Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանի, Արեւմուտքի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Ցեղասպանության կտրվածքով արտաքին քա

Մայիս 19,2001 00:00

Խաղաղությունը պետք է հաստատվի փոխհամաձայնությամբ Ռուսաստանի, Արեւմուտքի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Ցեղասպանության կտրվածքով արտաքին քաղաքականության գնահատականն են տալիս մայր բուհի դասախոսները: Իշխան Բալյան. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Արտաքին քաղաքականությունն ըստ էության ներքինի շարունակությունն է, որ հիմնականում պետության, ազգի քաղաքական համակարգի կայունությանն ու շահերի պաշտպանությանն է ուղղված: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ռազմավարական առումով այսօր ճիշտ ուղու վրա է: Երբ մենք Խորհրդային կայսրության կազմում էինք, խնդիրներն այլ էին, այսօր դրանք միանգամայն նոր որակ ունեն: Ինչպե՞ս պետք է կարողանանք բազմաբեւեռությամբ, երկբեւեռությամբ կամ միաբեւեռությամբ համաշխարհային քաղաքական աշխարհում ներկայացնել մեր շահերը: Դա մեծապես կախված է եւ՛ այդ քաղաքականությունն իրականացնող օբյեկտների պրոֆեսիոնալ մակարդակից, եւ՛ ներդրումների միջոցով ճիշտ քաղաքականություն իրականացնելուց: Չէի ասի, թե մենք միանշանակ պետք է դեպի Ռուսաստան կամ դեպի Արեւմուտք հակված լինենք: Քաղաքականությունը սահուն երեւույթ է եւ պետք է իրականացվի ըստ տեղի ունեցող գործընթացների: Կան ասպեկտներ, որոնք մեզ մղում են դեպի Ռուսաստան, կան նաեւ այնպիսիները, որոնք մեզ կապում են Արեւմուտքի հետ: Պարզապես պետք է կարողանալ ճիշտ լուծել տնտեսական խնդիրները, որով եւ արտաքին քաղաքականության կայուն ընթացքն ապահովող երաշխիքներ կունենանք: Ղարաբաղի հարցում, ինչ խոսք, քաղաքական առումով դրական քայլեր կան: Այս հարցը պետք է լուծվի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը հաշվի առնելով: Եթե շեշտը դրվի այս խնդրի վրա, հարցի լուծումը որոշակի առաջընթաց կարձանագրի: Սամվել Հարությունյան. Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Անկախ պետություն հասկացությունը չպետք է նշանակի, թե երկիրը պիտի անկախ տնտեսություն ունենա, որեւէ երկրի հետ կապ չունենա: Նորմալ եմ համարում միաժամանակ եվրոպական երկրների, Ռուսաստանի, Արեւմուտքի եւ առավել եւս մեր հարեւանների հետ հարաբերությունների հաստատումը: Ռուսաստանը պատմականորեն մեր հարեւանն է եղել, եւ մեր հարաբերությունները պետք է շարունակվեն, բայց ոչ ի հաշիվ մյուս երկրների: Ղարաբաղի հարցը ցանկացած տարբերակով լուծելու դեպքում պետք է անպայման հաշվի առնվի Ղարաբաղի եւ Հայաստանի բնակչության կարծիքը: Չէ՞ որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը ձեռնտու է բոլոր երկրներին, որոնք տնտեսական եւ քաղաքական շահեր ունեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված: Կարծում եմ, որ խաղաղությունը փոխհամաձայնությամբ պետք է հաստատվի: Ղարաբաղն ու Հայաստանը հասկանում են, որ հարցը փոխադարձ զիջումներով պետք է կարգավորվի. թե զիջումներն ինչ մակարդակում կլինեն, դա էլ ժողովրդի կամքն է: Բաբկեն Հարությունյան. Հայ ժող. պատմության ֆակուլտետի դեկան Ամեն մի անկախ երկիր պետք է ունենա իր հստակ կողմնորոշումները: Իսկ կողմնորոշում ասածը բնավ չպիտի նշանակի որեւէ մեկի սայլին կառչել՝ մոռանալով սեփական շահերը: Իրերի բերումով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ Հայաստանը հայտնվել է միջանկյալ դերում եւ իր հետագա գոյությունը շատ դեպքում պայմանավորված է այդ դերով: Եթե Ռուսաստանի պետական շահերը պահանջում են, որ Ղարաբաղի հարցը Հայաստանում չճանաչվի, ոչ ոք էլ չի ճանաչի: Եթե մի գեղեցիկ օր պահանջի, որ Ղարաբաղը անցնի ՀՀ-ին, այդպես էլ կլինի: Այնպես որ, արտաքին քաղաքականություն վարելիս չպետք է զրկվել այլընտրանքային ուղիներից: Եթե մենք կարողանանք կայունացնել Հայաստանում տիրող իրավիճակը, վստահ եղեք, որ նոր դարում աշխարհը կճանաչի Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի անբաժան մաս լինելու փաստը: Այլեւս չկա Խորհրդային Միությունը, բաժան-բաժան են եղել բոլոր տեսակի միութենական հանրապետությունները. աշխարհը կանգնել է մեծ փոփոխությունների առաջ: Այնպես որ, Ղարաբաղի հարցին անդրադառնալիս պետք է նախեւառաջ ստատուս քվոն վերափոխման ենթարկենք: Դեռ որեւէ ուժ չկա, որ կարողանա վերցնել ԼՂՀ-ն: Մեր առաջին խնդիրը այդ հանրապետության ուժեղացումը պետք է լինի, երկրորդը՝ մեր հանրապետության ուժեղացումը: ԷԼԼԱԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել