Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամբողջ աշխարհում վաղուց է ընդունված մարզական ակնառու նվաճումներն ըստ արժանվույն գնահատելը։

Մայիս 19,2001 00:00

Ով աշխատի, նա կուտի Ամբողջ աշխարհում վաղուց է ընդունված մարզական ակնառու նվաճումներն ըստ արժանվույն գնահատելը։ Խորհրդային տարիներին (դրանից հետո էլ, բավականին երկար ժամանակ) ԽՍՀՄ հավաքական թիմերը, առանձին մարզիկներ մարզական բարձունքները նվաճում էին Կոմկուսի հանձնարարականով, որն ավելի շատ գաղափարախոսական բնույթ ուներ։ Լավագույն դեպքում երկիրը որպես փոխհատուցում՝ թափված անչափելի քրտինքի, մարզիկին ինքնարժեքով բնակարան կամ մեքենա էր հատկացնում տարին կամ հնգամյակը մեկ անգամ։ Հիմա մեզ համար նույնպես, ինչպես ամբողջ աշխարհում, ընդունելի են դարձել սպորտի ոլորտում նվաճումներն արժանի գնահատելու սկզբունքները, մտածելակերպ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել անգամ աշխարհին ներկայանալը։ Ամեն առիթով չէ, որ արտասահմանում բարձրացվում է Հայաստանի դրոշը, հնչեցվում մեր օրհներգը։ Հատ ու կենտ դեպքերից են Հայաստանի մարզիկների հաղթանակները օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային բարձրակարգ մրցումներում։ Սակայն միայն ոլորտի մասնագետները գիտեն, թե յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը, սանտիմետրը, վայրկյանը կամ ակնթարթն ինչպիսի տքնաջան աշխատանքով է տրվում։ Դա ամիսների ու տարիների ամենօրյա աշխատանքի արդյունք է, որը սակայն, միեւնույն է, ընտրյալներին է տրվում։ Բարեբախտաբար, վերջին մի քանի տարիներին մեր մարզական ղեկավարությունը սկսել է գնահատել նախ մարզիկի, ապա նաեւ մարզչի տիտանական աշխատանքը։ Հայաստանի նման հետամնաց տնտեսություն ունեցող երկրում գտնվում են միջոցներ, որպեսզի հնարավորություն ընձեռվի նրանց աշխատելու եւ մեր երկիրը պատվով աշխարհին ներկայացնելու համար։ Ու հենց դա է պատճառը, որ ոչ միայն իսպառ վերանալու աստիճան դադարել է չեմպիոնների, մասնագետների արտահոսքը հանրապետությունից, այլեւ նկատվում է հակառակ գործընթացը։ Սակայն անհրաժեշտություն կար ակնառու եւ բարձր ցուցանիշների հասած մարզիկների, մարզիչների, մարզական աշխատողների եւ ՄԴ-ների դրամական պարգեւատրությունները նույնպես պետական հոգածության տակ վերցնել։ Այդ նպատակով կառավարությունը օրերս հաստատել է խրախուսանքների գնահատման չափանիշները՝ որոշելով դրանք կատարել ՀՀ պետական բյուջեով ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության «Մարզական միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։ Ընդ որում, բնական է, որ գերապատվությունը տրվել է օլիմպիական մարզաձեւերին։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել