«ՀՐԱԶԴԱՆԸ» 30 ՏԱՐԵԿԱՆ Է Այսօր լրանում է հանրապետության խոշորագույն եւ ամենամարզական կառույցներից մեկի՝ «Հրազդան» մարզադաշտի 30-ամյակը։ Ուղիղ երեսուն տարի առաջ այս կառույցն իր դռները բացեց մարզասերների առջեւ՝ ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Արարատ» (Երեւան)-«Կայրաթ» (Ալմա-Աթա) հանդիպումով, որը նշանավորվեց մեր թիվ մեկ (ու միակ) թիմի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3։0։ Այս հոյակերտ կառույցի «բացումը» այդ օրը կատարեց Ալեքսանդր Կովալենկոն՝ խփելով «Հրազդան» մարզադաշտում առաջին ու պատմական գոլը։ Այդ օրվանից շատ ջրեր են հոսել։ «Հանրապետական» ստադիոնի անգործունեության «բացը» լիովին լրացվեց այստեղ։ Եթե «Հանրապետականը» մեր մարզական պատմությունն է, ապա «Հրազդանը» հայկական սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի, նվաճումների խորհրդանշանն է։ Այստեղ է «Արարատը» կռել իր նախ՝ արծաթե, ապա ոսկե մեդալը, այստեղով է անցել դեպի ԽՍՀՄ գավաթը տանող ուղին։ «Հրազդան» մարզադաշտը հյուրընկալել է աշխարհի բազմաթիվ մարզական «աստղերի» ու գործիչների, ինչպես, օրինակ, հանրահռչակ ֆուտբոլիստներ Ֆրանց Բեկենբաուերը, Միշել Պլատինին, Զինեդին Զիդանը, աշխարհի ու Եվրոպայի այլ չեմպիոններ։ Իրենց այցելությամբ մարզակառույցը պատվել են ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը, ՖԻՖԱ-ի նախագահ Յոաո Ավելանժը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնը… այլ երեւելիներ։ Ու բոլոր-բոլորը հիացել են մարզակառույցի ճարտարապետական ինքնատիպ լուծումներով, այդ մասին արտահայտվել անկեղծ։ «Հրազդան» մարզադաշտը նաեւ Հայաստանի մշակութային կյանքի կարեւորագույն խաչմերուկներից է եղել։ Այստեղ իրենց արվեստն են ցուցադրել Հայաստանի, ԽՍՀՄ եւ աշխարհի բազմաթիվ նշանավոր դեմքեր, անցկացվել են «Ոսկե աշուններ», համերգներ։ Ու այդ ամենը տեղի է ունեցել լեփ-լեցուն տրիբունաների պայմաններում։ Ավաղ, այսօր «Հրազդան» մարզադաշտը դժվար ժամանակներ է ապրում։ Շուկայական հարաբերությունների անցուդարձում կառույցը սեփականաշնորհվել է։ Առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ, առանց որոնց լուծման, այն կմնա որպես մեծ իրադարձություններից մի կողմ քաշված շինություն, ինչպես հիմա է։ Մարզական եռուզեռը վերակենդանացնելու համար այստեղ մեծ ծախսեր են պահանջվում։ Նախ, ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն ժամանակակից նմանատիպ մարզակառույցներին խիստ եւ կոնկրետ պահանջներ են ներկայացնում, որոնք չբավարարելու դեպքում մարզօջախը զրկվում է միջազգային հանդիպումներ հյուրընկալելու իրավունքից։ Մարզակառույցի ներկայիս տերերը, ինչպես հայտարարվեց երեկ նրանց կազմակերպած մամուլի ասուլիսում, փորձում են եղած հնարավորությունների սահմաններում կարգավորել գործերը։ Սակայն, նախ միջոցները խիստ սահմանափակ են, ապա՝ նաեւ այսօրվա տեմպերով դրա համար երկար ժամանակ է պահանջվելու։ Գիտակցաբար չխորանալով ասուլիսում բարձրացված հարցերի ու նաեւ լռության մատնված թեմաների բուն պատճառների, դրանց էության ու հնարավոր հետեւանքների մեջ, նշեմ միայն մի բան. ամեն երկիր չէ, որ ունի «Հրազդանի» նման ինքնատիպ կառույց ու ամեն տարի չէ, որ առիթ է լինում նշելու 30-ամյա հոբելյան։ Ափսոս, որ պետությունը չի հիշում այս տարեթիվը, հազար ափսոս, որ այսօր մարզակառույցի տերերի ու համապատասխան հասարակական կազմակերպության միջեւ փոխադարձ անհանդուրժողականություն կա, ու ոչ ոք չի անում առաջին, բայց եւ լուրջ ընդառաջ քայլը։ Մի բան հաստատ է. որ կողմն ինչ էլ ասի, ինչով էլ հիմնավորի իր դիրքորոշումը, միեւնույն է, տուժում է հանրապետության մարզական ու մշակութային կյանքը, տասնյակ ու հարյուր հազարավոր մարզասերներ, ամբողջ ժողովուրդը, որը, փաստորեն, այսօր զրկվել է իր պատմության 30 տարիները վերհիշելու հնարավորությունից։ Ա. Հ.