Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այս ահազանգից հետո մենք ուսումնասիրություններ սկսեցինք երեւանյան երեք դպրոցներում: Մեզ էին տրամադրե

Մայիս 19,2001 00:00

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՊՈՌՆՈ ՍԱՅԹԵՐ ԵՆ ԲԱՑՈՒՄ Այս ահազանգից հետո մենք ուսումնասիրություններ սկսեցինք երեւանյան երեք դպրոցներում: Մեզ էին տրամադրել դպրոցներից մեկի ինտերնետ կենտրոնում համակարգչից արտագրած պոռնո սայթերի հասցեները: Դրանք պահպանվում են Internet Explorer-ի History-ի եւ Temporary Internet Files-ի մեջ: Ինտերնետ կենտրոնների գլխավոր սերվերը տեղադրված է «Փրոջեքթ հարմոնիում», որը դպրոցներում ինտերնետային կենտրոններ բացելու ծրագրի իրականացնողն է: Այս գլխավոր սերվերից հնարավոր է իմանալ, թե ցանկացած կենտրոն երբ ինչ սայթեր է բացում: «Փրոջեքթ հարմոնիի» տեխնիկական համակարգող Զավեն Ակոպովը գտնում է. «Մենք ապահովում ենք բարձր որակի բաց ինտերնետ: Այսպես թե այնպես, չէինք ուզենա շատ մեծ սահմանափակումներ դնել: Դա կհակասեր ինտերնետի բաց տեղեկատվական տարածության գաղափարին: Իհարկե, ցանկալի չէր լինի այստեղ նստել հետեւել, թե ով ինչ սայթ է նայել, դա ուղղակի նոնսենս է»: Սակայն նա «նոնսենս» չի համարում, որ մանկավարժները ամեն վայրկյան պետք է կանգնած լինեն երեխաների գլխավերեւում, որպեսզի նրանք արգելված սայթեր չբացեն: Մինչդեռ այս հարցը կարելի է շատ պարզ ձեւով լուծել՝ տեղադրելով ֆիլտրող ծրագրեր: «Փրոջեքթ հարմոնիի» եւ դպրոցի միջեւ կնքված պայմանագրին կից ինտերնետ կենտրոնի կանոնադրության մեջ առանձին կետով նշված է, որ արգելվում է պոռնո-սայթեր նայելը: Երեւանի տեսողության խանգարում ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցի 100 աշակերտներից 45-ը կույր են, մնացածը թույլ եւ նորմալ տեսողություն ունեցող երեխաներ են: Դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը, հարցին`թե պոռնո սայթերը պրոբլե՞մ չեն, պատասխանեց. «Գիտենք, որ դա կա եւ անհնարին է փակել: Մեզ ասացին, որ այդ սայթերը փակելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Ուղղակի սենյակում լինում է ուսուցիչ եւ երեխաները առանց հսկողության չեն մնում»: Տնօրենը խորհուրդ տվեց մեզ հետաքրքրող տեխնիկակական հարցերը պարզաբանել ուսուցչի հետ: Ալեք Ենիգոմշույանը՝ ուսուցիչը, պատմեց. «Երբ տեսա, որ դպրոցի տղաները չթույլատրված սայթեր են մտնում եւ մեծ հաճախականությամբ, նախ փորձեցի համակարգչի հնարավորություններով այնպես անել, որ տեխնիկապես հնարավոր չլինի դա անել: Սակայն Windows 98-ը սահմանափակումներ դնելու հնարավորություններ չունի: Երբ պարզեցի, որ դա հնարավոր չէ, որոշեցի գնալ «Փրոջեքթ հարմոնի»: Տնօրենին ասացի եւ գնացի: Խոսեցի աշխատողների հետ, կանչեցին տեխնիկական պատասխանատուին՝ Զավենին: Նա ասաց, թե ենթադրում էր, որ նման բան կլինի, բայց չէր կարծում, որ այսքան շուտ կլինի: Ասաց՝ մենք ֆիլտր կդնենք, սերվերի վրա հատուկ ծրագիր կդնենք, որ չկարողանան բացել: Անցել է մեկ ամիս՝ ոչինչ չի փոխվել: Տեխնիկական հնարավորությունը կա, ինչու՞ չեն արգելում»: Սակայն մեր հանդիպման ժամանակ Զավեն Ակոպովը չցանկացավ հիշել այս մասին՝ պնդելով, թե ոչ մի դպրոցից ահազանգ չի եղել: Պատասխանում է Զավեն Ակոպովը «Ինչու հենց հիմա եք մեր մասին գրում, մեզնից առաջ ուրիշ կազմակերպություններ են աշխատել, տարօրինակ է, որ սկսել եք այն դպրոցներից, որտեղ կենտրոնները նոր են բացվել», -դժգոհեց Զ. Ակոպովը: Մեր ուսումնասիրած դպրոցներից միայն մեկում էր «Փրոջեքթ հարմոնին» բացել ինտերնետ-կենտրոն, մնացած երկու դպրոցներում ծրագիրը մոտ երկու տարի առաջ սկսել է «Աքսելսը» եւ շարունակում է «Փրոջեքթ հարմոնին»: «Տարբեր արգելող ծրագրեր կան, մենք այդ մասին շատ ենք մտածել: Բայց առաջին պաշտպանող միջոցը այն պիտի լինի, որ երեխաները այդ սենյակներում առանց ուսուցիչների հսկողության չմնան: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները շուտ սովորում են բացել արգելող ծրագրերը»: Մեր հարցին՝ ունե՞ք արգելող ծրագիր, թե՞ ոչ, Զավեն Ակոպովը սկզբում պատասխանեց, որ ունեն: «Իսկ ինչպե՞ս է այդ դեպքում հնարավոր դպրոցներում բացել այդ սայթերը» հարցին պատասխանելու փոխարեն, տեխնիկական պատասխանատուն հարձակողական տոն ընդունեց. «Նախ չգիտեմ, դուք ինչպես եւ որ սայթերն եք բացել, երկրորդ՝ սկզբում դուք պետք է գայիք մեզ մոտ, միասին նման ուսումնասիրություն կանեինք, անօրինական է անցկացնել լրագրողական հետաքննություն առանց զգուշացնելու այն ֆիրմային, որի գործունեությամբ հետաքրքրվում եք»: Նրան հատկապես հետաքրքրում էր, թե մենք դպրոցներ այցելելիս ներկայացել ենք որպես լրագրողնե՞ր, թե՞ անհատներ: (Բնականաբար, մենք ամենուր ներկայացել էինք որպես լրագրողներ՝ հետաքննության ընթացքում չխախտելով որեւէ օրենք ու լրագրողական էթիկայի կանոները): Հարցազրույցի ընթացքում բազում անգամ տրված հարցին` դրվա՞ծ է արգելող ծրագիր, այդպես էլ հստակ պատասխան չստացանք: Մի անգամ պատասխանն այսպիսին էր. «Տեխնիկապես շատ բարդ խնդիր է՝ աշխատանքի նման մեծ ծավալների դեպքում: Դպրոցները շատ են, մի ծրագրով չենք կարող այդ հարցը լուծել»: Մի ուրիշ անգամ էլ ասաց, որ նման ծրագիր դրված է, սակայն երեխաները կարողանում են բացել: Երրորդ անգամ էլ Զ. Ակոպովն ասաց, որ իրենց մոտից բոլոր դպրոցների համար այդ անել տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ դա կնշանակեր ինտերնետ ալիքի սահմանափակում: Մեկ այլ պատասխան՝ «իհարկե տեխնիկապես դա հնարավոր է, բայց կսահմանափակվեն ինտերնետից օգտվելու հնարավորությունները»: Մեզ համար արդեն պարզ էր, որ ֆիլտրող ծրագիր տեղադրված չէ: Պատասխանում է «Փրոջեքթ հարմոնիի» տնօրեն Շըվան Քիմմերլին – Մենք կարող ենք ստուգել, թե այդ կենտրոններից ինտերնետի ո՞ր սայթերն են մտնում, կարող ենք տեսնել, թե ինչքան են օգտվում ինտերնետից, որ համակարգչից են մտել տվյալ սայթը, կարող ենք արգելել այստեղ կամ այնտեղ մտնելը: – Եվ ինչպիսի՞ սայթեր եք արգելում: – Արգելում ենք մեծերի համար նախատեսված էջերը: – Այսինքն արգելող ծրագրեր կա՞ն: – Իհարկե: – Մենք եղել ենք դպրոցներում, եւ ասում են, որ պոռնո սայթեր հնարավոր է բացել: – Դա նո՞ր է եղել է: Ես գիտեմ, որ մի քանի ամիս առաջ մի անգամ եղել է, դեսպանատունը արձագանքեց: Ինտերնետը կրթության համար է, ոչ ոք չի ուզում, որ այն այլ նպատակներով օգտագործվի: Կա ծրագիր, որը արգելում է մտնել այդ սայթերը, եւ մենք ունենք այդ ծրագիրը: – Մենք մի քանի օր առաջ ենք եղել դպրոցներում եւ հնարավոր էր բացել դրանք: – Դա ինձ համար, անկեղծ ասած, նորություն է, ես կճշտեմ: Ես գիտեմ, որ կա նման արգելող ծրագիր: Դպրոցներից ահազանգ չի եղել: – Զավենին են ասել, ասել է՝ հարցը կլուծեմ, բայց մինչեւ օրս չի լուծվել: – Ծրագրում ընդգրկված բոլոր կողմերս պատասխանատու ենք սրա համար՝ եւ դպրոցի տնօրենը, եւ «Փրոջեքթ հարմոնին», դրա համար էլ ես զարմացա: Պիտի աշխատենք պայքարել նման բաների դեմ: Շնորհակալ ենք, որ տեղյակ պահեցիք այդ մասին: – Մյուս երկրներում նման պրոբլեմ եղե՞լ է: – Բոլոր երկրներում էլ, երբ սկսել են դպրոցներում աշխատել, եղել է նման պրոբլեմ: Դրա համար էլ այդ արգելող ծրագիրը մտածել էին: Ես գիտեմ, որ այդ հարցը ծագել էր, դեսպանատունը շատ էր մտահոգված այդ հարցով: Դպրոցներում Երեւանի թիվ 55 դպրոցում ծրագիրը սկսել է «Աքսելսը», շարունակում է «Փրոջեքթ հարմոնին»: Փոխտնօրեն Արմինե Հովհաննիսյանը պատմեց, որ դպրոցի ողջ աշակերտությունը մասնակցել է այդ ծրագրին: Երեխաները հերթագրվում են եւ մեկ ժամով օգտվում ինտերնետից: Նա նշեց նաեւ, որ սկզբնական շրջանում պոռնո սայթեր մտնելու դեպքեր եղել են եւ «մենք մեկ ամիս հրաման փակցրինք պատին, որ եթե հանկարծ նման սայթ բացեն, դպրոցից կհեռացվեն»: Դպրոցի համակարգչային կենտրոնի պատասխանատուն` Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ պոռնո սայթերի վրա արգելք չկա: «Արգելքն այսպես է. հետեւում ենք, որ չբացեն: Իրենք էլ չեն փորձում դա անել: Եղել են փորձեր, բայց զգուշացումից հետո չեն անում: Թեեւ դա, իհարկե, առաջացնում է հետաքրքրասիրություն: Ասում են, որ այդ արգելքը դնելուց հետո ինչ172որ պրոբլեմներ են առաջանում: Ես չեմ արել, բայց ուրիշ դպրոցներից ասել են: Սակայն արգելք հնարավոր է դնել: ԱՄՆ-ում, օրինակ, հնարավոր չէր այդ սայթերը բացել»,- ավելացրեց Ռ.Գրիգորյանը: Թիվ 149 դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը հիշեց, որ իրենց մոտ եղել է մի դեպք, երբ երեխաները գաղտնի մտել են պոռնո սայթեր. «Մենք հսկողություն ենք սահմանում, որ երեխաները արգելված էջեր չբացեն, բարոյական նորմերը պահպանվեն»: Դպրոցի տնօրենը, իմանալով, որ արգելող ծրագրեր կան, նշեց. «Եթե արգելելու հնարավորություն կա, պետք է այդ հարցը բարձրացնել»: Իսկ համակարգչային սենյակի ուսուցիչ Լուսինե Հարությունյանը ավելացրեց. «Մենք շատ ուրախ կլինենք, եթե արգելող ծրագիր դրվի պոռնո սայթերի վրա»: Ինչո՞ւ ընդհանրապես նախորդ կազմակերպությունները եւս չեն մտածել այդ մասին: Այսինքն, այս խնդիրը չի կարեւորվել, այլապես նախապես այս հարցը լուծում ստացած կլիներ: Կրթության եւ գիտության նախարարությունն էլ այն չի կարեւորել: Պատասխանում է ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը Հարցին` ինչ-որ բան արվո՞ւմ է պոռնո սայթերը երեխաներին անհասանելի դարձնելու համար, փոխնախարարը պատասխանեց. «Արվում է, բայց կարեւորն այն է, որ ամբողջ գործընթացն իրականացվում է մասնագետների եւ ուսուցիչների հսկողության ներքո: Բացի դրանից, գրաֆիկը այնքան խիտ է, որ երեխան ժամանակ չի ունենա ինտերնետում ինչ172որ բան ինքնուրույն փնտրելու համար: Նման հնարավորություն երեւի ավելի ուշ կունենա, որովհետեւ հիմա սահմանափակ է եւ՛ համակարգիչների թիվը, եւ՛ այն ժամանակը, երբ երեխան կարող է դրանց վրա աշխատել: Ինչքան էլ դպրոցում դա արգելենք, երեխան կարող է իր անձնական համակարգիչը ունենալ եւ տանը նստած այդ բոլոր սայթերը բացել: Այստեղ ավելի շատ կարեւոր է երեխային դաստիարակել առողջ ապրելակերպի սկզբունքներով, որ ինչ էլ տեսնի` ունենա ի՛ր համոզմունքները, սթրես չտանի եւ կողքի ինֆորմացիան նրան չխանգարի, չշեղի: Իսկ մենք դեռ շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ»: Մեկնաբանում են հոգեբանը եւ սեքսապաթոլոգը Գեղամ Վարդանյան, սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ- «Կարեւոր է, թե երեխային որ տարիքում ինչպիսի ինֆորմացիա է տրվում: Ինտերնետը ինֆորմացիայի հրաշալի մեծ աղբյուր է, բայց այս դեպքում երեխային հասանելի է դառնում այն ինֆորմացիան, որը նրան այդ տարիքում բացարձակ հակացուցված է: Երեխայի մոտ շատ մեծ ֆիքսման երեւույթներ կան, այսինքն՝ ինչ ձեւով նա ընկալեց, ընդունեց, շատ հնարավոր է, որ այդպես էլ կառուցվեն նրա պատկերացումները սեռական կյանքի մասին: Պոռնոգրաֆիկ սայթերում շատ կան նաեւ սեռական շեղումներ պատկերող նկարներ եւ դրանք շատ ավելի մեծ վտանգ են պարունակում, քանի որ կարող են երեխաների սեռական շեղումների (սադիզմ, մազոխիզմ, վիզիոնիզմ) պատճառ դառնալ»: Սեյրան Ամիրյան, ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ- «Տարիքը, հասունացումը, հետաքրքրությունը ուղղակի ձգում է՝ այդ երեւույթները ընկալել: Վաղը կունենանք մարդիկ, որոնց ենթագիտակցության մեջ (եթե մենք գիտակցության մեջ մերժենք էլ) նստվածք է տալիս: Դրանք մնում են, երկար ժամանակ են մնում ու մենք երաշխիք էլ չունենք, թե հետո ինչ ձեւով կարտահայտվի, ինչ դրսեւորումներ կունենա: Ամեն կերպ պետք է աշխատել երեխաներին, դեռահասներին, պատանիներին զերծ պահել նման երեւույթներից: Առանց այդ էլ հեռուստաէկրանը լցված է սպանություններով ու պոռնոգրաֆիայով: Դա չարիք է։ Եթե ոչ այսօր, վաղը այդ չարիքը կերեւա: Սա ագրեսիայի մի ձեւ է»: Հավելված Հայաստանի դպրոցներում ինտերնետ կենտրոն հիմնել են հիմնականում երկու կազմակերպություններ, երկուսն էլ ծրագիրն իրականացրել են ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: 1-ին` Աքսելս /Accsels/ կազմակերպությանն այսօր հաջորդում է «Փրոջեքթ հարմոնին» /Project Harmony/: «Փրոջեքթ հարմոնին» ֆինանսավորում է ԱՄՆ Դեպարտամենտի կրթության եւ մշակութային գործերի բյուրոն: Նման ծրագիր այս կազմակերպությունն իրականացրել է նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի դպրոցներում: Ծրագրով նախատեսված է հանրապետության 40 դպրոցներում ստեղծել ինտերնետի համակարգչային կենտրոններ: Յուրաքանչյուր մարզում կստեղծվի 3 կենտրոն: Ծրագիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ, նախատեսվում են մանկավարժների համար դասընթացների կազմակերպում, ամերիկյան եւ հայկական դպրոցների միջեւ գործընկերական հարաբերությունների հաստատում, կրթական նյութերի մշակում եւ օնլայն ծրագրերի իրականացում: Կազմակերպությունը պայմանագիր է կնքում դպրոցի հետ, վերանորոգում է սենյակներից մեկը, տեղադրում կահույք, հինգ համակարգիչ եւ ապահովում շուրջօրյա ռադիոմոդեմային կապ: Յուրաքանչյուր դպրոցից երկու ուսուցիչ անցել են դասընթացներ, որպեսզի տվյալ կենտրոնում տեխնիկական խնդիրներ ծագելու դեպքում կարողանան անմիջապես տեղում լուծել: Նրանք աշխատում են երկու հերթով 10:00-ից մինչեւ 20:00-ն: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ. Գ. Հուսով ենք, որ այս հրապարակումը պատճառ չի դառնա, որ դպրոցներին պատժեն՝ ինտերնետային կապից զրկելով կամ ուսուցիչներին աշխատանքից ազատելով։ Ծրագիրը շատ կարեւոր է ու օգտակար։ Պարզապես հարկավոր է ֆիլտրող ծրագրեր տեղադրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել