Լրահոս
Օրվա լրահոսը

Դրանք

Մայիս 19,2001 00:00

ՎԱԽԵՑԵՔ ՁԵՐՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Դրանք կարող են նաեւ կատարվել Անդրանիկ Մարգարյանի մանկության կապույտ երազանքը, անշուշտ, վարչապետ լինելը չէր։ Բայց մարդն արդեն մեկ տարի երկրի գործադիր մարմնի ղեկավարն է եւ այս առիթով երեկ ասուլիս էր հրավիրվել։ Առաջ անցնելով ասենք, որ Անդրանիկ Մարգարյանը որեւէ սենսացիոն հայտարարություն չարեց (չէինք էլ սպասում)։ Վարչապետը պատրաստվել էր ասուլիսին եւ ոչ մի սադրիչ հարց նրան հունից չհանեց (թեպետ, սադրիչ հարցեր էլ չեղան)։ ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին, վարչապետի պատասխանը հետեւյալն էր. «ՀԺԿ-ն համագործակցում է ԱԺ-ում եղած բոլոր կուսակցությունների հետ, մենք էլ ենք համագործակցում։ Նրանք էլ, մենք էլ համագործակցում ենք նաեւ դրսում եղած կուսակցությունների հետ։ … Սրանք նորմալ քաղաքական փոխհարաբերություններ են, ես ոչ մի վտանգավոր խնդիր չեմ տեսնում «Միասնությունը» ջլատելու, քանդելու։ Ես խանդոտ չեմ վերաբերվում մանավանդ «Հանրապետություն» կուսակցության հետ նրանց հարաբերություններին, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն էլ նույն ձեւով հարաբերություններ ունի «Հանրապետություն» կուսակցության հետ։ Արամ Սարգսյանի, Ալբերտ Բազեյանի եւ մյուսների հետ մեր հարաբերությունները թշնամական չեն։ Ես հանդիպում եմ Արամ Սարգսյանի հետ հաճախակի, լինում եմ նաեւ իրենց տանը, այնպես որ, քաղաքական հարաբերությունները հարկավոր է պահպանել, պահպանելով որոշակի բարոյական սկզբունքներ»։ Իսկ ընդհանրապես, վարչապետն ասաց, որ իրենք չեն պատասխանում «Հանրապետություն» կուսակցության հայտարարություններին (մասնավորապես՝ Ա. Բազեյանի), քանի որ գտնում են, որ իրենք նույն գաղափարին են ծառայում, մանավանդ, որ նրանք հայտարարում են, թե շարունակելու են «Միասնության» ծրագրերը։ Այ քեզ բան, եթե նույն գաղափարին էին ծառայում, ինչո՞ւ ուրեմն բաժանվեցին։ Կարող ենք ենթադրել, որ այսպես ասելով, վարչապետն ապահովում է իր հետվարչապետական կյանքը։ Վարչապետության մեկ տարվա ընթացքում փոփոխվե՞լ են արդյոք սկզբունքները, ինչ-որ ճնշումների ազդեցության տակ։ Եվ ընդհանրապես, Անդրանիկ Մարգարյանն ունեցե՞լ է բավարար լծակներ՝ երկրի գործադիր իշխանությունն իրականացնելու համար. «Այն սկզբունքները, որոնցով ես եկել եմ վարչապետ, փոփոխության չեն ենթարկվել։ Եթե լիներ, ճնշման հետեւանքով պետք է լիներ։ Հստակեցնենք, որոնք են այդ սկզբունքները։ Արցախի խնդիրը. եթե իմ մոտեցումների վերաբերյալ ճնշում լիներ, ապա վերաբերմունքը կարտահայտվեր։ Մինչեւ այժմ ճնշում չի եղել։ Հետեւապես, սկզբունքային փոփոխություն չի եղել»։ Այստեղ ընդհատենք վարչապետին եւ հարցնենք՝ չէ՞ որ բանակցությունների վերաբերյալ ինքը ոչինչ չգիտի, ի՞նչ ճնշում կարող է լինել։ Վարչապետի առանձնացրած հաջորդ հարցը «Հոկտեմբերի 27»-ն էր. «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված կասկածները եթե փաստի վերածվեին, եւ մենք փաստեր ունենանք եւ դրանց մասին չարտահայտվենք, դա կլինի շեղում։ Ես մինչեւ այժմ չեմ տիրապետում այդպիսի փաստերի»։ Ի դեպ, «Հոկտեմբերի 27»-ի մասին խոսելիս, Անդրանիկ Մարգարյանը կրկնեց, որ կասկածներով չի կարելի առաջնորդվել, եւ ովքեր փաստեր ունեն, պետք է ներկայացնեն համապատասխան մարմիններին։ «Առավոտը» հետաքրքրվեց. 2000 թ. մարտի 3-ին, երբ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը կարդում էր հայտնի հայտարարությունը, ունե՞ր բավարար փաստեր։ Պարզվում է՝ ոչ մի փաստ էլ չուներ, պարզապես, «եթե հիշում եք, մարտի 3-ից հետո ԱԺ-ում պետք է լսումներ տեղի ունենային, որտեղ եղած կասկածանքները, որոնց հիման վրա մենք այդ հայտարարությունն արեցինք, պետք է հրապարակվեին։ Որը չեղավ։ Այ, մեր փորձից ելնելով եմ ասում, որ կասկածանքների հիման վրա եթե մի բան ենք անում, վերջում կանգնում ենք կոտրած տաշտակի առջեւ»։ Հետաքրքիր է մեր վարչապետը, նրա համար վարչապետությունը մեկ գլադիատորություն է. մեկ էլ՝ կոտրած տաշտակ։ Չմոռանանք, որ հենց այդ հայտարարությունից երկու ամիս անց Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ։ Մեկ այլ հայտարարության մասին, որին ՀՀԿ-ն չմիացավ։ Վարչապետի պատասխան միտքը հետեւյալն էր՝ մի քանի հանձնաժողովներ արդեն հետեւում են դատական պրոցեսին, ի՞նչ կարիք կա մի նոր հանձնաժողովի ստեղծման։ Եվ հետո, ըստ վարչապետի՝ «ՀԺԿ-ն չկարողացավ հիմնավոր համոզել, թե ինչ պիտի անի այդ հանձնաժողովը»։ Արտակ Զեյնալյանի՝ վարչապետին դատական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ հարցին պատասխանելիս Անդրանիկ Մարգարյանը չփայլեց մեծահոգությամբ, թեպետ սկզբում ասել էր, թե պետք է պահպանել բարոյական որոշ սկզբունքներ. «Ես լուրջ չեմ ընդունում Արտակ Զեյնալյանի ասածը, իրեն Գաբրիել Հրեշտակապե՞տն է ընդունել աշխատանքի, որ ազատի»։ Հիշեցնենք վարչապետին, որ իր վարչապետության ընթացքում իրար ետեւից պաշտոններից ազատվում էին նրանք, ում աշխատանքի էր ընդունել Վազգեն Սարգսյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել