Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարությունում երեկ տեղի ունեցավ ասուլիս։ Ասուլիսը հրավիրել էր փոխնախարար Վանյա Մխ

Մայիս 19,2001 00:00

ԹԱԼԱՆԻՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԷՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Պետական գույքի կառավարությունում երեկ տեղի ունեցավ ասուլիս։ Ասուլիսը հրավիրել էր փոխնախարար Վանյա Մխիթարյանը, որը բնական ռեսուրսներին վերաբերող մի շարք խնդիրներից բացի, խոսեց նաեւ կառավարության՝ այդ հարցերի հանդեպ ցուցաբերած անտարբերության մասին։ Ըստ Վ. Մխիթարյանի, մինչեւ օրս կառավարությունը համակարգված մոտեցում չի ունեցել ջրային, անտառային, ընդերքային ռեսուրսներին։ «Նախարարությունում կա բնական ռեսուրսների կառավարման վարչություն։ Այդ վարչության աշխատանքը հունի մեջ դնելու համար փորձել եմ նույնիսկ վարչապետի հետ հանդիպել, բայց վերջինս ժամանակ չգտավ դրա համար»,- ասաց պրն Մխիթարյանը։ Վ. Մխիթարյանի տվյալներով, 70-ից ավելի ենթաօրենսդրական ակտեր այսօր ընդունված չեն եւ իր փորձերը՝ ձեռք բերել այդ ակտերը, անհաջողության են մատնվել։ Վ. Մխիթարյանը մանրամասն ներկայացրեց վերջին 8 տարիների ընթացքում արձանագրված կորուստներն ու չարաշահումները՝ կապված անտառային հատումների, ջրերի կորուստների հետ (հանքերի չարաշահումների հետ, որի արդյունքում բյուջեի «կողքով» են անցել մեծ չափերի գումարներ)։ Վերջինս տեղեկացրեց, որ 1993թ. հունվարի 1-ի դրությամբ, անտառային պետական ֆոնդը կազմել է մոտ 460 հազար հա, որից անտառածածկ տարածությունները եղել են 334.1 հազար հա։ Եթե ԱՊՀ երկրներում միջին անտառապատումը կազմել է ընդամենը 28%, ապա Հայաստանում կազմել է 11.2%։ Ըստ պրն Մխիթարյանի, այսօր Հայաստանում այդ անտառները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ։ Հյուսիսային շրջանում 21% է կազմում անտառածածկ տարածությունը։ Հարավում՝ 13%, իսկ Կենտրոնական Հայաստանում՝ ընդամենը 2%։ Այսօրվա դրությամբ բնական անտառների 70%-ը կազմալուծված է եւ ծերացած։ «Եթե Հայաստանում այսօր սանմաքրման աշխատանքները (ծառերի խնամքն ու հատումները) նորմալ կատարվեին, տարեկան կարելի էր 250 հազար խմ փայտ հանել անտառներից»։ Ըստ Վ. Մխիթարյանի, այս 8 տարվա ընթացքում պետական ծրագրով պետք է կտրվեր ընդամենը 870 հազար խմ, մինչդեռ, այս տարիների ընթացքում, Հայաստանում անտառահատվել է 6 մլն խմ։ Տարեկան միջին հաշվով անտառահատվել է 750 հազար խմ անտառ, նույնքան փայտ։ Պրն Մխիթարյանը պատմեց մի հետաքրքիր դեպք։ Ստուգումների ժամանակ փայտանյութով բարձած մեքենան անցել է պետավտոտեսչության տեսուչի մոտով, եւ վարորդն առանց կանգնելու ծխախոտի տուփ է շպրտել նրան, որի մեջ դրված է եղել համապատասխան գումարը։ Դա, պրն Մխիթարյանի բնորոշմամբ, կազմակերպված հանցագործություն է, որովհետեւ 35 հազար ուղերթ կատարող մեքենային (իհարկե, այդ մեկը չի եղել) ոստիկանությունը եւ բնապահապանության աշխատակիցները չնկատել չէին կարող։ Մյուս պրոբլեմը, ըստ պրն Մխիթարյանի, կապված է Հայաստանի ջրերի հետ։ Հայաստանի ջրերը կազմում են 7.3 մլրդ խմ, բայց դրա 60%-ը դուրս է հոսում, առանց որեւէ օգուտ Հայաստանին բերելու։ Նա տեղեկացրեց, որ 2000 թվականի հունիսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը Սեւանից նախատեսված չափից ավելի, բաց է թողնվել 10 մլն խմ ջուր։ «Այսօր Սեւանում մենք պետք է ունենայինք 25 հազար տոննա ձկնային կենսամաս։ Փորձագետի գնահատականով այսօր ունենք ընդամենը 800 տոննա,- ասաց պրն Մխիթարյանը եւ շարունակեց,- մենք չենք կարողանում գողությանը, թալանին վերջ տալ, քանի որ դա կատարվում է կազմակերպված»։ Վ. Մխիթարյանը համոզված է, որ «եթե չլիներ պետական հովանավորություն՝ թալան տեղի չէր ունենա»։ Ըստ նրա, թալանին վերջ տալու «ամենահեշտ» տարբերակը ներկա կառավարության հրաժարական տալն է եւ նորմալ կառավարություն ստեղծելը։ Եվ ինչպես նա հայտնեց լրագրողներին, իրեն կառավարության անդամ չի համարում. «Ես պետական աշխատող եմ։ Ոչ ավելին»։ Թե ինչպիսի քայլեր է պատրաստում անել պրն Մխիթարյանն այսուհետ՝ չասաց, խոստանալով մի ուրիշ անգամ դա ասել, եթե, իհարկե, իրեն բախտ վիճակվի հաջորդ հանդիպմանը աշխատանքային սենյակում լինել։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել