Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Մայիս 18,2001 00:00

Դատարանը ծառայեց վարչապետին Ինչպես նշել էինք, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննարկվելու էր Կանաչների միության հայցը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անգործության մասին։ Մեկ շաբաթ առաջ դատական նիստը հետաձգվել էր կառավարության կողմից պարզագույն իրավական փաստաթղթի՝ լիազորագրի, ակնհայտ սխալ կազմելու պատճառով։ Եվ դատարանը ժամանակ էր տվել սովորելու օրենքի մի քանի տողանոց հոդվածն ու կազմելու փաստաթուղթ։ Կառավարությունը ներկայացավ դատարան՝ տնային հանձնարարությունը լրիվ կատարած։ Այս անգամ, ինչպես պահանջում էր օրենքը, լիազորագիրը ստորագրել էր անձամբ վարչապետը։ Դատարանի որոշմամբ մերժվեց պատասխանողի միջնորդությունը, բայց իրականում կատարեց արագացված դատաքննություն եւ «վճիռ» կայացրեց 2 ժամվա ընթացքում։ Հնարավորություն տրվեց հայցվորին գոնե մի քանի հարցեր տալ պատասխանողին։ Բայց հնչեցին տարօրինակ պատասխաններ։ Այսպես, պատասխանողն ընդունեց, որ ճիշտ է, իրենք չեն պատասխանել հայցվորին եւ գործադիր իշխանությանը (երկու տարբեր նախարարներ), ինչ-որ պատասխաններ են տվել, բայց այդ պատասխանները եղել են հայցադիմումից մոտ մեկ ամիս հետո։ Հայցվորի ներկայացուցիչ Պուշկին Սերոբյանի հարցին, թե «Քաղաքացին, այդ թվում եւ լրագրողը, Սահմանադրությամբ, մամուլի մասին օրենքով իրավունք ունե՞ն տեղեկատվություն ստանալ», պատասխանը լղոզված էր։ Կառավարության իրավաբանական վարչության պետ Արթուր Օսիկյանը փորձեց մեկնաբանել Սահմանադրությունը։ Հայցվորը հիշեցրեց, որ դատարանը կոնֆերանսի դահլիճ չէ, այլ կոնկրետ հարցի պատասխան է ակնկալում։ Ի վերջո, ո՞վ է ճիշտ, Երեւանի քաղաքապե՞տը, թե՞ հանրապետության Գլխավոր դատախազը, հարցը համարվո՞ւմ է պետական, ծառայողական գաղտնիքի եւ այդ հարցի պատասխանը ստանալը սահմանափակվա՞ծ է արդյոք, հնչեց տարօրինակ պատասխան. «Այո, այդ հարցի պատասխանը կարող է չտրվել»։ Իսկ թե ինչո՞ւ՝ պատասխանեց, որ պատասխանողը չկարողացավ պատասխան գտնել։ Հայցվոր կողմը ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, ըստ որի, Անդրանիկ Մարգարյանը պարտավոր էր պատասխանելու հասարակական կազմակերպությանը եւ լրատվամիջոցներին։ Պատասխանողը ճիգեր էր գործադրում ապացուցելու, որ հարցը բարդ է, որ այդ հարցն ուսումնասիրում են տարբեր նախարարություններ եւ դեռեւս հստակ պատասխան չեն կարող տալ։ Հայցվոր Հակոբ Սանասարյանը (Կանաչների միության նախագահ) զարմացած հարցրեց, որ «եթե մինչեւ հիմա չկա հստակ պատասխան. կարելի՞ է «Հաղթանակ» զբոսայգում շենքեր կառուցել, ինչպե՞ս է սկսվել եւ շարունակվում է շինարարությունը, մի՞թե 7 ամսվա ընթացքում հնարավոր չէ պատասխանել մեկ պարզագույն հարցի՝ ո՞վ է ճիշտ, գլխավոր դատախազը, թե՞ Երեւանի քաղաքապետը»։ Միաժամանակ նշվեց, որ վարչապետը չի պատասխանել նաեւ «Օգոստոս 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան միության եւ «Երեւան» հեռուստաընկերության «Իրավունքի անատոմիա» համատեղ հաղորդաշարին, «Ավանգարդ» թերթին… Հնչեց հերթապահ պատասխան. «Կառավարությունն այդ հրապարակումների մասին չգիտի»։ Նորից հայցվորի ներկայացուցիչը ցանկացավ պարզել՝ «Կառավարությունում թերթ չե՞ն կարդում կամ հեռուստատեսության ո՞ր հաղորդումներով են հրապուրված, չէ՞ որ կառավարությունում կա հատուկ վարչություն, որը պետք է զբաղվի ԶԼՄ-ով»։ Ինչպես որ սպասվում էր, դատարանը որոշեց մերժել հայցը, փույթ չէ, որ հայցվորը խնդրել էր դատարանին՝ պարտավորեցնել վարչապետին հարգել օրենքը եւ պատասխանել ԶԼՄ-ին։ Դատարանը ստիպված էր մերժել եւ քանի որ ասելիք չուներ, միայն նշեց, որ 4 օր հետո միայն կհայտնի, թե ինչու է մերժում հայցը։ Ի դեպ, դատավոր Ս. Արամյանը երբ վերադարձավ խորհրդակցական սենյակից, դատավարական թիկնոցը հագին չէր։ Ինչպես մեկնաբանել, որ սխալ վճիռ է կայացնո՞ւմ, չընդունե՞լ որպես դատավորի՝ դատարանի օբյեկտիվ խոսք, այլ որպես կախման մեջ գտնվող մասնավոր անձի կարծիք։ ՍՈՆԱ ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել