«ԲԻՐԻՔՆՈՑԻ» ՎՏԱՆԳՎԱԾ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Վերջին շրջանում դժգոհության «ալիք» է բարձրացել Մալաթիայի շուկայում։ Վաճառողների մի մասը բողոքում է, որ իրենց հանելու են «բիրիքնոցից», մյուսները, թե՝ տեղափոխում են ուրիշ տեղ՝ նախկին «Ռոբոտների» գործարանի մոտ, ոմանք էլ ասում են, որ իրենց հանում են, որովհետեւ այդ տարածքը ինչ-որ մեկը գնել է։ Այս հարցերը պարզաբանելու համար դիմեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Դավիթ Օհանյանին։ Պարզվեց, ոչ մեկը չի պատրաստվում վաճառողներին հանել իրենց տեղերից։ Ինչ վերաբերում է տեղափոխությանը «Ռոբոտների» գործարանի մոտ, ապա դա վաղուց կլիներ, եթե նման ծրագրեր լինեին։ Արդեն 5 տարի է, ինչ այդ գործարանի մոտ ստեղծվել են հարմարություններ՝ գյուղմթերքների մեծածախ առեւտրի համար, սակայն տեղափոխություն չի կատարվում, որովհետեւ վայրը հեռու է քաղաքից եւ մարդկանց համար դժվար է այնտեղ հասնել։ Այն տարածքը, որտեղ այսօր «բիրիքնոցն» է, նախկինում պատկանել է «Անուշ» գործարանին (ավտոկանգառ) եւ, հնարավոր է, որ մի օր գործարանը գնողը վերցնի իրեն պատկանող մասը եւ ոչ մեկն էլ չի կարող ընդդիմանալ դրան։ Պրն Օհանյանն ասաց, որ շուկայում իրականացվում են բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ։ Վերը հիշատակվածները վաճառողներին հուզող հարցերի պատասխաններն են, իսկ գնորդներին մտահոգում է շուկայի սանիտարահիգիենիկ վիճակը՝ աղբակույտեր, փոսեր՝ լցված ձկան, պանրի եւ այլ մթերքների մնացորդ-կեղտաջրերով, որոնց կողքով անկարելի է անցնել։ ՀԱՍՄԻԿ ՔԵՐՈԲՅԱՆ