, որ կա մի խորհրդավոր եւ ազդեցիկ ուժ, որ Նաիրի Հունանյանի հետ գաղտնի խորհրդատվություններ է անցկացնում, սակայն այն չի կարողանում կամ չի կռահում, որ կարելի է վարձել դատապաշտպան եւ այդ անել բացահայտ եւ օրենքով նախատեսված, ամբողջ աշխարհում ընդունված կարգով։ Ցավոք, հայտարարությունն ու այն մակարդակը, որով այն հրապարակվեց, վկայում են այն մասին, որ Ազգային ժողովում եւ քաղաքական մեծամասնության մաս կազմող ուժում առկա են մտահոգության տեղիք տվող խնդիրներ։ – Թերթերում հրապարակվեց տեղեկություն, որ ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը Հայաստանի Գրողների միության նախագահի թեկնածու «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Լեւոն Անանյանին հորդորել է հանել իր թեկնածությունը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ուրիշին է պաշտպանում։ Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը։ – Ակնհայտ միտումով տարածված հերյուրանք է։ Գրողների միության նախագահի ընտրությանը որեւէ ձեւով միջամտելու մտադրություն ՀՀ նախագահը չի ունեցել եւ չի միջամտել։ Ռազմիկ Դավոյանը նախագահից նման հանձնարարություն չի ստացել։ – Նախագահին չի՞ մտահոգում արդյոք Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված Մոսկվայում ստեղծված իրավիճակը։ – Հայտնի է, որ եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ նախագահը եկեղեցու գործերին չի միջամտում։ Այնուհանդերձ, նկատի ունենալով Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի կյանքում, նախագահը չի կարող վերաբերմունք չունենալ։ Նա գտնում է, որ նման դեպքերը եւ երեւույթները վտանգավոր են եւ հուսով է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի վճռական քայլը հանգուցալուծել է իրավիճակը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել