Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը հանդ

Մայիս 19,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՊՈՐՏԻ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ Երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպեց մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Առիթը Ազգային ժողովում «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որի քվեարկությունը կոմունիստների՝ Հայաստանի՝ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին միանալու խնդրին անհապաղ անդրադառնալու պահանջի պատճառով հետաձգվեց մեկ շաբաթով։ «Առավոտն» արդեն իսկ անդրադարձել է օրենքի նախագծի հիմնական, կարեւորագույն դրույթներին, ուստի, այսօր նպատակահարմար ենք համարում ներկայացնել փաստաթղթում ամրագրված մեկ կարեւորագույն խնդիր եւս։ Դա այն է, որ պետությունը, ըստ էության, պարտադիր է համարում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը՝ սկսած տարրական կրթօջախից, մինչեւ հանրակրթական դպրոց ու բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այս գաղափարի ամրագրումն օրենքում առանձնապես կարեւոր է նաեւ այն առումով, որ դեռ տասնամյակներ առաջ ու հիմա էլ ֆիզիկական կուլտուրա առարկան, ասես դասվում է, այսպես կոչված, երկրորդական առարկաների շարքը, որ շատերը դեռեւս աճող սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման գործի կազմակերպմանը լուրջ չեն մոտենում՝ չգիտակցելով, որ դա նախ եւ առաջ պետական առաջնային նշանակություն ունեցող գործ է։ Այնուհետեւ պարոն Զաքարյանը ներկայացրեց կառավարության երկու օրախնդիր որոշումներ, որոնք սկզբունքայնորեն դնում են այս բնագավառի նկատմամբ պետության որդեգրած նոր քաղաքականության հիմքը։ Առաջինը «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության մարզական եւ մասսայական միջոցառումների 2001 թ. օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշումն էր, որտեղ բառացիորեն ասվում է (հոդված 2). «… ա) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 25-ը, հաստատել հաջորդ ամսվա պետբյուջեից ֆինանսավորվող 2001 թ. մարզական եւ մասսայական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները»։ Իսկ «բ» կետում նշվում է. ակնկալվող ծախսերի փոփոխության դեպքում կատարել ծախսերի վերահաշվարկ՝ համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ։ Դրան հաջորդում է սպորտի նախարարության հաստատած ըստ մարզաձեւերի միջոցառումների, պարաօլիմպիկ խաղերի, այլ միջոցառումների (առանձին հոդվածով՝ նաեւ Երեւանում անցկացվելիք Համահայկական 2-րդ խաղեր, շախմատի աշխարհի թիմային առաջնություն, ուշուի աշխարհի առաջնություն) ցանկը, որոնց ֆինանսավորումը ստանձնում է պետությունը։ Այս օրենքը կենսականորեն անհրաժեշտություն է նախ եւ առաջ այն պատճառով, որ ի տարբերություն այլ ոլորտների, սպորտում հնարավոր չէ ուսումնամարզական հավաքը, այս կամ այն միջազգային մրցաշարին, Եվրոպայի, աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ժամկետները փոփոխել, քանի որ, դրանք սահմանում են միջազգային կազմակերպությունները, իսկ մեր հավաքականներն իրենց աշխատանքները կազմակերպում են այն հաշվարկով, որպեսզի մարզիկն իր լավագույն մարզավիճակի գագաթնակետին հասած լինի հենց այդ օրերին։ Այլ կերպ ասած, նախապատրաստության փուլի յուրաքանչյուր օրը ճակատագրական նշանակություն ունի։ Մյուս կարեւոր հարցն այն է, որ ցուցակում հստակ նշված են ֆինանսավորվելիք մարզաձեւերը եւ տարիքային խմբերը։ Այսինքն, պետականորեն պարտավորություն է ստանձնվում նաեւ զբաղվել ոչ միայն մեծահասակների, այլեւ, որ անչափ կարեւոր է, երիտասարդների ու պատանիների մարզական նվաճումների խնդրով։ Իսկ առանց վերջինների՝ այս բնագավառում ապագայի մասին խոսելն անիմաստ է դառնում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել