Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԵՐԵԼԱԿԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿ Է

Մայիս 19,2001 00:00

ՎԵՐԵԼԱԿԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵՍԱԿ Է Տարիներ շարունակ բարձրահարկ շենքերի վերելակների անաշխատունակության հետեւանքով բնակիչները բեռնված վերուվար էին անում ոտքով։ Եթե այս «սպորտաձեւը» եւս մի քանի տարի շարունակվի, ապա ամբողջ հայ ազգը հաջողությամբ կհանձնի միջազգային մարզական բոլոր նորմերը։ Վերջին տարիներին Հայաստանում վերելակային տնտեսությունը «զարգանալով»՝ ձեռք բերեց ուրույն ոճ։ Մի քանի տարի առաջ վերելակային «աշխարհում» եղավ նորամուծություն։ Մայրաքաղաքի վերելակները սկսեցին աշխատել ոչ թե կոճակով, ինչպես ամբողջ աշխարհում է, այլ բանալիով։ Յուրաքանչյուր տան անդամ ուներ իր բանալին։ Սակայն այն արդեն համարվում է անարդյունավետ հնություն եւ հայտնվել է հերթական նորույթը։ Շուտով վերելակները սկսելու են աշխատել ժետոնային համակարգով։ Փորձերն արդեն կատարվել են որոշ թաղամասերում։ Մեկ ժետոնն արժե 3 դրամ, այն մեկ անգամվա օգտագործման համար է։ Յուրաքանչյուր կանգառից հետո բնակիչը պետք է գցի նոր ժետոն՝ կանգառը շարունակելու համար (այսինքն, եթե ձեր հարեւանը բնակվում է ձեզանից ներքեւ՝ ձեր հարկ բարձրանալու համար դուք պետք է գցեք նոր ժետոն)։ Քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Լեւոն Ղազազյանն ասաց, որ ո՛չ բանալիով, ո՛չ էլ ժետոնային համակարգով օգտագործելը պետական որոշում չէ, այլ համատիրությունների եւ բնակիչների ընդհանուր համաձայնության արդյունք։ Ժետոնային համակարգը առաջարկել է «Մարս» արտադրական միավորումը։ Լ. Ղազազյանի կարծիքով, այս համակարգի կիրառումը ավելի ճիշտ է, քանի որ «վերելակից օգտվում են բոլորը, սակայն մինչեւ 5-րդ հարկ ոչ ոք չի վճարում։ Ի դեպ, վարձավճարներ չեն տալիս հիմնականում ծայրահեղ աղքատները եւ ծայրահեղ հարուստները։ Բնակիչները նաեւ բողոքում են, թե ինչու է մեկը մյուսի չափ վճարում, երբ մեկը բազմանդամ ընտանիք է, իսկ մյուսը միայնակ է։ Կամ՝ մեկը վերեւի հարկում է ապրում, մյուսը՝ ստորին»։ Վերջինիս կարծիքով, ժետոնային համակարգը ամենաօպտիմալ լուծումն է։ Այսինքն, ով որքան վերելակից օգտվի, այնքան էլ կմուծի։ Լ. Ղազազյանը շեշտեց, որ մայրաքաղաքի վերելակների 70%-ը աշխատելու իրավունք չունի։ Ըստ նրա, վերելակային տնտեսությանը պահանջվում են խոշոր ֆինանսական ներդրումներ եւ հավանաբար դրանք պետք է լինեն «կամ ներդրումային ծրագրի, կամ գրանտների շնորհիվ, քանի որ բնակիչների վարձավճարներով անհնարին է կարգի բերել վերելակային տնտեսությունը»։ Լ. Ղազազյանը նշեց, որ այդ հարցով իրենք դիմել են կառավարությանը եւ ակնկալում են դրական պատասխան։ Իսկ մինչ այդ, քաղաքապետի հանձնարարականով ստուգվում է մայրաքաղաքի վերելակների աշխատունակությունը։ Վերականգնվել է նախկինում գործող «Վերելակ» ՓԲԸ-ն, որը եւ այսուհետ պետք է զբաղվի վերելակների խնդրով։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել