Ի՞ՆՉ ԱՐԳԱՆԴ ՑՆԿՆԵՑ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27» ՄՂՁԱՎԱՆՋԸ Եվ ինչո՞ւ այս հրեշավոր ոճրագործությունը չի դատապարտվում կատարվածին համարժեք ուժգնությամբ: Մեր ծույլ հիշողության ուսերին շատ մեծ բեռ չդնենք ու «Դրո»-ի, «Վահան Հովհաննիսյան+30»-ի կողքով անցնենք՝ ձեւացնելով, թե չենք զարմանում, որ ահաբեկչության ու պետական հեղաշրջման մեղադրանքով ազատազրկվածներն այսօր, իրավիճակի փոփոխության շնորհիվ, իշխանության ներկայացուցիչներ են ու հասարակությանն օրինապահության դասեր են տալիս… Բազմաթիվ այլ «արգանդների» կողքով նույնպես անցնենք, որովհետեւ եւ՛ մեր ուղեղներն են այնքան անբան դարձել, որ ճանապարհի կեսին չհասած՝ արջի քուն կմտնեն, եւ՛ լրագրային մի նյութի մեջ անհնար է տեղավորել իշխանափոխությանը նախորդած եւ հաջորդած մանր ու մեծ դավադրություններով հարուստ մեր նորագույն պատմությունը: Կանգ առնենք 1996-ի սեպտեմբերի 25-ի շեմին: Մահացու վիրավորված կոորդինատորը Վստահեցնում եմ, չեք ձանձրանա, եթե մտովի հասնեք մինչեւ Շարժման ակունքները: Իսկ ակունքներում «Ղարաբաղ» կոմիտեն էր, որի կոորդինատորը Վազգեն Մանուկյանն էր: Հայաստանի շարքային քաղաքացին, իհարկե, կարող էր եւ չիմանալ այդ մասին (սա իրենց ներքին խնդիրն էր), բայց գիտեր, քանի որ ինքը՝ կոորդինատորը, պատեհ-անպատեհ, հիշեցնում էր այդ մասին: Մասնավորապես այն բանից հետո, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կոորդինատորը չներեց իր կուսակիցներին: Քիչ թե շատ սուր աչք ունեցողը դա նկատեց հենց ընտրությունների օրերին: Չնկատելը դժվար չէր՝ Վազգեն Մանուկյանը չէր էլ ձգտում թաքցնել: Թաքցնել էին փորձում իր կուսակիցները: Նրանք դեռ չգիտեին, որ կոորդինատորը երբեւէ չի մոռանալու այդ «մահացու» վիրավորանքը, ու նախագահ դառնալու անշեջ հուրը նրա հոգում անթեղվելու է իշխանափոխությունից հետո միայն: Ոչ այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը Քոչարյանին իրենից լավ նախագահ է համարում (իրենից լավ «նախագա» ոչ ծնվել է, ոչ էլ կծնվի), պարզապես, «ոչ ինձ, ոչ քեզ» անեկդոտի հերոսի պես, նրա խորովված ջիգյարը հովացել էր արդեն՝ ՀՀ նախագահն այլեւս Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ: Շատ ջանք թափեց ՀՀ առաջին նախագահը, որ անդունդը չխորանա: Կոորդինատորին վարչապետ նշանակեց, օժտեց այնքան լիազորություններով, որքան նույնիսկ ինքը չուներ: Կոորդինատորն էլ նամարդություն չարեց՝ լիուլի օգտվեց իր լիազորություններից, ու եթե պատմության մեջ չմտավ որպես լավ վարչապետ, ապա գոնե կհիշվի «ռեսպուբլիկայի փողերը վերցրած ու հայդա Փարիզ փախած» նախարար Եսայի Ստեփանյանով: Մախաթը պարկում երկար պահել չհաջողվեց ՀՀՇ-ն, այնուամենայնիվ, պառակտվեց: Թե կոորդինատորի հիվանդոտ հավակնոտությունն ինչ հարված հասցրեց Շարժման ողնաշարին, այլ խոսակցության թեմա է: Այս պահին կարիք կա, որ վերհիշենք, թե ինչ պատահեց, երբ պատերազմում հաղթանակած ու ծանրագույն փորձությունների բեռի տակ կքված Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին ստորագույն բոլոր միջոցներով վարկաբեկող բազմակուսակցական սայլին լծված ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, երկրորդ նախագահական ընտրություններին, սոցիալական դժվարությունների «բարեպատեհ» ֆոնին Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենալուրջ հակառակորդը դարձավ: Խոստովանենք, շատերս ենք մինչ այսօր մտածում, որ ժողովուրդն իր ձայնը տվել էր Վազգեն Մանուկյանին, եւ որ հենց այդ ժողովուրդն էլ ափերից դուրս եկավ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը «խլեց իշխանությունը» Վազգեն Մանուկյանից: Այսօր եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքից է խլված իշխանությունը (հիմնաքարը դրվեց 1996-ի սեպտեմբերի 25-ին), եւ՛ Վազգեն Մանուկյանը վաղուց այլեւս ոչ մի բանի կոորդինատոր չէ (ու դժվար թե երբեւէ լինի, որովհետեւ կոնֆորմիստի թիկնոցն արդեն այնքան է ներդաշնակվել նրա այսօրվա բնութագրին, որ հրաշք կլինի, եթե նա այն դեն նետի իր ուսերից), ու յուրաքանչյուր ոք, սեպտեմբերի 25-ի դեպքերի ընթացքը սառնասրտորեն ու անաչառորեն վերհիշելով, կհամոզվի, որ ով՝ ով, Վազգեն Մանուկյանն ամենեւին էլ վստահ չէր, որ հավաքել է անհրաժեշտ ձայները: Հենց այդ «աննշան» պատճառով էլ նյութվեց սեպտեմբերի 25-ի սադրանքը: Կոորդինատորը գիտեր, որ հրապարակում հավաքված ժողովրդի դժգոհության ալիքի վրա, առաջին ու վերջին անգամ, իրեն հնարավորություն է տրված հասնել նախագահի բաղձալի աթոռին: Գիտեր ու օգտվեց՝ միջոցների մեջ ոչ մի խտրություն չդնելով: Հատված՝ պաշտոնական հաղորդագրությունից «Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմնակիցները՝ վերջինիս գլխավորությամբ, եւ մասնակցությամբ՝ Արշակ Սադոյանի, Կիմ Բալայանի, Դավիթ Վարդանյանի, գրոհեցին ԱԺ շենքը: Ժողովրդավարական ճանապարհով հաջողության չհասնելով, նրանք որոշեցին դիմել բռնության: Այսպես՝ 4-5000 հոգի, ջարդելով դարպասները, ԱԺ պատգամավոր Դավիթ Վարդանյանի կոչով, ներխուժեցին շենք եւ առեւանգեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին ու փոխնախագահ Արա Սահակյանին: Առեւանգողների խումբը գլխավորում էին Արշակ Սադոյանը եւ Կիմ Բալայանը: … Արշակ Սադոյանի եւ Կիմ Բալայանի գլխավորած ամբոխի գործողությունների հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներ են ստացել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ փոխնախագահ Արա Սահակյանը… »: Նա մեծ կոմբինատոր չէր, ընդամենը կոորդինատոր էր, բայց… որոշել էր «սառույցը շարժել» Մինչ իշխանության զավթման վայրագ փորձը, Վազգեն Մանուկյանն արդեն «անձամբ իր անունից դիմել էր» միտինգավորներին. – Մենք հիմա գնում ենք այնտեղ: Եթե չթողնեն ներս, մտնում ենք ժողովրդով: Մենք այնտեղ կլինենք 20-30 րոպե: Եթե 20-30 րոպեից դուրս չգանք, եկեք մեր հետեւից: Չմանրամասնենք, որ ԿԸՀ նախագահը նախորդ օրն արդեն հայտնել էր հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ոչ միայն ընդդիմության պահանջած երեք տեղամասի քվեատուփերը, այլեւ՝ անսահմանափակ թվով քվեատուփեր բացել, եւ բանակցությունների պատասխանատու, ԱԺՄ անդամ Սեյրան Ավագյանն այդ մասին հրապարակում հավաքվածներին «միամտորեն» տեղյակ չէր պահել: Ոչ էլ մանրամասնենք, թե ինչպես Դավիթ Վարդանյանը նույն այդ ժողովրդին խաբեց, թե Վազգեն Մանուկյանին ձերբակալել են: Եվ կամ թե՝ բազմաթիվ հորդոր-պահանջներին, որ վայրագությունը հրահրած պարոն կոորդինատորը դուրս գա ու գազազած ամբոխին հանգստացնի, ինչ է պատասխանել նույն ինքը՝ ԱԺՄ առաջնորդը: Եվ կամ թե՝ «ազգի սիրելի» Արշակ Սադոյանը ԱԺ նախագահի ընդունարանում ինչպես է քաջալերել «սիրելի հայրենակիցներին», որ նրանք «անեն այն, ինչ ուզում են»: Եվ կամ թե՝ խուժանի կողմից հոշոտվող Արա Սահակյանը երբ խնդրել է հավատավոր դաշնակցական Կիմ Բալայանին, որ փրկի իրեն, ինչ է պատասխանել շատ մեծ իրավաբանը: Եվ կամ՝ երբ «օրինապաշտ» Վազգեն Մանուկյանը հա կրկնում էր, որ իրենց պահանջը «օրենքի եզրին» է, եւ դա կարելի է կատարել, ինչ էր հասկանում «օրենքի եզր» ասելով: Եվ թե անզեն ու դիմադրություն ցույց չտվող հասարակական կարգի պահպանման ուժերին՝ 18-20 տարեկան իրենց զինվոր զավակներին, ինչ անգթությամբ էին ծեծում ոչ միայն տղամարդիկ, այլեւ դագանակներով զինված այն «հայ փափկասուն տիկնայք», ովքեր նույն մոլեգնությամբ փողոցում հարձակվում էին հակառակ ուղղությամբ գնացող անցորդների վրա՝ «Լեւոնին ես ընտրե՞լ, հիմա գլուխդ կփշրեմ…» աղաղակներով: Եվ թե ինչպես «սիրելի հայրենակիցները» ջարդուփշուր արեցին ԱԺ շենքում իրենց հանդիպած ամեն ինչ (կարծես «իրենց հանդիպածը» պատերազմից գլուխը նոր ազատած մեր աղքատ պետության ունեցվածքը չէր )… Եվ թե ինչպես էին որպես ԱԺ նախագահի կյանքի գին՝ ջարդարարները Բաբկեն Արարքցյանից պահանջել իրենց դատաստանին հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին… Վայրագությունը գնահատվեց «ըստ արժանվույն» Այն, որ սեպտեմբերի 25-ը նախօրոք ծրագրված սադրանք էր, այն էլ՝ հիանալի մտածված սադրանք, տարակույս չկա, բայց ի՞նչ իմաստ ունի դրա մասին հիշել այսօր՝ կմտածեն ոմանք: Իմաստ ունի, որովհետեւ սեպտեմբերի 25-ն էր այն հիմնական նենգ «արգանդը», որ ցնկնեց հոկտեմբերի 27-ը: Այդ հրեշավոր ոճրագործությունը հնարավոր դարձավ, որովհետեւ, ԱԺ ներխուժումից հետո, սեպտեմբերի 25-ին Ազատության հրապարակի հանրահավաքը ղեկավարող քաղաքական գործիչներն ու մտավորականները կատարվածը ամոթալի բարբարոսություն որակելու փոխարեն՝ էյֆորիայի մեջ էին: Կատարվածից անսահման ոգեւորված արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի միտն էր ընկել, որ՝ «Մենք այն ժողովուրդն ենք, որ մասնակցել ենք քաղաքակրթության ստեղծմանը, դրա համար ենք համաշխարհային…»: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նույնպես դոկտոր Ռաֆայել Ղազարյանը, խոսելու ընդունակությունը երջանկությունից գրեթե կորցրած, օդային բոցաշունչ համբույրներ էր հղում «քաղաքակրթության ստեղծմանը մասնակցած համաշխարհային» միտինգավորներին: Դոկտոր եւ կին Լյուդմիլա Հարությունյանի խանդավառության հետ, իհարկե, ոչ ոք մրցել չէր կարող.«Ես սիրում եմ ձեզ, ժողովու՜րդ, դուք այսօր շա՜տ գեղեցի՜կ եք բոլորդ»: (Հավանաբար, տիկին Հարությունյանը հենց այդ օրը որոշեց «արժանապատիվ ապագա» կառուցել՝ այդ «գեղեցիկ ժողովրդի» հետ): Պարույր Հայրիկյանն, ինչպես միշտ, իր «քրիստոնեաիրավապաշտպանական» բարձունքի կատարին էր. «Այսօր է որոշվում՝ ով է հայ, ով՝ հակահայ: Ով մեզ հետ չի, նա հայ չի»: (Իսկ թե հաջորդ օրը խորհրդարանում ինչ անկեղծությամբ էր նա ողջ մեղքը «կոորդինատորի» վզին բարդում, սա էլ ուրացումի այնպիսի օրինակ է, որ, առանց խնամի-ծանոթ մեջտեղ գցելու, կարող է ամենապատվավոր տեղը գրավել այսօրվա ուրացումների ճոխ ցուցակում): Իգոր Մուրադյանի ադոլֆամուսոլինիական «վինեգրետը» վերաշարադրելու համար անհրաժեշտ առողջություն չունեմ… Դավիթ Վարդանյանի արյան ծարավը դեռ բավարարված չէր, ու հարթակից շարունակում էր «հաթաթա տալ» իշխանություններին. «Դուք մենակ չեք, ունեք հարազատներ, այնպես մի արեք, որ էս ժողովրդի կատաղությունը թափվի նրանց վրա»: «Ամենահուզիչն», իհարկե, այժմյան ԱՎՄ-ի ղեկավար Սամվել Հարությունյանի ռետրո-պաթոսն էր.«Սիրելի ժողովուրդ հայոց, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում սուլթան Համիդից, Թալեաթից, Աթա Թուրքից»: Հավանաբար, այն պատճառո՞վ էր այդպես զայրացել պարոնը, որ իրենց սպասելիքները չէին արդարացել, եւ ԱԺ ներխուժած, հանրապետության երկրորդ դեմքին ու փոխնախագահին առեւանգած ու հոշոտած ջարդարարներից ոչ ոք, իշխանությունների սթափ գործողությունների շնորհիվ, չէր վիրավորվել ու չէր զոհվել, եւ սադրանքի հեղինակներն էլ, ողջ ու առողջ, հարթակից շարունակում էին հոխորտալ: …Իսկ վայրագությանը 88-ի համուհոտ տալու շեփորի «անսլուխ» ճռճռոցը պարզապես չարագուշակ նախազգուշացում էր՝ պտուղները հետո ենք «վայելելու»: … Իսկ «վայելելու էինք», որովհետեւ Բաբկեն Արարքցյանի այն հույսը, թե՝ «Մեր ժողովուրդը չի ների դա», Արա Սահակյանի հառաչանքը, թե՝ «…Ինչ որ եղավ ինձ հետ, Արարքցյանի հետ, թող նրանք, ովքեր արյուն էին ուզում, դրանով բավարարվեն», ռոմանտիկայի ոլորտից էին: Արյան ծարավ ազգս համաշխարհային Սեպտեմբերի 25-ից մենք ոչ միայն դաս չառանք, այլեւ, որքան էլ սարսափելի է խոստովանել, անգամ հոկտեմբերի 27-ը չհագեցրեց մեր արյան ծարավը: Ինչու՞: Եթե ուշադիր նայենք մեր շուրջը եւ տեսնենք, թե ովքեր են այսօր տնօրինում մեր երկրի ճակատագիրը, ժամանակին բռնության բացահայտ կոչեր անողների ու բռնություն իրականացնողների ինչ ազդեցիկ «բանակ» է շրջապատել մեր փառապանծ վոինին, կհասկանանք, թե որտեղից է սնունդ ստանում մեր խեղաթյուրված ու օրեցօր բարբարոսացող կենսակերպը: Իսկ եթե անգամ այսքանից հետո «զահլա չունենք» ուշքի գալու, ուրեմն՝ եկեք ազգովի զոռ տանք մեր «քաղաքակրթության ստեղծմանը մասնակցած, համաշխարհային» երեւակայությանը ու պատկերացնենք, թե էլ ինչ ահազդու հարվածներ է ստանալու մեր «թշվառ-անտեր» ու ծռմռված ողնաշարը: Երեւակայությանը զոռ տալու «գործում» մեր դեմ խաղ չկա: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ