Հողային վեճը հարեւանների միջեւ է Եզդուհու գանգատը «Իմ եւ հայ հարեւաններիս միջեւ հողային ու տարածքային վեճը սկսվել է 1999թ. եւ կարծես դադարելու միտք չունի»,- պատմում է ազգությամբ եզդի Ասյա Աբասյանը։ Ա. Աբասյանը բնակվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։ 1986թ. նա ստանում է տնամերձ հողամաս։ Տարիներ անց՝ 1999թ., Փարաքարի գյուղապետ Գ. Սարգսյանը թիվ 20 որոշմամբ, Ասյայի տան դիմաց գտնվող 160 քմ հողատարածքը վարձակալության իրավունքով տալիս է նրան. «Երբ համապատասխան որոշման եւ պայմանագրի հիման վրա ցանկացա իմ վարձակալած հողը ցանկապատել, հարեւաններս՝ Վարդուշ Խաչատրյանն ու Արմեն Գեւորգյանը (մայր ու որդի) արգելեցին դա անել՝ պատճառաբանելով, որ դեռեւս 1998-ին Փարաքարի նույն այդ գյուղապետը, թիվ 50 որոշմամբ, Վ. Խաչատրյանի մյուս որդուն սեփականության իրավունքով հատկացրել է տնամերձ հողամասին կից 24.0 քմ հողատարածք, որը նրան հասավ ինձ հատկացված 160 քմ հողատարածքից»,- ասաց Ա. Աբասյանը։ Ըստ Ա. Աբասյանի փաստաբանի, գյուղապետը կանխամտածված է հարեւանների մեջ թշնամություն սերմանել։ Գործը հանձնվել է դատարան։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 14.08.2000թ. նիստում Վ. Խաչատրյանի որդին հայտնել է, որ 1978թ. Փարաքարի գյուղխորհրդի կողմից իրենց ընտանիքին հատկացվել է 700 քմ հողամաս, որը հետագայում դարձել է 1200 քմ, ապա օրինականացվել։ Այնուհետեւ կատարվել է չափագրում, որից պարզվել է, որ Վ. Խաչատրյանի հողատարածքը 42 քմ ավելի է չափից, իսկ Ա. Աբասյանինը՝ 76 քմ պակաս։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 2000թ. վճռում, Ա. Աբասյանի խոսքով, այդ անօրինական չափագրումները հաստատում է։ «Եթե ես ցանկապատեմ վերոհիշյալ 76 քմ հողամասը, ապա փակվում է այն դուռը, որը բացվում է Վ. Խաչատրյանի եւ Ա. Գեւորգյանի տան արեւմտյան ճակատից եւ առաջարկվել է, որ Վ. Խաչատրյանը եւ Ա. Գեւորգյանը օգտագործեն գյուղի Գետամիջյան փողոցի մուտքը եւ թույլատրեն, որ ես իմ հողատարածքը ցանկապատեմ 76 քմ չափով»,- շարունակեց Ա. Աբասյանը։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը, ըստ Ա. Աբասյանի, իր որոշման մեջ կատարում է «հայտնագործություն», որը հետեւյալն է. «Պատասխանողներ Վ. Խաչատրյանի եւ Ա. Գեւորգյանի բնակելի տան մուտքը սեփականության իրավունքի վկայագրի համաձայն 1978-ից բացված է արեւմտյան հատվածից»։ 2001թ. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (նախ. դատ. Մ. Դրմեյան) կայացնում է նույնանման որոշում։ Ըստ Ա. Աբասյանի փաստաբան Հասան Թամոյանի, «հզոր» ապացույց է համարվել նաեւ գյուղապետին հասցեագրված Վ. Խաչատրյանի դիմումը, որում Վ. Խաչատրյանը գրում է, թե իր բնակարանը փողոցի առաջին կառույցն է եւ մուտքը՝ արեւմտյան կողմից բացվել է ճարտարապետների կողմից տրված նախագծի համաձայն. «Ոչ մի դատարան չի հետաքրքրվել, թե այդ ի՞նչ ճարտարապետների մասին է խոսքը, ո՞ւր է այդ թույլտվությունը կամ ո՞ւր է նրանց տված նախագիծը»,- բողոքում է Հ. Թամոյանը։ Ըստ Ա. Աբասյանի, Ս. Գյուլնազարյանը եւս կարող է վկայություն տալ, որ հենց ինքն է Վ. Խաչատրյանի հողատարածքի ճակատային վերջավորությունից տարածք հատկացրել իրեն՝ Ա. Աբասյանին։ Վճռաբեկ դատարանում արդեն 3-րդ անգամ լսվել է այս գործը (շուրջ 9 դատավարություն)։ Հ. Թամոյանը համոզված է, որ այս անգամ եւս դատարանը կկայացնի անարդար վճիռ, քանզի ոտնահարված են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ