«ԻՆՉ ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ՝ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է» «ՀՀ պետեկամուտների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչություն. Ռ. Գալոյան» ստորագրությամբ լույս աշխարհ էր եկել թիվ 317/4 հանձնարարականը, որով հարկային մարմինների մի խումբ աշխատակիցների հանձնարարվում էր «կատարել այցելություն» «Օգոստոս» գործակալություն, որն, ի դեպ, «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչն է։ «Այցելության» բուն խնդիրը, ըստ այդ հանձնարարականի, «հարկային պարտավորությունների (հարկման բազայի) իրական գնահատման եւ տվյալների հավաքագրման նպատակն էր»։ Ստուգումների մասին, օրենքով, որքան հայտնի է, «այցելություն» հասկացություն ընդհանրապես նախատեսված չէ։ Օրենքը պահանջում է կատարվելիք ստուգման մասին նախազգուշացնել երեք օր առաջ, եւ նման հանձնարարականները, դարձյալ ըստ օրենքի, պետք է ստորագրի պետեկամուտների նախարարը։ Պետեկամուտների նախարարությունից մեզ հայտնեցին, որ «այցելությունը ստուգում չէ, հարկային մարմինները կարող են այցելել իրենց տարածքում գրանցված ցանկացած հարկատուի, եթե իրենց մոտ գտնվող հաշվետվություններով պարզվում է, որ տնտեսվարող սուբյեկտը հարկերը պարտաճանաչ չի վճարում։ Այցելության մեջ որեւէ միտումնավոր բան չկա։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե այցելություն հասկացությունն օրենքով նախատեսված չէ, ապա ինչ որ օրենքով արգելված չէ՝ թույլատրված է»։ «Օգոստոս» գործակալությունն, ի դեպ, վկայակոչում է ՀՀ Սահմանադրության հոդված 5-ի հետեւյալ դրույթը. «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»։ Երեկ ստացվեց պետեկամուտների նախարարի ստորագրությամբ հանձնարարական՝ հերթական ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, որն «Առավոտի» թղթակցի հետ զրույցի ժամանակ գործակալությունում կանխատեսել էին։ Ճշտեցինք, որ «Օգոստոս» գործակալությունում վերջին ստուգումները կատարվել են 1999 թ.։ Սեփ. լր.