ՑՈՒՑՄՈ՞ՒՆՔ Է ՏԱԼԻՍ, ԹԵ՞ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ ԱՍՈՒՄ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ 13-րդ անգամ շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքներով։ Վերջինս, ըստ էության, ավարտեց իր ցուցմունքները եւ անդրադարձավ կրկին մեղադրական եզրակացությանը (այս անգամ՝ 20-րդ էջին), խոստանալով՝ «անդրադառնալու եմ քրօրենսգրքի 59-րդ հոդվածին շատ ավելի բաց, որ չարչրկվել է մեկուկես տարի»։ Ի դեպ, այդ հոդվածը վերաբերում է «Հայրենիքին դավաճանելուն» (նախատեսված պատժաչափն էլ մահապատիժն է՝ գույքի բռնագրավումով)։ Տեղեկացնեմ նաեւ, որ քրեական պատասխանատվությունից ազատվում է ՀՀ այն քաղաքացին, որին օտարերկրյա հետախուզությունը հավաքագրել է ՀՀ-ի դեմ ուղղված թշնամական գործունեություն իրականացնելու համար, եթե նա ի կատարումն ստացած հանցավոր առաջադրանքի ոչ մի գործողություն չի կատարել եւ իշխանության մարմիններին կամովին հայտնել է օտարերկրյա հետախուզության հետ ունեցած իր կապի մասին։ Ամբաստանյալը խոստացավ իր հերթական դրկից «ժողովածուն» ներկայացնել՝ 250 էջի սահմաններում, ասելով, որ «դա ինչ-որ տեղ ցուցմունք է»։ Եվ «ինչ-որ տեղ ցուցմունքի» կարգավիճակ տալով գրավոր հերթական նյութին, մենք հաջորդ նիստին, հավանաբար, կլսենք եւ այդ։ «Դա վերաբերում էր Հայաստանի բոլոր վտանգներին,- ասաց ամբաստանյալը,- որը սպառնում էր պետական պաշտոնական գործունեությանը։ Ես ՀՀ պետական իշխանությանը մեղադրում եմ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու մեջ»։ Ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքները չընդունեց, այն, որ ինքը իշխանությունը քայքայելու, թուլացնելու, դավադրությամբ զավթելու նպատակ է ունեցել։ Եվ իրենք, ըստ ամբաստանյալի, 91 անձանց չեն զրկել ազատությունից սպանության սպառնալիքով։ Նա նշեց, որ իրենք կամովին զենքն են հանձնել, հետեւաբար, «զենք-զինամթերքը հանձնած մարդը պատասխանատվություն չի կրում»։ Առարկելով քրօրի 96 հոդվածի երկրորդ մասով առաջադրված մեղադրանքին էլ, ասաց, թե իրենք Ազգային ժողով են գնացել եւ չեն մտածել, չեն ծրագրել, չեն կանխատեսել անգամ, որ դահլիճի գույքը կարող է ոչնչանալ իրենց գործողություններից, որովհետեւ նախատեսված էին կրակոցներ արձակելով՝ «ամենաշատը քերծվածքներ առաջացնել պատերին»։ Ամբաստանյալի ցուցմունքների այսօրինակ անցումը առիթ դարձավ, որ Յու. Բախշյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Էդիկ Աղաջանյանը դատարանին դիմելով, ասի. «Նա սկսել է վիճարկել մեղադրանքը»։ Փաստաբանը կոչ արեց ցուցմունք տալ։ Ընդմիջման ժամանակ «Առավոտը» դիմեց Է. Աղաջանյանին. – Ճի՞շտ էր ձեր առարկությունը։ Փաստաբանը պատասխանեց. -Ամբաստանյալի ցուցմունքը, փաստորեն, վերածվել էր պաշտպանական ճառի եւ նա վիճարկում էր իրեն արդեն առաջադրված մեղադրանքների հոդվածների որակումները։ -Ամբաստանյալը պնդեց, որ խոսում է մեղադրանքի շուրջ, հետեւաբար, ինչպե՞ս տարորոշվեց, որ նրա ցուցմունքը պաշտպանական ճառ էր… – Այն պահին, երբ նա ասաց, որ 232 հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը սխալ է, քանի որ ինքը զենքերը հանձնել է, քանի որ դիտավորություն չի ունեցել։ Ըստ էության, նա ցուցմունք չի տալիս եւ վիճարկում է մեղադրանքի օրինականությունը, ինչը պիտի արվի որոշակի ժամանակահատվածում։ Ն. Հունանյանը դատարանին հայտնեց, որ «տեղեկություններ տալու բնույթի» ցուցմունքներ չունի այլեւս, եւ ինքը կարող է խոսել, որը հնարավոր է ընկալվի որպես գնահատական… Ամբաստանյալն ասաց, որ իրենք չեն ծրագրել կոնկրետ անձանց սպանությունները, որ իրենք ոչ խումբ, ոչ էլ կազմակերպություն են եղել, եւ, որ «բազմաթիվ դրվագներից էլ երեւում է, որ մի բան անելու ցուցում տվել եմ որեւէ մեկին տվյալ պահին կամ քիչ առաջ, եւ դրանցից շատ բան պլանավորած չեմ ունեցել»։ Ինչ վերաբերում է պատգամավոր-նախարարներ վիրավորելուն, ասաց, որ «նշված անձինք վիրավորվել են Կարենի կողմից արձակված անկանոն, ոչ նշանառու կրակոցների հետեւանքով»։ Ամբաստանյալը նշեց, որ Անդրանիկ Մանուկյանը վիրավորվել է այն պատճառով, որ «այդ պահին» տեղից վեր էր կացել եւ կանգնել։ Արմեն Խաչատրյանի վիրավորվելու մասին իմանալով՝ «անմիջապես ձայն եմ տվել նրան, հարցրել, թե արդյո՞ք վիրավոր է, նա պատասխանել է՝ այո»։ Ինչպես հասկացանք, Հունանյանը թույլատրել է վիրավորին հեռանալ դահլիճից… Ստեփան Մնացականյանի կապակցությամբ էլ հայտնեց, որ նրան սպանելու դիտավորություն իրենք չեն ունեցել, եւ, որ լրագրող Նարինե Դիլբարյանի (որի վկայությունն է այդ) նկարագրածն էլ վերաբերում է առաջին տասը րոպեներին «վերջին հաշվով, եթե նպատակ լիներ Մնացականյանին սպանելու, Դիլբարյանը չէր կարող խանգարել դրան»։ Մնացած վիրավորների (Ծառուկյան, Մինասյան, Նաղդալյան) կապակցությամբ էլ հայտնեց, թե «բոլորը վերք են ստացել եւ վիրավորվել են ոչ այն պատճառով, որ կոնկրետ այդ անուն-ազգանունն են կրում, այլ անկանոն կրակոցների պատահական արդյունքում»։ Ամբաստանյալը վերծանեց իշխանություն բառը, ըստ գործող Սահմանադրության երկրորդ եւ հինգերորդ հոդվածների եւ քրօրենսգրքի։ Հիմնավոր չհամարեց տեռորիստական ակտ կատարելու մեջ իրենց մեղադրելը եւ ասաց. «Բոլոր նախադեպերը եւ հայտնի դեպքերը վկայում են, որ սովորաբար այն նախապատրաստվում է լրջորեն, լինում են զանազան բնույթի վարժանքներ, զենքի տիրապետման եւ օգտագործման փորձեր, եւ այդ ամենը, որպես կանոն, մի խումբ անձանց գործ չի լինում, այլ որոշակի եւ կուռ կազմակերպության»։ Երեկվա ցուցմունքներում շատ բան կրկնվում էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ