Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Մայիս 18,2001 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Երեկ սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու, Ղարաբաղ եւ Հայաստան։ Այցի մանրամասների մասին դեռեւս կտեղեկացնենք։ Նույն օրը Երեւանում տեղի ունեցավ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեի եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության կլոր սեղանը։ Նախորդ օրը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «կարիք չկա դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել։ Այո, եղել են տարածքներ, որ գրավել ենք եւ դրանից երբեք չպիտի ամաչենք։ Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր Հայրենիքի անվտանգությունը»։ Կլոր սեղանի մասնակիցներից Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ վերջիվերջո հստակ պարզ է, թե ղարաբաղյան հարցի կարգավորման ինչ ճանապարհ է առաջարկում իշխանությունը, ինչ ճանապարհ են առաջարկում գերտերությունները. «Եվ այս տեսակետից շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հասնել մի բանի՝ մշակել մեկ այլ ճանապարհ եւ այդ ճանապարհը պետք է շատ հստակ եւ պարզ լինի։ Քոչարյանը չի փոխելու իր դիրքորոշումը եւ նրան մեկ այլ ճանապարհի բերելն անհնարին է»։ Աշոտ Մանուչարյանի ասելով՝ շատ վտանգավոր է եւ ոչ մի դեպքում չի կարելի անել հետեւյալը. «Եթե Մեղրիի մասին որեւէ տող մտավ վերջնական փաստաթղթի մեջ, կոմունիկացիաների մասին որեւէ տող… Պատկերացրեք, մի փաստաթուղթ է Ղարաբաղի վերաբերյալ, որի մեջ գրված է՝ այսինչ կոմունիկացիան Ադրբեջանը պետք է միացնի Ադրբեջանի հետ, եւ տակը ստորագրված է՝ երաշխավորում է ԱՄՆ-ը։ Վաղը այդ երաշխավորողը հայտարարելու է, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվելու, եւ վերցնելու է իր վերահսկողության տակ։ Այս մոդելը արդեն գործել է Հարավսլավիայում եւ նույնը լինելու է Հայաստանի հետ։ Սա գերվտանգ է»։ Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ մինչ այսօր ոչ մի կուսակցություն չի հայտարարել, որ փաստաթղթում այդ բանը չպետք է լինի. «Եթե որեւէ ձեւով այսպիսի կետ մտավ, ապա վաղը այստեղ կհայտնվի Նահանգների զորքը՝ Հայաստանի մի միջանցքը ապահովելու, մյուս օրը՝ ՆԱՏՕ-ի, երրորդը՝ ՆԱՏՕ-ի ո՞ր ստորաբաժանման. կորոշեն։ Այս տարածաշրջանի համար պատասխանատու է ՆԱՏՕ-ից՝ Թուրքիան, եւ դա է մեր հեռանկարը»։ Աշոտ Մանուչարյանն ասաց, թե տարածքները հանձնելն արդեն կատարված իրողություն է, բայց փոխարենը ստանում ենք թուղթ. «Այսինքն հանձնում ենք ռեալ բան, տեղը ստանում ենք մի թուղթ, որտեղ գրված է՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը երաշխավորում են։ Թուղթը ընդամենը թուղթ է»։ Ըստ Աշոտ Մանուչարյանի, կոպիտ սխալ է կատարվել՝ Արցախի հարցը միայն բանակցությունների սեղանին տեղափոխելով։ Իրենք էլ են բանակցել, բայց դա իրենց համար հիմնական ուղղություն չի եղել. «Ուղղակի այսօրվա աշխարհում ընդունված չէ «ոչ» ասել ԱՄՆ-ին, եւ մենք էլ չպետք է ասենք այդպիսի հասարակ հարցում»։ Պրն Մանուչարյանի պնդմամբ, միայն բանակցությունների ուղղությամբ գնալը մահացու է մեզ համար. «Ի սկզբանե պարտված ենք»։ Եվ որպեսզի չպարտվենք, երեկ առաջարկվեց այլընտրանքային ուղղություն։ Մինչ այդ ասվեց. «92 թվականին ամերիկացիներն առաջարկեցին, 93 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ալտերնատիվ ճանապարհներից եւ ընդունեց բանակցությունների ճանապարհը՝ որպես միակ ճանապարհ։ Քոչարյանը, վարչապետ նշանակվելով, հրավիրեց բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում էին ալտերնատիվ ճանապարհներով, որովհետեւ ինքն էլ էր մասնակցել դրանց իրականացմանը, եւ առաջարկեց այդ գործողությունները վերսկսել։ Եվ նրան այդ թույլտվությունը տրված էր Տեր-Պետրոսյանի կողմից։ Մեկ տարվա ընթացքում այս մարդու հետ ի՞նչ կատարվեց, չգիտեմ, բայց նախագահ դառնալուց հետո նա նույնպես ասել է, որ բանակցությունները միակ ճանապարհն են»։ Մանուչարյանի ասելով՝ Քոչարյանը հրաժարվել է ալտերնատիվ բոլոր քայլերից։ Նա հրաժարվել է, որ Ղարաբաղն ինքնուրույն մտնի գործողությունների մեջ, հրաժարվել է, որ Հայաստանը սկսի ինքնուրույն գործընթաց Կովկասում։ Մանուչարյանն առաջարկեց ընդունել մի փաստաթուղթ, որը պետք է դրվի ալտերնատիվ ճանապարհների հիմքում։ Իսկ դրա համար պետք է հավաքել բոլոր կուսակցություններին եւ միասնական որոշում կայացնել։ ՀԴԿ-ի ղեկավար Արամ Սարգսյանն առաջարկեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել իրավական հարթություն։ Ըստ Արամ Սարգսյանի, այս հարթությունում հաղթանակն ապահովված է. «որովհետեւ իրավական լուծումները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։ Այնտեղ կողմերը չեն կարող ժխտել փաստերը, չեն կարող հրաժարվել որեւէ պարտավորությունից»։ Արամ Սարգսյանին «Առավոտը» հիշեցրեց, որ ինքը եղել է նախագահ Քոչարյանի արտաքին հարցերով խորհրդականը, ինչո՞ւ այս առաջարկներն այն ժամանակ չեն արվել, կամ, գուցե արվե՞լ են։ Պարզվեց. խոսակցություն եղել է, մանավանդ փաստաթուղթը, որով ապացուցվում է, թե հարցը իրավական հարթության վրա է, հինգ տարվա աշխատանքի արդյունք է։ Բայց, քանի որ փաստաթուղթը այն ժամանակ ամբողջովին պատրաստ չէր, ըստ երեւույթին, այդ պատճառով չի ներկայացվել նախագահին։ Ի դեպ, փաստաթուղթն առաջինը պետք է ուղարկվեր Վարդան Օսկանյանին, բայց նրա վերջին հայտարարություններից հետո կլոր սեղանի կազմակերպիչները ձեռնպահ են մնացել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել