Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պատմությունն իրոք այնքան սովորական է, որ գուցե չարժե առանձնացնել այլ պատմություններից: Աշխարհում

Մայիս 19,2001 00:00

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՄԵՐ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ Այս պատմությունն իրոք այնքան սովորական է, որ գուցե չարժե առանձնացնել այլ պատմություններից: Աշխարհում բոլոր ժամանակներում մոցարտներից միշտ անբաժան են սալիերիները: Եւ այդ անորակ գորշությունների միակ խնդիրը տզրուկի պես ուրիշների հաշվին ապրելն է ու ինքնահաստատվելը: Բնության մեջ նրանք զարմանալի երեւույթներ են՝ գոյություններ՝ առանց ստվերի, որ ուրիշի ստվերը համարում են իրենց մարմինը: Այդպես եղել է հարյուրամյակներ, հազիվ թե որեւէ փոփոխություն լինի առաջիկայում ու ընդհանրապես: Բայց, միեւնույն է, ցավը մնում է, ցավը խորանում է, երբ նրանց պատճառով շատանում է աշխարհի ավելորդ աղմուկն ու պակասում անհրաժեշտ ներդաշնակությունը: …Երբ Հայաստանի գրողների միության նախագահ էր ընտրվում Հրանտ Մաթեւոսյանը, բոլորը կարծես գոհ ու երջանիկ էին, բոլորը ոգեւորված էին կամ այդպես էին ձեւանում, որովհետեւ նախ ամեն ինչի համար վճարված էր ու հրատարակչական-նյութական աջակցության մեծ խոստումներ էին հնչում, հետո Գրողների միությունում ստեղծված վիճակից իրոք ելքեր էին պետք: Վերջապես՝ Հրանտ Մաթեւոսյանն այն անձն էր, որ իր գրական ու մարդկային նկարագրով կարող էր համախմբել գրողներին: Իհարկե, այս ամենը կարող էր եւ շրջանցվել, քանի որ կար Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի կամքը, իսկ դա այն ժամանակ ամեն ինչ էր նշանակում: Համագումարը կայացավ, նախագահն ընտրվեց: Հենց հաջորդ օրվանից սկսվեցին, ավելի ճիշտ շարունակվեցին ինտրիգներն ու տարաձայնությունները: Որովհետեւ սկզբունքորեն չէր լուծվել ամենակարեւոր հարցը՝ կարգավիճակի. ի՞նչ պարտականություններ ու իրավունքներ ուներ միությունն իրականում, ի՞նչ խնդիրներ պիտի լուծեր, ի՞նչ մեխանիզմներով: Եվ քանի որ այդ հստակեցումը համարյա անհնար էր, ուստի Գրողների միության նախագահ Մեսրոպ Մաշտոցն էլ դառնար, հայ գրողները նրա ստեղծած այբուբենը խոտանելու էին: Նախ՝ տնտեսական, հետո՝ քաղաքական, եւ բնավ՝ ստեղծագործական անհամաձայնության պատճառով: Ժամանակների՞ մեղքն է միայն, որ հայ գրողները այսօր այլ խնդիրներ չունեն, թե՞ գրողներն են մեղավոր, որ ստեղծագործական խնդիրները 64-րդ պլանում թողած՝ միմյանց միս ուտելն են գերադասում՝ դա համարելով համարյա պարտադիր աշխատանք: Համենայնդեպս, ոչ պակաս կարեւոր՝ հրատարակելիք գրքից ու գրելիք երկից: Թե ինչ վիճակ է ստեղծվել Գրողների միությունում հիմա, առավել քան ակնհայտ է: Սկզբունքային անհամաձայնություններ ու արմատական տարաձայնություններ դարձյալ չկան՝ կան անձնական չարդարացված ու արդարացված հավակնություններ, որոնք բոլորը հանգում են նույն խնդրին՝ անձի: Նրանք, ովքեր առաջ երդվում էին Հրանտ Մաթեւոսյանի արեւով, իսկ մտքում այդ արեւը համարում էին ուրիշի վառած լամպ, այսօր պատրաստ են նրան գործած ու չգործած մեղքերի համար հոշոտել: Զարմանալիորեն Գրողների միությունից վտարվել է բարոյականության ոգին, ամեն ինչ հիշեցնում է 20-րդ դարի 20-30 ական թթ., երբ պրոլետարիատի դիկտատուրան տաղանդի ու գործունեության որակ ու մակարդակ, շրջագիծ ու ճակատագիր էր որոշում: Մնացածը՝ ըստ կառավարության եւ կուսակցության ցուցումի: Հիմա, երբ այդ ցուցումը փաստորեն չկա, ղեկավար մարմնի դերը ստանձնել են խարդավանքները: Գուցե դա հետեւանքն է այն իրողության, որ երկրում ընդհանրապես դժվար են հաստատվում համակարգերը, նույնիսկ խնդրի գիտակցումը չկա: Բայց այս պարագայում ինչպե՞ս հաշտվել այն իրողությանը, որ գրողները շարունակում են իրենց երեւակայել այս երկրի գերագույն ու առաջնահերթ կարեւորության անձեր, որոնց խոսքը՝ օրենք ու կամքը հրաման է: Նույնիսկ եթե այդպես լիներ, ո՞ր հարցում են գրողներն իրենց կամքը դրսեւորել, ի՞նչ հասարակական հնչողության խնդիր են առաջադրել ու նպաստել լուծմանը: Ոչ բոլորը միասին, այլ՝ առանձին-առանձին գոնե: Գրողների հերթական համագումարը կընտրի նոր նախագահ, եւ նրան կվիճակվի նույն գողգոթան անցնել: Եթե, իհարկե, չսկսի կարգավիճակի ճշտումից ու չունենա գրողների աջակցությունը: Իսկ այդ ի՞նչ հարց լուծելու համար պիտի համախմբվեն հայ գրողները, որ երեքով հինգ կարծիք են ունենում, եթե սթափ են, իսկ եթե նորմալ վիճակում՝ յոթ: Եվ դա ոչ մեկին այլեւս չի զարմացնում: Իմ սերնդի համար Գրողների միությունը համարյա սրբավայր էր, հետո իհարկե շատ սրբություններ ոտատակ տրվեցին, բայց մեղավորն ու պատասխանատուն ոչ միայն ոտատակ տվողներն էին, այլեւ ոտատակ գնացողները: Իրական, ոչ հնարովի արժեքները չեն հնանում: Հրանտ Մաթեւոսյանը կարող է Գրողների միության նախագահ չլինել, նրա գրական հեղինակությունն ու տաղանդը բնավ չեն պակասելու, փոխարենը այլոց այդ աթոռը հեղինակություն ու տաղանդի շուք է հաղորդելու: Հաստատ: Այլապես այսպիսի հետեւողական ու աններում պայքար չէր ծավալվելու: Ընդ որում, նշանակություն չունի՝ ո՞վ է ընտրվելու, վարկաբեկման մեխանիզմը նույնն է, նույն ուժերն են գործելու, որովետեւ այլ անելիք չունեն: Ողբերգություն է, որ 21-րդ դարը հայ գրողները սկսել են ցաքուցրիվ, պատրաստ համախմբվելու միայն շահի ու ստորության նպատակով: Ողբերգություն է, որ իրենք այդ չեն գիտակցում ու շարունակում են իրենց համարել տիեզերքի կենտրոնն առնվազն, համենայնդեպս յուրաքանչյուրը իրեն պատրաստ է հանձնել պետության պահպանությանը ու նույնիսկ պահանջում է այդ հոգածությունը՝ փոխարենը հասարակության առանց այդ էլ չարացած ու անորոշ, նյարդային ու ջղագրգիռ վիճակին ավելացնելով սեփական թույնն ու հաստատելով իդեալի բացակայությունը, գոնե հեռավոր հայտնության հեռանկարը: Փոխարենը սեփական առաքելության, հանճարի ու անհրաժեշտության մասին կարող են խոսել ժամերով ու օրերով՝ առանց հոգնելու, համոզված ու համոզիչ: Երբ քեզ խաբում եմ մեկ անգամ, խաբողի մեղքն է, երբ խաբվում ես երկրորդ անգամ, մեղավորը դու ես: Ուրեմն՝ ինչու՞ ենք թույլ տալիս, որ մեզ անվերջ խաբեն… Հիմա կասեն, թե գրականությունը ազատություն է պահանջում, ոչ ոք չի կարող գրողին որեւէ բան պարտադրել: Կարող է: Պետությունը: Հասարակությունը: Սեփական խիղճը, եթե դեռ չի դարձել պայմանական հասկացություն: Անցյալի ավանդույթներն ու ապագայի պահանջները: Եթե սա էլ չհամարենք ճարտասանական հասկացություն: Պետության ղեկավարներն են առաջին հերթին պատասխանատու հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի համար: Բայց նույն այդ հասարակությանը ի՞նչ հուսատու խոսք է ասվել, ի՞նչ ճանապարհ է մատնանշվել, ի՞նչ օրինակ է տրվել: Ո՞վ է խելամիտ ու ճշմարիտ, բարի ու սատարող խոսք ասել: Խոսքերի ժամանակն անցե՞լ է ու գործերի՞ անհրաժեշտությունն է հասունացել: Խնդրեմ՝ ասպարեզը բաց-բաց: Բոլոր պատմական փոփոխությունները նախ ծագել ու առաջադրվել են իբրեւ գաղափար: Գրվել են վեպեր ու պատմվածքներ, բանաստեղծություններ ու պոեմներ, որոնց հերոսները մի քանի տասնամյակ անց գործող անձ են դարձել: Բոլորս առաջնորդ ենք որոնում, իսկ առաջնորդները երկնքից չեն ընկնում, ծնվում ու ձեւավորվում են, երբ կա հասարակական պահանջ: Ո՞վ պիտի այդ պահանջը հայտնիացնի, ո՞վ պիտի պարապը լցնելու փորձ ձեռնարկի: Ընդունենք, որ պետությունն այդ չի կարողանում կամ չի գիտակցում: Ընդունենք, որ քաղաքական կուսակցությունները դեռ անզոր են այդ բեռը հաղթահարել: Ընդունենք, որ տնտեսական ու սոցիալական ծանր վիճակ է ստեղծվել: Հետո՞: Բոլորս հեռանա՞նք: Ագռավաքար որոնենք ու Մհեր ձեւանա՞նք: Թե՞ ասենք՝ մեզ չեն պահում, պիտի մեռնենք: Ո՞վ պիտի հասարակության մահվան ենթագիտակցական ծրագիրը նպատակաուղղի կյանքի ու հարատեւման ծրագրի: Բոլոր գրողները, համարյա առանց բացառության, իրենց համարում են ընդդիմություն: Օբյեկտիվորեն: Թեեւ հասկանալի չէ ինչի՞ն են ընդդեմ: Պետությա՞նը: Իշխանությա՞նը: Ժողովրդի՞ն: Սպիտակ թղթի՞ն: Ու թե այդքան հետեւողական ու օրինաչափ ընդդիմություն են, ինչու՞ ոչինչ չեն ձեռնարկում վիճակն իրենց կարեցածի չափ փոխելու համար: Թե՞ հեշտ ու ձեռնտու է ընդդիմադիրի կեցվածք ընդունած գնահատվելուն սպասելը: Իսկ եթե դափնիները ուշանան, բոլորին հայհոյելը կա ու կա: Ճշմարտությունն այն է, որ մենք պարզապես արժանի չենք անկախ ու ուժեղ երկիր ունենալու երջանկությանը: Մենք հոգով թույլ ու վախկոտ ենք մնացել, մեզ դեռ պետք են վերակացուներ ու վարպետ-դաստիարակներ՝ ինչ-որ բան անելու, ձախողման դեպքում՝ պատասխանատվությունը կրելու համար: Մենք մահացու վախենում ենք սխալվել ու ոչինչ չենք անում: Վերջին տարիներին գրված մեր բոլոր գրքերի հերոսները թույլ ու ողորմելի մարդիկ են՝ կամ հոգեկան հիվանդ, կամ սեռապես անկար, կամ իրենք իրենց մեջ խճճված մոլորյալներ, որ սպասում են օգնության: Մենք հավակնում ենք ստեղծել աշխարհի ամենախեղճ ու ամենահիմար մարդու կատարելատիպը: Եթե հայ գրականության իդեալը դա է, հազիվ թե արժե, որ այդ գրականությունը հրատարակվի մեծ տպաքանակներով ու ընթերցողների մեծ թիվ ունենա: Մենք կշարունակենք անճոռնի ու խրթին հայերենով կարդալ աշխարհի մեծերի թարգմանական գրքերը, կամ կբավարարվենք ռուսերեն գրքերով՝ որպեսզի հաղորդակցվենք համաշխարհային գրականությանը ու չկորցնենք արվեստի այդ տեսակի զգացողությունը: Իսկ դա իր հերթին կհանգեցնի ազգայինի նահանջի ու օտարի ինքնահաստատման: Հետո պատեհ-անպատեհ կհիշենք Նարեկացուց սկսած բոլոր մեծերին ու Խորենացու հանգով կողբանք փոքր ածուի մեր զարհուրելի վիճակը՝ այդպես հեշտ է ու առանց քաղաքական հետեւանքների: Վերջապես չէ՞ որ մենք Չարենց ենք ունեցել, Տերյան ու Սեւակ, ու… Անունների թվարկումը կշարունակենք ի մխիթարություն ու նրանց թիկունքում կթաքցնենք սեփական ողորմելիությունը: Այդպես նաեւ ազդեցիկ է: Իսկ ժամանակն անկոտրում առաջ կգնա ու մեր որդիները այս օրերի մասին կամ կլռեն, կամ կասեն, որ իրենց հայրերն ու պապերը զբաղված էին բաբելոնյան նոր աշտարակաշինությամբ եւ իրենց մեղքը չէր, որ Աստծո կամքով աշտարակը փլուզվեց: Սա՝ լավագույն դեպքում: Իսկ ճշմարտությունն այն է, որ աշտարակի փլուզման մեղքը շինարարներինն էր, նրանք դադարել էին հավատալ իրենց կառույցին ու այլեւս չէին ուզում Աստծուն մոտենալ: 8230Գրողների միության հերթական համագումարը կընտրի հերթական նախագահին: Գրականությունն ու ընթերցողները ոչինչ չեն շահի: Նոր մարդիկ կստանան իշխանական իրենց փոքրիկ լծակները ու ավելի փոքրիկ պաշտոններ կշնորհեն իրենց մերձավոր-հավատարիմներին: Ու կշարունակվի նույն կարուսելը, որովհետեւ ոչ ոք փորձ իսկ չի ձեռնարկի կարուսելի հնամաշ ձիուկին հիշեցնել, որ ինքը ժամանակին Պեգաս է եղել ու թռիչքները երազում չեն միայն հասու…8230Բայց դա արդեն այլ պատմություն է: Այլ ժամանակների: Այլ երկրի: Մենք հազիվ թե հասնենք այդ երկրին ու այդ ժամանակին: Կարուսելի մեր ձիուկը ընդամենը կարող է փոխել իր գույները, առավելագույնը՝ ավելացնել կամ նվազեցնել պտույտի արագությունը: Իսկ ուղղությունն իր խելքին հասու չէ: Ավաղ: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել