Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՓԱՅԼՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 18,2001 00:00

ԵՎՍ ՄԻ ՓԱՅԼՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ Երեկ կառավարության նիստերի դահլիճում բացվեց ոսկեգործության 4-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը, որը կտեւի մինչեւ մայիսի 21-ը։ Այս «փայլուն» նախաձեռնության հեղինակն էր ՀՀ նախագահը եւ ցուցահանդեսն էլ նրա նյույորքյան համաժողովում հասած մեծ հաջողությունների «միայն մի փոքրիկ մասնիկն է»։ Ցուցահանդեսի բացմանը, բնականաբար, պետք է ներկա լիներ «կնքահայրը»՝ ՀՀ նախագահը, որն էլ իր պարտականությունները կատարեց մեծ ոգեւորությամբ։ Երբ վերջինս սկսեց շրջել տաղավարներով եւ դիտել ներկայացված աշխատանքները, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում աշխատանքները, նախագահը պատասխանեց, որ մինչեւ ամբողջը չնայի, չի պատասխանի։ Իսկ ամբողջը նայելու համար նախագահին պետք էր առնվազն 1-2 ժամ, քանզի ամեն տաղավարի մոտ նրան մանրամասնորեն ներկայացնում էին աշխատանքները, դե, իսկ հարցը տվող լրագրողին՝ համբերություն եւ կամքի ուժ, նախագահի հետեւից այդ երկու ժամը «պտտվելու»։ Բոլոր «թուլակամ» լրագրողներն ուղղակի հեռացան դահլիճից, այդպես էլ չիմանալով՝ հավանե՞ց նախագահը ներկայացված աշխատանքները, թե՞ ոչ։ Լինելով մաքսային ոլորտում լավագույններից մեկը՝ Հայաստանում կան «բացեր», որոնք պետք է անպայման լրացվեն։ Օրինակ, պետք է «Թանկարժեք քարերի եւ մետաղների շրջանառության մասին» օրենքն ընդունվի եւ լուծվի ոսկե կիսապատրաստուկների վրայից ավելացված արժեքի հարկը հանելու հարցը, որը, ի դեպ, վերջերս կառավարության կողմից ընդունվել եւ ներկայացվել է ԱԺ քննարկմանը։ Ցուցահանդեսին ներկայացված էին ոսկերչական իրեր, թանկարժեք, կիսաթանկարժեք եւ արհեստական քարեր, ժամացույցներ, զարդեղեն, գեղարվեստական իրեր, դիզայներական աշխատանքներ, սարքավորումներ եւ գործիքներ, անվտանգության համակարգեր եւ այլն։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել