Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կամ՝ երբ այլեւս չի զատվում իրականությունը կեղծիքից

Մայիս 19,2001 00:00

«ԿՈՒԶԵՄ՝ ԿՀԱՐՈՒՑԵՄ, ՉԵՄ ՈՒԶԻ՝ ԿԿԱՐՃԵՄ» Կամ՝ երբ այլեւս չի զատվում իրականությունը կեղծիքից Դեռեւս անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը աչքի է ընկել ստեղծագործ եւ ճկուն մտածելակերպով, իր խոհեմությամբ ու իմաստնությամբ։ Ցավոք, այսօր այլ հատկանիշներով է բնութագրվում հայ ազգը՝ խարդախությունը բուն է դրել մեր ազգակիցներից շատերի հոգիներում։ Չգիտեմ, գուցե դա հետեւանք է երկրի տնտեսական ու սոցիալական ճգնաժամի կամ գուցե իսկապես պղտորվել է հայոց սուրբ արյունը, սակայն փաստենք, որ առկա է այն դառն իրողությունը, երբ նույնիսկ իրավապահ մարմինները այլեւս անկարող են զանազանել իրականն անիրականից, օրինականն անօրինականից։ 1997թ. փետրվարին Սեդրակ Գրիգորյանի եւ Հասմիկ Բաբայանի միջեւ Երեւանի Խորհրդային շրջանի եւ Արաբկիրի նոտարական գրասենյակների կողմից վավերացվել են Հ. Բաբայանին պատկանող բնակարանների գրավի պայմանագրերը, որոնք կրել են զուտ ձեւական բնույթ։ Դրանք եղել են անփողությամբ կնքված պայմանագրեր եւ պայմանականորեն երաշխիք են հանդիսացել։ Այդ մտահղացումը եղել է Ս. Գրիգորյանինը, եւ նա հավաստիացրել է, որ պայմանագիրը կտեւի ընդամենը մեկ ամիս, եւ, որ այն իրավական որեւէ հետեւանք առաջացնել չի կարող (եթե միայն Հ. Բաբայանը իմանար, թե հետագայում ինչ հետեւանքներ դեռ պետք է առաջանային եւ իր առջեւ ինչ խնդիրներ ծառանային)։ Ս. Գրիգորյանը Հ. Բաբայանին պատկանող բնակարանները գրավ ձեւակերպելով, իր քայլերի հաջորդականությամբ ավելի քան անակնկալի բերեց Հ. Բաբայանին։ Եվ երբ Հ. Բաբայանը տեղեկացավ, որ Ս. Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան՝ 33.000 դոլար գումարի պահանջով, այդժամ միայն հասկացավ, որ խաբված է շատ խորամանկորեն, եւ զգաց, որ ի սկզբանե իր հակառակորդի նպատակը մեկն է եղել՝ տիրանալ իր բնակարաններին։ 27.10.99թ. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով բավարարվել էր Սեդրակ Գրիգորյանի հայցապահանջը Հ. Բաբայանից 33.000 դոլար բռնագանձելու եւ բռնագանձումը գրավ դրված բնակարանների վրա տարածվելու մասին։ Դատաքննության ընթացքում Հ. Բաբայանի կողմից ներկայացված առարկությունները Գրիգորյանից դրամ չստանալու եւ խաբված լինելու մասին՝ անցան ապարդյուն։ Անձամբ չներկայանալով դատարան, Ս. Գրիգորյանը լիազորվել էր Ա. Շալջյանին՝ իր փոխարեն դատարանում հանդես գալ, որն էլ իր հերթին բոլորովին «խառնաշփոթ» դարձնելով իր լիազորություններն ու պարտականությունները, դատարանին մոլորության մեջ է գցել՝ սուտ ցուցմունքներ տալով եւ զրկել դատարանին գործին բազմակողմանի եւ օբյեկտիվ մոտեցման հնարավորությունից։ Այսինքն, Շալջյանը, քաջատեղյակ լինելով կատարված հանցագործությանը, թույլ է տվել ՀՀ քրօրի 206 հոդվածի հատկանիշներով արարք եւ, դեռ ավելին, փորձել է թաքցնել կատարվածը։ 23.11.2000թ. Ս. Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրօրի 89 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ հետագայում այն կարճվել անհիմն կերպով (իսկ ինչու ոչ՝ կարելի է նաեւ նման քրեական գործը կարճել համապատասխան «շնորհակալությունից» հետո)։ Խաբված լինելը սոսկալի զգացում է, այն էլ, երբ արդյունքում զրկվում ես սեփական բնակարանից։ Ակամայից նաեւ հեգնանք է առաջացնում քրեական գործով վարույթի կարճման հիմքը՝ այն է, կատարված հանցագործությանը Ս. Գրիգորյանի մասնակցությունն ապացուցված չլինելու հանգամանքը։ Թե քանի՜-քանի նմանօրինակ քրեական գործեր են գրչի մեկ հարվածով կարճվում, գիտեն միայն իրենք՝ մեր հարգարժան քննիչները եւ Հ. Բաբայանի նման տուժած եւ խարդախության զոհ դարձած մարդիկ։ ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել