Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը, ինչպես հայտնի է, համարվում է սակավահող հանրապետություն։ Բայց արի ու տես, որ մեր պետության

Մայիս 19,2001 00:00

ՀՈՂՆ ԱՆԳԻ՞Ն Է, ԹԵ՞ ԳԻՆ ՉՈՒՆԻ Հայաստանը, ինչպես հայտնի է, համարվում է սակավահող հանրապետություն։ Բայց արի ու տես, որ մեր պետության կողմից հողը առայժմ, համարյա թե, ամենաանտեսված արժեքն է։ Այդ են վկայում վարչապետի վերահսկողական ծառայության (ՎՎԾ) Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում կատարված ուսումնասիրությունները։ Այսօր ոչ մի շահագրգռված մարմին ստույգ չի զեկուցի, թե որքան հող է պատկանում պետությանը։ Ինչպես պարզաբանում է ՎՎԾ-ի առաջատար մասնագետ Հայկ Գեւորգյանը, իրավիճակն այստեղ շատ նման է Հայաստանի բնակչության հաշվարկին։ Սեփականաշնորհումից հետո Հայաստանում հողի մի մասը տնօրինում է գյուղացին, իսկ մյուսը՝ համայնքի եւ մարզի ղեկավար։ Վերջին երկու տեսակի հողերը՝ կազմելով պետական պահուստային ֆոնդ, ենթակա են վարձատրման, ինչի օգնությամբ պիտի համալրվի մարզի եւ գյուղի բյուջեն։ Սակայն իրականում վարճավճարների գանձումից ստացած հասույթը չի հերիքում անգամ ամենատարրական համայնքային կարիքները բավարարելու համար։ Այսպես, անցյալ տարվա աշնան տվյալներով, Կոտայքի մարզի գյուղապետերը վարձակալմամբ հանձնել էին առկա հողերի 29%-ը, գանձելով վճարների մեկ քառորդը։ Արմավիրի մարզում, որը ներառում է Արարատյան դաշտավայրի զգալի մասը, գյուղացիները վարձել էին հողի 41%-ը՝ վճարելով պետությանը նրա հասանելիքի երրորդ մասը միայն։ Որոշ գյուղերում ՎՎԾ-ի աշխատակիցները հանդիպեցին ուղղակի խայտառակ իրավիճակի։ Սարդարապատի համալիրի մերձակայքում գտնվող Արաքս համայնքի նախկին ղեկավարը «հաջողեցրել» էր բալանսում գտնվող 133 հա պահուստային հողերից ապօրինի բաժանել 103 հա-ն, ինչից ոչ մի լումա չի գնում գանձարան։ Զիջելով իր պաշտոնը նոր գյուղապետին, նախկինը հիմնովին կողոպտել էր գյուղապետարանի շենքը, հանել-տանելով նույնիսկ պատուհանները։ Վերջին սեղանը տարել էր գյուղապետարանի պահակը։ Օհանավան գյուղում ինչ-որ «Սաղմոս» ֆերմերային տնտեսություն 1997-2000թթ. տիրացել էր 6 հա ինտենսիվ խնձորի այգուն եւ 40 հա ընտիր վարելահողին՝ թքած ունենալով վարձավճարների վրա։ Կոտայքի շրջանի Լեռնանիստ գյուղում նման դեր էր ստանձնել «Հայկ» ընկերությունը, որը մինչ այժմ օգտագործում է 64 հա՝ խուսափելով իր պարտականությունները կատարելուց։ Փոփոխվող մարզպետները 5 տարի պայքարում էին մի երկու-երեք անհատների դեմ, որոնք համառորեն «մոռանում» էին մուծել Էջմիածնի մերձակայքում օգտագործվող 70 հա-ի վարձը։ Միայն Էջմիածնի նոր քաղաքապետը վերջերս կարողացավ հարցին ընթացք տալ։ Հատկանշական է, որ իրենց պարտականությունները չեն կատարում մանավանդ առավել հարուստ գյուղերի առավել հարուստ գյուղացիները։ Որպես կանոն, յուրաքանչյուր խուսափողը լավ «տանիք» ունի։ Առանձին տողով անցնում են Արմավիրի շրջանի թվով 25 գյուղեր։ Այդ համայնքների հողերից ընդհանրապես ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա՝ ո՛չ վարձակալման գումարներ, ո՛չ կնքված պայմանագրերի առկայություն եւ ո՛չ էլ հաշվառման տվյալներ։ ՎՎԾ-ի ուսումնասիրությունից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց պատժել մեղավորներին եւ ձեռնարկել քայլեր իրադրությունը շտկելու ուղղությամբ։ Մի ժամանակ ասում էին, որ կառավարության նիստում շուրջ 12 գյուղապետերի անվստահություն պիտի հայտարարվի։ Սակայն, ինչպես ճշտեց «Առավոտի» թղթակիցը տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից, պատիժներ չեն եղել եւ չեն սպասվում։ Կառավարության նիստերում ընդունվել է միայն մի երկու գյուղապետի հրաժարական՝ առողջական վիճակից ելնելով։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել