Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ԳԱԱ մեծ դահլիճում սկսվեց Հայաստանի Գրողների միության հերթական 13-րդ համագումարը։ Ինչպես եւ սպաս

Մայիս 18,2001 00:00

ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ «ԹՈՒՆԱՎՈՐ ՑԵԽՈՒՄ» Երեկ ԳԱԱ մեծ դահլիճում սկսվեց Հայաստանի Գրողների միության հերթական 13-րդ համագումարը։ Ինչպես եւ սպասվում էր՝ այն, դեռ չսկսված, սկանդալային էր։ Կարծես վախենալով, որ «շրջադարձային», «աղմկահարույց» եւ նման այլ որակումներով հարուստ կանխատեսումները համագումարի մասին հանկարծ չեն իրականանա, մի քանի գրողներ դահլիճում հավաքվելուն պես սկսեցին աղմուկը։ Երբ ՀԳՄ-ի նախագահ Հրանտ Մաթեւոսյանը «մեծ դահլիճի առջեւ մենակ հայտնվելու վախից» դրդված՝ իր մոտ՝ բեմ հրավիրեց Գրողների միության մի քանի «պատվարժան անդամների»՝ Սիլվա Կապուտիկյանին, Անահիտ Սահինյանին, Աղասի Այվազյանին, Լեւոն Մկրտչյանին, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին, ինչպես նաեւ նիստը վարելու համար՝ Աղվան Վարդանյանին, քարտուղարության համար՝ Աբգար Ափինյանին, Ալբերտ Իսոյանին, Ռուբեն Հովսեփյանին եւ, ապա, առաջարկեց հաշվիչ հանձնաժողովի անդամներ առաջարկել, սկսվեց մեր գրողներին շա՜տ վայել ու սազական ժխորը, որի բովանդակային ողջ իմաստը հետեւյալն էր. «Ինչո՞ւ նախագահելու համար բեմ բարձրացածներին քվեարկության չդրեցիք»։ Ճերմակահեր գլուխների հսկայական ծով հիշեցնող դահլիճից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում եթե ոչ՝ մեկ նախադասություն, ապա գոնե մի բառ ճչալ, բղավել, դերասանին վայել արտիստիզմով կամ հարբեցողին վայել մռթմռթոցով մի քանի բառ արտասանել Հրանտ Մաթեւոսյանի եւ բեմում հայտնվածների հասցեին։ Ռազմիկ Դավոյանը ծանրումեծ առաջարկեց վերսկսել համագումարը, պահպանել կարգուկանոնը, որ «այս համագումարն օրինական լինի»։ Գրականասեր լայն զանգվածներին ոչինչ չասող՝ Հարություն Հովնաթան անունով մեկն էլ անխղճաբար պատռում էր սեփական կոկորդը. «Ամո՛թ։ Ամո՛թ ձեզ։ Բավակա՛ն է։ 100 տարի է՝ այդտեղ դուք եք նստել։ Հեռացե՛ք։ 3-րդ հազարամյակում դուք չպետք է լինեք այդտեղ։ Փոփոխություն է պետք։ Ամո՛թ ձեզ, որ ձեր արժանի տեղը չգիտեք։ Ամո՛թ։ Ամո՛թ»։ Նախագահությունում հայտնված եւ Հրանտ Մաթեւոսյանի խնդրանքով նիստը վարող Լեւոն Մկրտչյանին ոչ մի կերպ չէր հաջողվում հանգստացնել բորբոքված ու գրգռված մարդկային, չէ՛, ներողություն՝ գրողական զանգվածին։ Եվ երբ պրն Մկրտչյանը, փորձելով հակադրվել նախագահությունում նստածներին անուն առ անուն քվեարկելու առաջարկին, հարց տվեց. «Չե՞ք ճանաչում ովքեր են, ես զարմանում եմ, որ դուք ուզում եք, որ ես էս մարդկանց անունները տամ», իր արիան, սկզբում՝ տեղից, ապա՝ ամբիոնից, սկսեց Դավիթ Հովհաննեսը. «Հըլը դու ըտեղից իջի, նոր։ Չէ, չենք ճանաչում»։ Լ. Մկրտչյանը, ցանկանալով միանգամից լուծել Դավիթ Հովհաննեսի բերանը փակելու հարցը, առաջարկեց նրան ընդգրկել նախագահության կազմում։ Սակայն այս հարցը դժվար լուծելիներից էր ու ԱԺ պատգամավորը հայտնվեց ամբիոնի մոտ. «Սա շատ բնական էր։ 6 տարի անտերուդուս Գրողների միության ընթացքից հետո սա շատ բնական էր։ Ո՞վ ասաց, թե հենց էս մարդիկ պիտի լինեն նախագահությունում։ Ո՞վ է ընտրել, ո՞վ է քվեարկել։ Ձենըը՜ըդ։ Ես խոսում եմ։ (Կարծում եմ, կռահեցիք, որ այս հոխորտանքն ուղղված էր Լ. Մկրտչյանին- Մ.Բ.)։ Մենք ճանաչում ենք Սիլվա Կապուտիկյանին, Անահիտ Սահինյանին, Հրանտ Մաթեւոսյանին, Սերգեյ Սարինյանին, բայց քե՛զ չենք ճանաչում։ Մենք քե՛զ չենք ճանաչում, բոլոր ժամանակներում, բոլոր համագումարներին «սեռի կարդինալի» դեր խաղացա՛ծ, բոլոր հարցերը տակնահան լուծա՛ծ։ Քեզ են բերում-դնում, որպես պարբաշի։ Ես քե՛զ չեմ ճանաչում, Լեւո՛ն Մկրտչյան, ռուս գրականության եւ լեզվի մասնագետ, որ երկու բառ ռուսերեն լալոշ չես կարողանում կապել, դու ինչի՞ ես եկել նախագահող, ո՞վ է ընտրել քեզ, ե՞ս եմ ընտրել»։ Իր կոլեգային անձնական վիրավորանքներ հասցնելուց հետո, սույն պարոնը պահանջելու պես առաջարկեց. «Այն մարդկանց անունները, որ ես տվեցի՝ մնում են նախագահությունում, այն մարդկանց անունները, որ ես չտվեցի՝ պիտի իջնեն նախագահությունից»։ Այն ժամանակ, երբ պրն Հովհաննեսը ինքնամոռաց գոչում էր. «Ես քե՛զ չեմ ճանաչում», դահլիճից մի վախվորած ու նվաղած գրողական ձայն հանդգնեց ոչ այն է՝ լսելի, ոչ այն է՝ անլսելի պատասխանել. «Մենք էլ քեզ չենք ճանաչում, այ լկտի՛»։ Ինքն իրենով խիստ ոգեւորված Դ. Հովհաննեսը շարունակում էր. «Հերի՛ք ա։ Սեւ գործն անելու, ինտրիգները լարելու, դարմանի տակի ջուրը քանդելու բոլոր գործերը, բոլոր համագումարներում տվել են այս անձնավորությանը, որը գրողների ոչ հարգանքն է վայելում, ոչ սերը, ոչ վստահությունը»։ Նույն հանդուգն, վախվորած ձայնը նույնքան ցածր պատասխանեց. «Թե չէ՝ դու վայելում ես, այ լկտի»։ Սակայն Լ. Մկրտչյանն իր պատասխանով 10։0 հաղթեց Դ. Հովհաննեսին. «Դավիթ Հովհաննեսն ասում է, որ ինձ չի ճանաչում։ Ես կարող եմ մի քանի հատ գիրք բերել, որ ինքն է ինձ նվիրել՝ քծնական մակագրությամբ, քծնակա՛ն, քծնակա՛ն»։ Ապա խոստացավ, որ այդ գրքերի մակագրություններ կտպագրի «Գրական թերթում»։ Այնուամենայնիվ, պրն Հովհաննեսն իր արածն արեց. բեմից իջան Աղվան Վարդանյանը, Լեւոն Մկրտչյանը, Անահիտ Սահինյանը… Իր համառոտ ելույթը Հրանտ Մաթեւոսյանն ամփոփեց. «Հինգ տարի առաջ Գրողների միություն գալով, այս վիճակի հաշտ գիտակցումն ունեի ու չէի հավատում, թե Միությունն ի զորու է գիրքն ու գրողին վերադարձնել առաջատարի իր հին դիրքերը։ Միությունն այն է, ինչ որ է։ Միությունը գրականությանը քաղաքացիական կացություն շնորհեց։ Շնորհակալ լինելով մեր բոլոր նախորդներին՝ մի ամբողջ 100 տարի միություն ասված այս եզակիորեն ճշգրիտ կառույցը կերտելու եւ պահպանելու համար, ակնկալենք մեր հաջորդների շնորհակալությունը 5-ամյա մեր արածի եւ ներողամտությունը՝ մեր թերացումների համար»։ Ապա, օրակարգի համաձայն, ելույթներ ունեցան Զավեն Ավետիսյանն ու Սեյրան Գրիգորյանը, որոնք վերլուծահաշվետվական զեկույցներ ներկայացրին անկախության 10 տարիներին հայ արձակի եւ չափածոյի զարգացման մասին։ Ս. Գրիգորյանի վերջին միտքը, թե 90-ական թվականների հայ պոեզիան էապես գերազանցում է 80-ականների պոեզիային՝ իր թերություններով եւ առավելություններով հանդերձ, հուսադրող էր։ Ապա սկսվեցին գրողների ելույթները, որոնց արդյունքում ես միայն մի զգացողություն ունեի՝ ափսոսանք, որ հետս մի քանի շիշ մածուն չեմ վերցրել։ Այսօր համագումարը կշարունակվի եւ, եթե մեր գրողներն իրենց խայթոցներով միմյանց վերջնականապես թունավորած չլինեն, գուցե թե տեղի ունենա ՀԳՄ նոր նախագահի ընտրությունը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել