Վերաքննիչը եւս մեկ տարի պակասեցրեց Երեկ վերաքննիչ դատարանը մեկ տարով պակասեցրեց Աշոտ Բլեյանի եւ «Մխիթար Սեբաստացի» րթահամալիրի գլխավոր հաշվապահ Ռիմա Պողոսյանի պատժաչափերը։ Լրագրողներից մեկն այս առնչությամբ դառը կատակեց, որ եթե Հայաստանում գործեր հինգաստիճան դատական համակարգ՝ այդ բոլոր ատյաններով անցնելով, Աշոտ Բլեյանն, ի վերջո, ազատ կարձակվեր։ «5 տարի ժամանակով ազատազրկում ուժեղացված ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում եւ տուգանք՝ 90 հազար դրամի չափով»՝ վերաքննիչ դատարանը Աշոտ Բլեյանի նկատմամբ այս դատավճիռը կայացնելիս դարձյալ հիմք ընդունեց այդպես էլ դատարան չներկայացած մի քանի վկաների նախաքննական ցուցմունքները։ Ի դեպ՝ նրանցից կարեւորագույնի՝ շինարար Արմեն Մկրտչյանի վերաբերյալ դատարանը միջնորդել է, որ քրեական գործ հարուցվի։ Սա թերեւս փորձ է շտկելու այս գործով նախաքննության անտրամաբանական որոշումները՝ բուն կատարողների նկատմամբ իրավական որեւէ վճիռ չկայացնելը եւ փոխարենը նրանց կատարածն Աշոտ Բլեյանին վերագրելը։ Վերաքննիչ դատարանը փոփոխեց առաջին ատյանում կայացված դատավճռի այլ դրույթներ եւս։ Այսպես, «գույքի հափշտակումը յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով» մեղադրանքի փոխարեն այժմ Բլեյանը մեղադրվում է այդ ամենի նախապատրաստության՝ հանցափորձ կատարելու մեջ։ Պարզ ասած, դատարանը որոշել է, որ եթե պետությունն ի վերջո փոխհատուցեր կրթահամալիրի շինությունների տանիքապատման համար ծախսված գումարը՝ Բլեյանը կյուրացներ այն։ Ի՞նչ ապացույցների հիման վրա է դատավորների այս համոզումը՝ առայժմ անհայտ է։ Երեկ դատարանում հնչեց դատավճռի եզրափակիչ մասը միայն։ Վերաքննիչ դատարանը վճռեց նաեւ մերժել Աշոտ Բլեյանից հօգուտ պետբյուջեի շուրջ 3,7 մլն դրամի քաղաքացիական հայցը։ Վերացվեց նաեւ նրա անձնական գույքի բռնագրավման մասին որոշումը։ Չբավարարվեց մեղադրողների միջնորդությունը՝ 3 տարով Բլեյանին զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Սակայն դատավորները նաեւ նախընտրեցին այդ հոդվածների առավելագույն պատժաչափը։ Սա անտրամաբանական է առաջին անգամ դատված մարդու պարագայում, որի օգտին միջնորդությունները քրեական գործի մի հատոր են կազմում։ Ի դեպ, Բլեյանին վերագրվող բոլոր հանցագործությունները մինչեւ 1997-ի թվագրության են, սակայն նրա նկատմամբ չկիրառվեց նաեւ 1998-ի սեպտեմբերին իրականացված համաներումը։ Մի խոսքով, դարձյալ առանց գործով որեւէ տուժողի, յուրացման փորձի չհաստատված փաստով եւ նախաքննական ցուցմունքների վրա հիմնված այս դատավճիռը բողոքարկվելու է նաեւ վճռաբեկ դատարանում։ Այս մասին մեզ հայտնեց Աշոտ Բլեյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը։ Մայիսի 14-ին լրացավ 2 տարին, ինչ Բլեյանն ազատազրկված է։ Սահմանված պատժաժամկետի ավարտին (եթե, իհարկե, այն ուժի մեջ մնա) մնացած 3 տարիների պարագայում կարող է կիրառվել պատժի 1/3-ով կրճատման օրենքով նախատեսված դրույթը եւ Աշոտ Բլեյանը վաղաժամկետ ազատ կարձակվի, եթե նա 10-օրյա ժամկետում դիմի նման խնդրանքով։ Սակայն Ռոբերտ Գրիգորյանը հայտնեց, որ ինքն ու իր պաշտպանյալը նման խնդրանքով չեն դիմի. «Աշոտ Բլեյանը բազմիցս արտահայտել է այդ միտքը, որ ինքը ոչ մեկից չի խնդրի ներողամտություն ցուցաբերել»։ Աշոտ Բլեյանն ապացուցել է իր անմեղությունը։ Իսկ անմեղ մարդն ինչո՞ւ պիտի նման բան խնդրի։ Ի վերջո՝ դատարանը կարդարացնի նրան՝ կա՛մ Հայաստանում, կա՛մ Ստրասբուրգում։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ