Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՄԱՆՅԱՆՈՎ ՈԳԵՇՆՉՎԱԾ

Մայիս 17,2001 00:00

ԹՈՒՄԱՆՅԱՆՈՎ ՈԳԵՇՆՉՎԱԾ Հովհ. Թումանյանի թանգարանը սկսել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700- ամյակին նվիրված ցուցահանդեսների շարք։ Երեկ թանգարանում բացվեց այդ շարքի հերթական ցուցահանդեսը։ Ներկայացված էին գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքները։ Ցուցադրությունը նվիրված էր Թումանյանի բնապաշտությանը եւ Թանգարանների միջազգային օրվան։ Տեղ էին գտել նկարչի վերջին 6-7 ամիսների աշխատանքները, որոնք ողողված էին լույսով ու գույների բազմազանությամբ։ Չնայած նկարիչը պատկերել էր հայրենի բնությունը վառվռուն երանգներով, որոնք հաղորդում էին ուրախ եւ թեթեւ տրամադրություն, բայց զգացվում էր մի թաքնված, հեռվից եկող լուռ կարոտ, որն արտահայտվում էր նաեւ գործերի վերնագրերում՝ «Չարենցն էլ էր այստեղից սիրում», «Որտեղից եկանք, այնտեղ էլ կերթանք», «Թումանյանին երկնքում տեսա» եւ այլն։ Ի դեպ, Թումանյանին «երկնքում տեսնելու» մասին։ Ցուցահանդեսի բացմանը ներկաներից շատերը, թվարկելով Նիկոլի արժանիքները՝ աշխատասիրություն, տաղանդ եւ այլն, չէին մոռանում նշել նաեւ այն փաստը, որ Նիկոլը երազում տեսնելով Թումանյանին, մի նոր ոգեշնչում եւ ոգեւորություն է ապրել։ Ինքը՝ Նիկոլ Աղաբաբյանը, համեստորեն շնորհակալ եղավ ներկաներից՝ մաղթանքների ու շնորհավորանքների համար, բայց չմոռացավ իր շնորհակալությունը հայտնել նաեւ մեծն Թումանյանին ու ավելացնել. «Թումանյանի թանգարանն ինձ համար միշտ սրբավայր է եղել»։ Նիկոլն իր աշխատասիրությունը բացատրում է նկարչության յուրօրինակությամբ. «Նկարչությունն անվերջ է, որովհետեւ մարդը հավերժորեն ինքնարատահայտման պահանջ ունի, որովհետեւ մարդն առանց նկարչության կորցնում է իր զգայարանները, փակվում աշխարհի ու ինքն իր առջեւ»։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել