Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հասարակության բարգավաճման եւ ազատության ամենաարդյունավետ ուղին լիբերալիզմի արժեքային համակարգի արմատ

Մայիս 19,2001 00:00

ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԻՆ Է Հասարակության բարգավաճման եւ ազատության ամենաարդյունավետ ուղին լիբերալիզմի արժեքային համակարգի արմատավորումն է. միայն ժողովրդավարական կարգերն ու շուկայական տնտեսությունը կարող են երաշխավորել կայուն տնտեսական աճ, բարեկեցություն, նյութական արժեքների կուտակում եւ արդարացի բաշխում: Մեզանում դեռեւս ձեւավորման ընթացքում է նոր քաղաքական, տնտեսական համակարգը: Հին համակարգը սկզբունքորեն մերժվել է, սակայն շատերի համար ապագան անհայտ է ու մշուշոտ: Դրա հիմնական պատճառն այն է, որ չեն կարեւորվել նոր ազատական արժեքները, ըստ հարկի չի իմաստավորվել խորհրդային համակարգը իր բոլոր մերժելի կողմերով, խորապես չի գիտակցվել, թե ամբողջատիրական, հետադիմական ինչ անցյալից ենք հրաժարվել ու որքան վտանգավոր է դրա ռեստավրացիան: Հայաստանում անկախ պետականության կերտմանը ձեռնամուխ եղած լիբերալ ուժերին հաջողվեց նշմարել այն ճշմարիտ ուղին եւ հունը, որով ընթանալու դեպքում կապահովվեր պետության ու հասարակության կայուն զարգացում: Հռչակվեցին ժողովրդավարության սկզբունքները, հիմք դրվեց շուկայական տնտեսությանը համապատասխանող քաղաքական համակարգին՝ իրողություն դարձավ բազմակարծությունը, քայլեր ձեռնարկվեցին իշխանությունների տարանջատման ուղղությամբ, անկախ լրատվամիջոցների առաջացմամբ սկսեց ձեւավորվել «չորրորդ» իշխանությունը, օրենսդրորեն ամրապնդվեց ազատ, այլընտրանքային ընտրակարգը: Ընդունվեց Սահմանադրություն, որով Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական, այլ կերպ ասած, լիբերալ պետություն: Սակայն ամեն ինչ հարթ չընթացավ, թույլ տրվեցին սխալներ ու վրիպումներ, ավելին, բարեփոխումները ուղեկցվեցին բնակչության կենսամակարդակի շեշտակի անկմամբ, հասարակության բեւեռացմամբ, սոցիալական լարվածությամբ, մարդկանց մեծ մասը հայտնվեց չքավոր վիճակում: Մեր հասարակությունը, որ սկսել էր յուրացնել ու արմատավորել ժողովրդավարության, ազատ տնտեսության սկզբունքները, տնօրինել իր սեփական ճակատագիրը, 1998-ի հեղաշրջումից հետո աստիճանաբար վերածվում է իշխանություններին հպատակվող իրավազուրկ օբյեկտի, որի փոխարեն եւ առանց որի օրվա իշխանությունները հասարակության ու պետության շահերին հակառակ վճիռներ են կայացնում: Իշխանությունը զավթած ու նրան ձայնակցող ուժերը 3 տարի անդուլ վարկաբեկում են լիբերալ արժեքները: Նրանք չունեն այն քաղաքական համոզմունքը, որ անհատին ճնշող, քաղաքացիական հասարակությունը իրեն ենթարկող պետությունը թշվառության եւ ցնցումների է դատապարտում ժողովրդին. միասնության ու կայունության ոչ մի կոչ ու կարգախոս, որքան էլ այն հրամցվի ազգային կամ համազգային փետրավորմամբ, չի կարող առաջընթացի երաշխիք լինել: Տասնամյակներ մեր ժողովուրդը ապրել է ամբողջատիրական խորհրդային համակարգում, եւ այդ տարիները խոր հետք են թողել մարդկանց հոգեկերտվածքում: Շատերը դեռ այն համոզմանն են, թե միայն պետությունն ու իշխանությունը պետք է ապահովեն իրենց բարեկեցությունը: Պահպանվել է այն մտայնությունը, որ պետությունն ու իշխանությունը եւ՛ ամենազոր են, եւ՛ բոլոր մեղքերի միակ կրողն ու պատասխանատուն: Սա պարարտ հող է ստեղծում քաղքենիության, քաղաքացիական ինդեֆերենտության, իշխողների կամայականության համար, ստեղծում «ուժեղ եւ արդար» իշխանության պատրանք: Իշխանությանը տիրացած ուժերը հրահրում են հենց նման տրամադրություններ: Այդ մթնոլորտում ավելի հեշտ է կառավարել: Իրոք, ավելի դյուրին է իշխանության կամքին ենթարկել նեղմիտ, զուտ անձնական հոգսերով տարված, քաղաքացիական դիրքորոշումից զուրկ զանգվածին, հարկավոր է միայն նրան տալ զվարճալիք ու օրվա հաց: Զվարճալիքը արդեն 3 տարի հրամցվում է «մերկացնող» հանրահավաքների ու «աղմկալի» դատավարությունների ձեւով: Պատահական չէ ներկա վարչախմբի հիպերբոլացված ուշադրությունը «ուղեղների լվացման» նկատմամբ. քարոզչության առումով նրանք կարող էին հիտլերյան կամ ստալինյան քարոզչամեքենայի նախանձը շարժել: Իսկ աշխատանք ու հաց, արժանապատիվ կյանք՝ եւ՛ սրանք, եւ՛ նրանք երբեք էլ չեն ապահովել: Մինչեւ 1998-ի իշխանափոխությունը իրականացվում էր ազատական քաղաքականություն: Տնտեսական վերելք ապահովելու համար դա բավարար, բայց ոչ անհրաժեշտ պայման էր: Հարկավոր էր անկախացնել սեփականությունը՝ պետությունից, ձեռներեցությունը՝ իշխանությունից: Մինչդեռ ներկայումս արվում է լրիվ հակառակը: Պետությունն, ի դեմս վարչական մեքենայի, օրըստօրե մեծացնում է իր անհարկի միջամտությունը տնտեսական կյանքում, որը ծնում է այնպիսի այլանդակ երեւույթներ, ինչպիսիք են տնտեսական մենաշնորհների հաստատումը, մեծահարուստների ներխուժումը խորհրդարան, կառավարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ: Սաստկանում է փողի եւ իշխանության սերտաճումը: Ներկա վարչախմբի նշանաբանն է. «Իշխանություն – փող – ավելի շատ իշխանություն – ավելի շատ փող…»: Իշխանության եւ փողի սերտաճած վերնախավային խմբերը մեծ հնարավորություններ եւ արտոնություններ են ստանում պետական հատկացումներն ի շահ իրենց օգտագործելու, ֆինանսական, հարկային, մաքսային համակարգի վրա ներգործելու առումով: Այդ սերտաճման հետեւանքով ստեղծվում են արտոնյալ արտադրողներ եւ արտոնյալ սպառողներ: Իշխանական վերնախավը բնականոն շարժառիթներ չունի տնտեսության մեջ լիբերալիզմի սկզբունքները կիրառելու համար, եւ եթե տնտեսությունը չազատվի իշխանական վերնախավի ճիրաններից, ապա ոչ միայն մեր քաղաքացիները կդատապարտվեն մշտական թշվառության, այլեւ Հայաստանը կդադարի լինել որպես ինքնուրույն քաղաքական միավոր: Քոչարյանի վարչախումբը արմատավորում է մի տնտեսական համակարգ, որը միայն երեւութապես է կրում շուկայական տնտեսության հատկանիշներ, սակայն էությամբ ո՛չ շուկայական է, ո՛չ պլանային, ուստի այդ համակարգը նվազ արդյունավետ է ոչ միայն շուկայականից, այլեւ պլանայինից: Նման տնտեսությունը, որը հիմնված է իշխանական վերնախավի անձնական կամ խմբակային շահերի ու քմահաճույքների վրա, դատապարտում է հասարակությունը թշվառության, իսկ քաղաքական կյանքը՝ խորացող ճգնաժամի: Վարչախումբը հետեւողականորեն իրականացնում է հանրային կարծիքը ապակողմնորոշելու, հասարակական դժգոհությունները խլացնելու կամ իր համար ձեռնտու ճանապարհով ուղղորդելու, քաղաքական ընդդիմությանը վարկաբեկելու եւ հետապնդելու ուղեգիծ: «Դրսի» օգտագործման համար ժամանակ առ ժամանակ աղմուկ է բարձրացվում ստվերային տնտեսության, մենաշնորհների, հարկերից խուսափողների, կաշառակերության, հանցավորության դեմ պայքարը ուժեղացնելու մասին, սակայն այդ ամենը ծառայեցվում է այլախոհների բերանները փակելու, հասարակության մեջ վախի ու սարսափի մթնոլորտ արմատավորելու նպատակին: Քրեական բարքերը թափանցել են իշխանական պալատներ, քրեականացվում է պետությունը՝ քրեականացնելով հասարակությունը: Այս ամենը ուղեկցվում է իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների քարոզչական «աջակցությամբ»: Միակ թիրախ է ընտրվել ընդդիմությունը, որը ներկայացվում է «նախկիններ», «ՀՀՇ», «հհշածին» եւ այլ քարոզչական կաղապարների միջոցով, հասարակության լյումպենացված տարրերին հրահրում ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի, դեռեւս տնտեսական հրաշքի սպասող միամիտներին կերակրում «նախկիններին» պատասխանատվության կանչելու եւ «թալանածը» հետ բերելու բարբաջանքներով: Սոցիալապես անապահով, աղքատության եզրից անդին իրենց գոյությունը քարշ տվող մարդկանց, երիտասարդությանը, ողջ հասարակությանը թունավորում են հեղափոխականության ու ծայրահեղականության վարակով, տոն է տրվում ազգայնամոլությանը եւ ռազմամոլությանը: Այս ամենը այլասերում է հասարակական բարոյականությունը, պարարտ հող ստեղծում իշխանության կամայականությունների համար, գլուխ է բարձրացրել քաղաքական դեմագոգիան, շառլատանությունը, էժանագին ամբոխահաճությունը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիան: Արմատավորվում է այն հոռի մտայնությունը, թե ամեն ինչ վճռում են բիրտ ուժը եւ փողը: Լիբերալ ուժերի գործունեությունը պետք է նպատակաուղղվի սեփականատիրական հարաբերությունների, ազատ շուկայական տնտեսության հաստատմանը: Առանց սեփականության իրավունքի ազատությունը պատրանք է, սեփականությունն առանց ազատության՝ բարիք ու բարօրություն չի կարող տալ: Լիբերալ ուժերի խնդիրն է՝ հետապնդել արդյունավետ պետական իշխանություն ձեւավորելու խնդիրը, քանի որ օրենքի եւ իրավունքի գերակայությունը դեռեւս չի դարձել պետության, հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու կենսակերպը, ընդ որում՝ սահմանադրության, օրենքների գլխավոր ոտնահարողները բարձրաստիճան պետական պաշտոնյաներն են: Օրենքների նկատմամբ նրանց օրգանական ատելությունն է պատճառը, որ նրանք ամեն կերպ դիմադրում են դատական իշխանության կայացմանը, որպեսզի այն երբեք ունակ չլինի հավասարակշռել օրենսդիր եւ գործադիր իշխանություններին: Լիբերալ ուժերի խնդիրն է՝ պայքարել հանուն մարդու քաղաքացիական, քաղաքական եւ սոցիալական իրավունքների ու ազատությունների, որպեսզի իշխանությունը ենթարկվի քաղաքացիական հասարակության վերահսկողությանը, թույլ չտրվի պետության ներխուժում ազատ ձեռներեցության ոլորտ, պաշտպանվի ինչպես գործարարների, այնպես էլ վարձու աշխատողների շահերը: Հայաստանում լրջորեն վտանգված են ժողովրդավարական, իրավական արժեքները, ամենագլխավորը՝ վերջնականապես այլասերվել է ընտրական համակարգը, չի գործում իշխանություն ձեւավորելու եւ փոփոխելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Իրավիճակի շտկման ամենաարդյունավետ ճանապարհը լիբերալ ուժերի միավորումն է, նրանց հանդես գալը որպես մեկ միասնական քաղաքական ուժ, որի համար մարդու իրավունքները եւ ազատությունները, իրավական, ժողովրդավարական պետության սկզբունքները գերագույն արժեքներ են: ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել