Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը

Մայիս 19,2001 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՊԻՏԻ ԳՆԱ ԺՆԵՎ Կարծում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը – Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման ներկայիս ընթացքը: – Այսօրվա իշխանությունների գործողությունների պատճառով Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը տեղափոխվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարթություն: Դա է փաստում ԵԱՀԿ միջնորդների մասնակցությամբ հանդիպումների ֆորմատը, որտեղ չկա ԼՂՀ-ն: Բացի այդ, մի քանի օր առաջ Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր գործադիր մարմնի՝ ԱԳ նախարարների կոմիտեի նիստ, որին առաջին անգամ մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այդ նիստում Ադրբեջանը նորից օրակարգ մտցրեց հետեւյալ հարցը՝ հարգո՞ւմ են, թե՞ ոչ ԵԽ պետությունները տարածքային ամբողջականության սկզբունքը եւ պետությունների միջազգայնորեն ընդունված սահմանները: Այդ կոմիտեում, ինչպես հայտնի է, որոշումներն ընդունվում են «կոնսենսուսով», եւ բոլոր պետությունները, այդ թվում նաեւ՝ Հայաստանը, կողմ քվեարկեցին այդ բանաձեւին: Ստամբուլի համաժողովից հետո եւս մեկ անգամ միջազգային բարձր ատյանում Հայաստանը այս կարեւորագույն հարցում չի օգտագործել «վետոյի» իրավունքը: Դա եւս մի նշան է, որ Ժնեւի առաջարկությունների համաձայն Ղարաբաղը «դե յուրե» մնալու է Ադրբեջանի կազմում: Ես կարող եմ եւս մի քանի կարեւոր փաստարկներ բերել հօգուտ նրա, որ Ժնեւում մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Օրինակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի տեղեկանքը, որը տարածվել էր Քի Ուեսթի բանակցություններից առաջ եւ որով հաստատվում էր, որ Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի տարածքը: – Այդ դեպքում որն է, ձեր կարծիքով, ելքը: – Ռոբերտ Քոչարյանը չպիտի գնա Ժնեւ: Այնտեղ բանակցությունների սեղանին դրված առաջարկություններին համաձայնելու դեպքում նա ծանր փորձության կենթարկի Հայաստանը, որի տարածքով «Մեղրիի միջանցք» է տրվում Ադրբեջանին, ու Ղարաբաղը, որը մնում է Ադրբեջանի կազմում: Եթե այդ ծրագիրը Ժնեւում մերժվում է Քոչարյանի կողմից, ապա պետք է հաշվի առնել մեկ այլ շատ կարեւոր վտանգ: Ցավոք սրտի, ներկայիս իշխանությունը զուրկ է իրավիճակը ադեկվատ գնահատելու ունակությունից եւ չի զգում այդ վտանգի լրջությունը: Խոսքը նրա մասին է, որ միջազգային հանրությունը կարող է արձագանքել Հեյդար Ալիեւի մայիսի 9-ին արտասանած մտքերին, ըստ որոնց՝ ուրիշ երկրի տարածքները զավթած մարդիկ պետք է պատժվեն միջազգային օրենքներով: Ինչպես էլ վերաբերվեմ Ռոբերտ Քոչարյանին, ես խիստ անցանկալի եւ վտանգավոր եմ համարում, որ իմ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու նկատմամբ կիրառվեն այդ տեսակի ճնշումներ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել