Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգընտիր նախագահից այս մեջբերումն ես ցանկանում հիշեցնել այն քաղաքական ուժերին, որ այժմ հանկարծակի իմ

Մայիս 18,2001 00:00

«ՈՒՄ ԿՈՎԸ ՈՐ ԲԱՌԱՉԻ, ՁԵՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՊԻՏԻ ԼՌԻ՛» Ազգընտիր նախագահից այս մեջբերումն ես ցանկանում հիշեցնել այն քաղաքական ուժերին, որ այժմ հանկարծակի իմաստնացած՝ իրենց գնահատականները խնայում են, որ դրանք արտահայտեն կարգավորման ողջ փաթեթը, բանակցությունների արդյունքը հայտնի դառնալուց հետո։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում ինչպե՜ս էին հեւիհեւ քննարկում բանակցություների ընթացքը՝ անգամ առանց որեւէ մանրամասի տեղյակ լինելու անգամ։ Այժմ, անգամ այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարարն ինքը գաղտնազերծեց բանակցությունների որոշ տարրեր եւ բացահայտեց, որ (ազատագրված կամ զբաղեցված՝ ինչպես ուզում եք անվանեք) տարածքներից 7-ից 6-ն անպայմանորեն հանձնվելու են եւ, այնուամենայնիվ, քննարկվում է նաեւ, Մեղրիի միջանցքի խնդիրը, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները նախընտրում են զգուշավոր եւ դիվանագիտական գնահատականները։ Կարելի էր, օրինակ, ընթերցողներին առաջարկել գտնել երեք տարբերություն Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ նախկինում աղմկարար կուսակցություններից մեկի՝ ԱԺՄ-ի վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանի դիրքորոշումների միջեւ։ Վերջինս այսպես պատասխանեց տարածքների եւ Մեղրիի վերաբերյալ «Առավոտի» հարցին. «Այս հարցում հստակ մի տրամաբանություն կա. քանի որ ընթանում են խնդրի փաթեթային լուծման բանակցություններ՝ համատեքստից առանձին վերցրած դրույթների մասին պետք չէ խոսել»։ Ի դեպ, հետո ՀՅԴ խմբակցության ղեկավարն էլ կարեւորեց կարգավորման փաթեթն իր ամբողջության մեջ դիտարկելը։ Իսկ Ֆիլարետ Բերիկյանն իր պնդումը համեմեց նաեւ հետեւյալ համեմատությամբ. «Օրինակ, ենթադրենք, թե Տրապիզոնով Հայաստանին մի ամբողջ 200 կիլոմետրանոց շերտ են տալու՝ կարող է համաձայնենք, որ Մեղրիով էլ մի 3 կիլոմետրանոց շերտ մենք տանք։ Եթե Միջերկրականով մինչեւ Ադրիատիկ ծովի ափը տան՝ կարող է ավելիին համաձայնենք»։ Սա ակամա հիշեցրեց Շարժման առաջին տարիներին տարածված մի զվարճապատում՝ «Ղարաբաղը ինչներիդ է պետք՝ Դագոմիսը կամ Սոչին ուզեիք»։ Իհարկե, մենք գիտակցում ենք, որ Հայաստանում այդ մտայնությունն այնքան տարածվեց, որ հիմա Ամերիկայից մի շերտի համար ողջ Հայաստանը զիջելու պատրաստակամները կկազմեին բանակ կամ 5-րդ զորասյուն, որի առկայության մասին խոսում էր պրն Բերիկյանը։ Սակայն առայժմ չորոշակիացրեց, թե հատկապես այդ ո՛ր քաղաքական ուժերն են, որ այսօր Հայաստանում Ղարաբաղի հարցի առնչությամբ ակտիվացել ու կազմել են «ընդգծված 5-րդ զորասյուներ»։ Սակայն վերադառնանք այլ սկզբունքային հարցերին եւ տեսնենք, թե ինչպես են վերաբերվում տարածքների վերադարձի ու Մեղրիի միջանցքի գնով Արցախի կարգավիճակի խնդիրը լուծելու հեռանկարին այն ուժերը, որ ավանդաբար առավել կոշտ եւ անզիջում դիրքերից էին հանդես գալիս հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Հիշողություն ունեցողները, կարծում եմ, կհամաձայնեն, որ դաշնակցականների եւ երկրապահների համար այս առումով ամենահատկանշականը նրանց վճռականությունն է՝ «արյունով նվաճված հողերից եւ ոչ մի թիզ հող չենք զիջի»։ Սակայն երեկ ճեպազրույցների ընթացքում այս երկու ուժերի ներկայացուցիչներն էլ հանդես եկան խիստ կառուցողական եւ ողջախոհ կեցվածքով։ «Հայաստան» խմբի քարտուղար Արա Կետիկյանը միայն նշեց, թե Լաչինի եւ Մեղրիի միջեւ չի կարելի զուգահեռներ անցկացնել. «Միայն եւ միայն կարող է խոսք լինել Մեղրիով կոմունիկացիաների մասին»։ Իսկ տարածքների հանձնման մասին ընդհանրապես չցանկացավ խոսել՝ պատճառաբանելով տեղեկատվության սակավությունը։ Երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանից փորձեցինք պարզել, թե արդյոք Օսկանյանի բացահայտումները չե՞ն հակասում խորհրդարանական ուժերի համատեղ հայտարարությանը, հետեւեց պատասխան, թե համաձայն չէ մեր մեկնաբանությանը. «Եվ ուղղակի պետք է երեւի թե շատ ավելի ուշադիր կարդալ այդ հայտարարությունը»։ Նա նաեւ առաջարկեց որոշակի փաստաթղթերի մասին խոսել ստույգ մեջբերումներով, ինչը եւ այժմ անում ենք՝ խորհրդարանականների ապրիլի 27-ի հայտարարությունից մեջբերելով հիմնախնդրի կարգավորման ընդունելի սկզբունքներից այս մեկը. «Բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա չի կարող դառնալ, իսկ կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին»։ (Կարող ենք համանման դրույթ մեջբերել նաեւ ՀՅԴ Բյուրոյի մարտի 20-ի հայտարարությունից)։ Թե՞ Մեղրին, որ հայտնվել է բանակցությունների սեղանին, Հայաստանի տարածք չէ։ Աղվան Վարդանյանը պնդում էր. «Մեր բոլոր դիրքորոշումները մնում են նույնը. ոչ մի նահանջ կամ ետքայլ չկա»։ Սակայն նա վիճարկեց նաեւ մեր այն պնդումը, թե ՀՅԴ դիրքորոշումը կարելի է արտահայտել «ոչ մի թիզ հող չենք զիջի» ձեւակերպմամբ։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե «ոչ մի թիզ հող» արտահայտությունն իրեն չի հանդիպել Դաշնակցության որեւէ հայտարարության կամ հաղորդագրության մեջ։ Մեր այս պնդումը հիմնավորելու համար առավել մանրակրկիտ ուսումնասիրության կարիքն ունենք (կարծում ենք, բավական կլինի թերթել թեկուզ միայն 1997-98 թթ. մամուլը), իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2000-ի տարեսկզբին կայացած ՀՅԴ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ազդարարեց. «Դաշնակցությունն իր այս Ընդհանուր ժողովում վերանորոգեց իր ուխտը եւ Արցախի հիմնահարցի կապակցությամբ որդեգրեց ոչ մեկ զիջում կատարելու մինչ այժմ իր որդեգրած քաղաքական վարքագիծը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել