Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկանշական

Մայիս 19,2001 00:00

ՀԱՐՎԱԾՆ, ՈՒՐԵՄՆ, ԴԻՊԵԼ Է ՃԻՇՏ ՆՇԱՆԱԿԵՏԻՆ Հատկանշական է, որ հատկապես որոշ գործիչների եւ իշխանամետ լրատվամիջոցներին խիստ նյարդայնացրեց ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի նախաձեռնությունը՝ Նաիրի Հունանյանին մատուցվող արտադատարանական աջակցությանն առնչվող կասկածները ստուգելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ։ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի կարծիքով, իրենց հայտարարությանը հետեւած այս անհանգստությունը մի բացատրություն կարող է ունենալ. «Ճիշտն ասած, ես այստեղ ինչ-որ վախ եմ տեսնում։ Ինչի՞ց են վախենում։ Եթե ազնիվ են եւ հակաօրինական ոչ մի քայլ չեն կատարել՝ վախենալու բան չունեն, ուրեմն ինչի՞ համար է այս հիստերիան։ Հենց որեւէ մեկն անհանգստություն է հայտնում «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ՝ իսկույն նրան պիտակավորում են իշխանամետ ԶԼՄ-ները եւ դրանց ետեւում կանգնած գործիչները։ Բավական չէ՝ իրենք մի կծու կամ թթու խոսք չեն ասում ահաբեկիչների հասցեին՝ չեն ներում նրան, ով իրեն թույլ է տալիս նման բան»։ Այդպես եղավ Ալբերտ Բազեյանի, Վիկտոր Դալլաքյանի, Գագիկ Թադեւոսյանի պարագայում։ Եվ մի՞թե նաեւ սա չէ ահաբեկիչների նկատմամբ հովանավորչության մթնոլորտը, որի առկայության մասին ՀԺԿ-ի եւ «Հայաստանի» հայտարարությունից հետո չքմեղացած սկսեցին ապացույցներ պահանջել ճիշտ նույն լրատվամիջոցները, որոնք իրենց զգալի լուման են ներդրել այդ մթնոլորտի առաջացման մեջ։ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի հայտարարո ւթյանը հետեւած մեկնաբանությունների հեղեղի մի զգալի մասը սակայն այս էր, թե այն հիմնված էր ոչ թե փաստերի, այլ կասկածների վրա։ Թեպետ խորհրդարանականների համար անսովոր չպիտի լիներ կասկածների հիման վրա հանձնաժողով ձեւավորելը։ Վերհիշենք թեկուզ, որ էներգետիկ ժամանակավոր հանձնաժողովի ծնունդի պատճառն Արշակ Սադոյանի կասկածներն էին, թե մազութն իրականում «լափվել է»։ Այժմ էլ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը մասնակից փորձառու փաստաբաններն են բազմիցս հրապարակավ կասկած հայտնել, թե Նաիրի Հունանյանը ստանում է արտադատարանական խորհրդատվություն եւ աջակցություն։ Սրանից բացի՝ ՀԺԿ վարչության անդամն այլ հիմքեր էլ մատնանշեց իրենց կասկածների համար. «Աշոտ Մանուչարյանն «Ա1+»-ով ելույթ ունեցավ, Հունանյանին գործակալ անվանեց, եւ վերջինս հաջորդ օրն իսկույն ցուցմունք տվեց Մանուչարյանի դեմ»։ Նա մեջբերեց նաեւ դատավարության մասնակիցների դիտարկումը. «Հունանյանն ինչ-որ ցուցմունք է տալիս եւ ընդմիջումից անմիջապես հետո սկսում է այդ նույն ցուցմունքը խմբագրել, շտկել»։ Կասկած հարուցող այլ հանգամանքները թերեւս ժամանակավոր հանձնաժողովի գործունեության մեխանիզմների հետ միասին ներկայացվեն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում. «Եվ թող որեւէ մեկը չմտածի, թե մենք մեծ հաճույք կստանանք, եթե հայտնաբերվեն փաստեր, որոնք հաստատում են մեր կասկածները»։ Սակայն անդրադառնանք հայտարարությանը հետեւած այլ մեկնաբանությունների։ ՀՀԿ-ի գործիչներն անտրամաբանական դիտեցին հայտարարությամբ պահանջներ ներկայացնելն այն պարագայում, երբ իրենք զգալի դերակատարություն են ստանձնել օրենսդիր եւ դատական իշխանության մեջ։ «Բայց այս հայտարարության մեջ, կարծում եմ, պահանջ չկա,- ասաց տիկին Խաչատրյանը։- Իրոք, հայտարարության առանցքային միտքն այս է, որ ՀԺԿ-ն ու «Հայաստանը» դատապարտում են «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների շուրջը հովանավորչական մթնոլորտ ստեղծելուն ուղղված ցանկացած քայլ, անընդունելի եւ վտանգավոր են համարում դրանք ինչպես դատավարության ընթացքի, այնպես էլ պետության համար»։ Գուցե որպես պահանջ է ընկալվել «Ահաբեկչությունը պետք է արմատախիլ արվի» արտահայտությո՞ւնը։ «Թեպետ մենք սպասում էինք, որ իշխանամետ մամուլը պետք է աղմուկ բարձրացնի (դա սովորական է արդեն դարձել՝ մեր յուրաքանչյուր քայլին հետեւում է նրանց աղմուկը), բայց անսպասելի էր, որ հիստերիան կլինի այս աստիճանի,- ասաց Ռուզան Խաչատրյանը։- Կան քաղաքական գործիչներ, որոնք ասացին, թե հանձնաժողովի գործունեության մեխանիզմը չեն պատկերացնում, բայց բնավ դեմ չեն, որ գործընթացը սկսվի եւ գուցե այն ուժերը, որոնք հանդես են եկել այս նախաձեռնությամբ՝ որոշակիացնեն հանձնաժողովի խնդիրները եւ գործառույթները։ Այսինքն՝ նրանք հիստերիկայի մեջ չընկան»։ Մեր զրուցակիցն այս ամենից առանձնացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավարի արձագանքը. «Շատ տարօրինակ ձեւով դրսեւորվեց նրա անհանգստությունը՝ ընդհուպ մինչեւ ոչ կոռեկտ եւ ոչ խորհրդարանական արտահայտություններ, թե «կրակն ենք ընկել «Միասնության» ձեռքը»։ Կներեք, բայց ավելի մեծ կրակն ենք ընկել նման դասախոսական քարոզների ձեռքը։ Աղվան Վարդանյանն, ասենք, շատ զարմացած ասում էր, որ եթե նման հայտարարություններ են արվում՝ ուրեմն ԱԺ մեծամասնությունը չի վստահում անվտանգության եւ ՆԳ համակարգերին։ Այո՛, չենք վստահում։ Իսկ ինչո՞ւ պիտի վստահենք նրանց, երբ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27», եւ այդ մարմինների աշխատանքը չի քննարկվել, հետեւություններ չեն արվել ու միջոցներ չեն ձեռնարկվել, որ իրավապահների գործունեությունը դրվի ճիշտ հունի մեջ։ Ոչի՛նչ չի արվել՝ այդ համակարգերը մնում են նույնը, ինչ էին մինչ «Հոկտեմբերի 27»-ը»։ Ավելի սուր արձագանքեց պաշտպանության նախարարը, որը հայտարարությունը գնահատեց որպես «տրամաբանությունից զուրկ եւ հիվանդ մտքի արդյունք»։ ՀԺԿ վարչության անդամն այս առնչությամբ ասաց. «Էլ ավելի զարմանալի էր, երբ հիստերիկ արձագանքներին միացավ նաեւ Սերժ Սարգսյանը, որի անվան հետ են, ի դեպ, կապում որոշ լրատվամիջոցների։ Սովորաբար, նա բավականին զուսպ է իրեն պահում եւ հարձակողական գործառույթները վերապահում այդ լրատվամիջոցներին, որոնց երեւի դրա համար էլ հովանավորում է։ Ուրեմն, այս անգամ ի՜նչ աստիճանի դիպուկ էր մեր քայլը եւ հանձնաժողովի ստեղծման առաջարկը, որ նույնիսկ նա չդիմացավ եւ միջամտեց։ Միջամտեց հենց նո՛ւյն բառերով, որոնցով լրատվամիջոցն էր արձագանքել՝ «հոգեկան հիվանդներ» եւ այլն։ Նորից պաշտպանության նախարարը խառնվում է քաղաքական գործընթացների մեջ։ Մինչդեռ բազմիցս շեշտվել է դրա անթույլատրելիությունը»։ Վերջում հայտարարությանը հետեւած եւս մի մեկնաբանության մասին, ըստ որի հանձնաժողովի ստեղծմամբ կքաղաքականացվի դատավարությունը եւ, որ սա ճնշում կլինի դատարանի վրա։ «Եթե անհանգստություն են հայտնում անմիջական տուժողները, ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի միջոցով նաեւ սպանվածների հարազատները՝ սա ճնշո՞ւմ է։ Հանցագործների ամեն իրավունքի պաշտպանության համար թույլատրելի՞ է անհանգստությունը, իսկ տուժածները եւ հարազատները նույնիսկ կասկածելո՞ւ եւ ըմբոստանալո՞ւ իրավունք չունեն,- ասաց ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը։- Եվ ինչպե՞ս կարող է չքաղաքականացվել քաղաքական հանցագործությունը. չէ՞ որ այս սպանությունները կենցաղային հողի վրա չէին կատարված։ Այլ հարց է, որ դրանք չպետք է շահարկվեն, բայց թե ո՛ւմ կողմից են շահարկվում եւ ո՛ւր են ուզում տանել այս շահարկումներով՝ սա արդեն այլ լուրջ քննարկման հարց է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել